Ես դեմ եմ նման ինքնալուծարումների, ինչ ա թե Պողոսը, թե Պետրոսը իր վարչապետի պաշտոնը պահի

Ես դեմ եմ նման ինքնալուծարումների, ինչ ա թե Պողոսը, թե Պետրոսը իր վարչապետի պաշտոնը պահի
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բաբլոյան-Փաշինյան հանդիպմանը, ասաց, որ իր համար այդ հանդիպումը կարևոր էր նրանով, որ ևս մեկ անգամ ցույց տվեց՝ Ազգային ժողովը ոչ թե Փաշինյանի կառավարության կցորդն է, այլ օրենսդիր իշխանության առանձին ճյուղ է։



«Եվ մենք ունենք մեր օրակարգը, ինչպես օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո եմ ասել, որևէ մեկն իրավունք չունի և թույլ չենք տա պատգամավորների և Ազգային ժողովի վրա մատ թափ տալ և փորձել իր սեփական օրակարգը թեկուզ սպառնալիքներով և շանտաժով անցկացնել»,-ասաց Շարմազանովը՝ ընդծելով, որ իրենք պատրաստ են երկխոսության։



Բաբլոյան-Փաշինյան հանդիպմանը ֆիքսվել էր հետևյալ կետը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։



Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է սահմանադրական փոփոխություն անել և սահմանել այնպես, որ ոչ թե վարչապետը հրաժարական տա, այլ խորհրդարանը ինքնալուծարվի, որ նոր գնան արտահերթ ընտրությունների։ Անդրադառնալով այս հարցին, թե արդյոք խորհրդարանը կգնա՞ Փաշինյանի առաջարկած ինքնալուծարման ճանապարհով, Շարմազանովն ասաց․ «Ես Փաշինյանի հայտարարությանը հստակ արձագանքել եմ և այնտեղ շատ խիստ քննադատել եմ,որ այն ամենը, որի համար նաև քննադատում էր նախկին իշխանություններին Փաշինյանը, որ իբրև թե մեր իշխանությունը պահելու համար սահմանադրական փոփոխոթյունների ենք գնում, ինքը հիմա գնում ա էդ ճանապարհով։ Ի՞նչ ա նշանակում՝ ինքնալուծարել խորհրդարանը։ Ես դեմ եմ նման ինքնալուծարումների, ինչ ա թե Պողոսը կլինի, թե Պետրոսը կամ Մարտիրոսը, իր վարչապետի պաշտոնը պահի»։



Շարմազանովը, սակայն, հատուկ ընդգծեց, որ սա իր կարծիքն է, և այնպես չէ, թե իր կարծիքը ՀՀԿ-ում միակ կարծիքն է, դեռ պետք է քննարկեն այս հարցը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**