Հարթակը ճիշտ տեղը չէր պետական նշանակության հարցեր քննարկելու համար

Հարթակը ճիշտ տեղը չէր պետական նշանակության հարցեր քննարկելու համար
«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու **Րաֆֆի Հովհաննիսյանին** հարցրինք, թե ինչ տպավորություն է թողել իր վրա Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը։



«Ես գտնում եմ, որ «Ժառանգությունը» կողմնակից է նոր Հայաստանի այս ժամանակավոր կառավարությանը, ուզում ենք, որ շարունակենք ժողովրդավարական, հակակոռուպցիոն այս ճանապարհով, բայց ուզում ենք, որ ավելի քիչ ցուցադրական լինի եւ ավելի ըստ էության։ Համարում ենք, որ ընտրությունների հետ կապ ունեցող կուսակցական կամ ցուցակային հարթակը ճիշտ տեղը չէր պետական նշանակության հարցեր քննարկելու համար»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։



**- Վարչապետը խոսեց սեւի ու սպիտակի մասին՝ փաստացի լեգիտիմացնելով Հայկ Մարությանի հայտարարությունը, որ կա սեւի եւ սպիտակի պայքար, եւ իրենք սպիտակներն են։ Ձերը ո՞ր գույնն է։**



-Որն ուզենաք։ Ես ամբողջ ծիածանն եմ, ես համարում եմ, որ սեւ եւ սպիտակ երկընտրանքը պատկանում է ստալինյան եւ հիտլերյան ժամանակաշրջանին, միգուցե հիմա ավելի հռետորաբար է օգտագործվում, եւ անգամ հետհեղափոխական կամ այդ զարթոնքի պայմաններում կարծում եմ, որ սխալ համեմատական է սեւ-սպիտակը։ Այդ մոտեցումը, որ ով ինձ հետ չէ, իմ դեմ է, դա ո՛չ սեր է, ո՛չ համերաշխություն է, ո՛չ էլ թավշյա է։ Դրա համար կարծում եմ, թե եզրաբանական խնդիրներ կան։ Եվ եթե սա իսկապես ներկայացնում է քաղաքական մոտեցում, եւ ասվում է, որ բացառապես այս ցուցակն է կրում Հայաստանի արժեքները, ես հարգանքով համաձայն չեմ։ Ես եւս կրում եմ այդ արժեքները, ուրիշները եւս կրում են այդ արժեքները, եւ ես ինձ նման բան երբեք թույլ չէի տա։



**- Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին նման հայտարարություններ շատ են եղել, որոնք քննադատվել են ընդդիմության կողմից։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է դեմոկրատիայի առաջամարտիկի կերպարով հանդես եկող Նիկոլ Փաշինյանը նման ոճով հայտարարություններ անում, ի՞նչն է նրան ստիպում նման քայլերի գնալ։**



-Ես չեմ կարող ասել, ես գիտեմ, որ հսկա պատասխանատվություն ունի, նոր վիճակի մեջ է եւ տեսնում է ահազանգեր։ Եվ միաժամանակ ես կարծում եմ, որ այս անցումային վիճակը, համակարգը, կադրային ռեսուրսն այն չէ, որ կարողանա համակարգային, ինստիտուցիոնալ պատասխան տալ սրան։ Եվ այդ դեպքում պարոն Փաշինյանը չափից շատ իր անձի վրա է վերցնում այն գործառույթը եւ պարտականությունը, որը պետք է լինի ամբողջ պետականությանն ու ամբողջ իշխանությանը։ Եվ կարծում եմ՝ եթե սա շարունակվի, պիտի հյուծի նաեւ իրեն, եւ եթե մենք խոսում ենք գերկուսակցականացման, միակուսակցականության վտանգի մասին, ես սա ասում եմ հոգացավորեն, որովհետեւ առաջին հերթին սա բումերանգի նման խփելու է պետությանը։ Եվ մեր պետական հետագիծը նույն այդ արտահայտողները, նույն այդ կուսակցությունը, որ, ելնելով իրավիճակից, թույլ է տալիս նման մոտեցում, ինքը մի քանի ամիս կամ տարի անց պիտի բումերանգի հարվածը ստանա, եւ ես պիտի չուզենայի դա տեսնել։



**- Ի վերջո, հեղափոխության էֆեկտը ո՞րը պետք է լիներ, եթե մի կողմից ասում ենք՝ լավ է, որ հեղափոխություն եղավ, մյուս կողմից քննադատում ենք այն իրականացնողների քայլերը։ Ինչպիսի՞ն պետք է լինի Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը, որ գոհացնի ժողովրդին։**



-Գիտե՞ք, ես խորհրդատու չեմ, ես քաղաքացի եմ, որ պարբերաբար բարձրաձայնում եմ իմ տեսակետը հրապարակայնորեն։ Եվ իմ հայտնի տեսակետը, որ տեւապես բարձրաձայնել եմ, այն է, որ քանի դեռ չի արձանագրվել այս մեծ զարթոնքի հաղթանակն ընտրությունների միջոցով, պետք չէ ժամանակից շուտ կուսակցականացնել պայքարը եւ ասել, որ բացառապես իմ ցուցակն է հեղափոխություն կրողը։ Պետք է գնայինք միասնական ցուցակով, եւ հինգ տարի անց թող լիներ ավելի հավասար, հանդարտ պայմաններում միջկուսակցական պայքար, բայց այդպես չեղավ գոնե այս փուլում։



**- Դուք կգնայի՞ք իրենց հետ միասնական ցուցակով։**



-Ես եմ առաջարկել առաջինը՝ մայիսի 28-ի օրը, Սարդարապատում առաջարկեցի, արձագանք չգտավ, եւ ունենք այն, ինչ ունենք։



**- Փաշինյանի քայլերը քննադատում են նաեւ արտաքին քաղաքականության մասով։ Դուք՝ որպես նախկին արտգործնախարար, ի՞նչ կասեք՝ մենք ունե՞նք այսօր Արեւմուտքի կամ Ռուսաստանի հետ որեւէ խնդիր։**



-Ես կարծում եմ, որ ինչպես Հայաստանը եւ հայաստանցին պիտի ադապտացվի նոր վիճակին, եւ դա քայլեր է ենթադրում եւ շրջահայացություն, ոչ թե տարերայնություն, նաեւ աշխարհը պետք է վարժվի նոր Հայաստանի մոտեցմանը։ Միաժամանակ պիտի ասեմ, որ մենք պետք է աշխատենք ներքին ամրության վրա, աշխարհի հետ հաղորդակցվելու, բազմավեկտոր քաղաքականություն իրացնելու վրա եւ ոչ անպայման ցուցադրելու մեր ներքին ուժը։ Եթե մենք պետականորեն ինքնիշխան ենք, ուրեմն դա արդեն մեր պահվածքից պետք է լինի։



**- Սխալներ կամ, հակառակը՝ ճիշտ քայլեր նկատե՞լ եք արտաքին քաղաքականության հարցերում։**



-Ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ մայրուղին ճիշտ է։ Որոշ շտկումներ եղել են թե՛ Ռուսաստանի հետ կապված, որ պարոն Փաշինյանն այլ բան էր ասում որպես ընդդիմադիր, հիմա՝ մի քիչ այլ, բայց մարդը փոփոխական է, նաեւ քաղաքական գործիչը, եւ դա ընկալելի է ինձ համար։ Բայց, բոլոր դեպքերում, շատերը խոսում են ինքնիշխանության հրամայականի մասին, բայց կորցնում ենք այդ առավելությունը։ Իմ կարծիքով՝ պետք է գնալ արժանապատիվ, պետք չէ գնալ քարոզներ տալ ոչ մի ուղղությամբ, պարզապես մեր շահերը պիտի սպասարկենք։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**