«Հարսանիք թիկունքում»-ը Երևանում խաղացինք բավականին թանկ տոմսերով․ լուսանկարներ

«Հարսանիք թիկունքում»-ը Երևանում խաղացինք բավականին թանկ տոմսերով․ լուսանկարներ
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ գրանցեց: Միայն ապրիլյան քառօրյա պատերազմը նկարագրող «Հարսանիք թիկունքում» ներկայացումը շուրջ 12 հզր հանդիսատես է թատրոն տարել: Ուշագրավ է, որ թատրոնն այսուհետ նոր փորձասենյակ ունի, որտեղ, ինչպես նշեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի արտիստներն ու քաղաքի մտավորականությունը հնարավորություն կունենան մեկ տանիքի տակ կազմակերպելու իրենց հանգիստն ու իրականացնել ստեղծագործական քննարկումներ: Փորձասենյակը բավականին գեղեցիկ է, հարմարավետ:



Թե ի՞նչ միջոցներով է այն բարեկարգվել, հետաքրքրվեցինք թատրոնի տնօրենից: «Ամենը արվել է թատրոնի արտաբյուջեի միջոցներով, ի ուրախություն մեզ՝ Գյումրու դրամատիկական թատրոնը իր խաղացանկում ունի այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Հարսանիք թիկունքում»-ը եւ մյուսները, որոնք թատրոնին հնարավորություն են տալիս նման նախաձեռնություններ իրականացնել: Դա ուղիղ, անմիջական կապված է ներկայացումների պահանջարկի հետ, եւ հիմա նույն «Հարսանիք թիկունքում»-ը, որ արդեն երկրորդ անգամ է հյուրախաղերով գնալու Երևան, ես երեկ տեղեկացա, որ արդեն սեպտեմբերին կայանալիք ներկայացման տոմսերը սպառվել են: Երևանում երեք ներկայացում խաղացինք լեփ-լեցուն դահլիճում, ի դեպ ասեմ՝ բավականին թանկ տոմսերով՝2000-5000դրամով, որը հայաստանյան ներկայացումների համար թանկ է, պետական թատրոններում նման գին չկա»,- **hraparak.am**-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:



««Հարսանիք թիկունքում» ներկայացման հաջողությունն այն էր, որ ճիշտ գծագրված թատերական նախագիծ էր»,- ընդգծում է նա: «Մենք հաշվի առանք բոլոր կողմերի՝ տարիքային եւ սոցիալական խմբերի հետաքրքրությունները, եւ իհարկե ստեղծագործական խմբի պրոֆեսիոնալիզմը, որն ամենակարևորն էր, նաև այն խոշոր գումարները, որ մենք ներդրեցինք բեմադրական եւ հետարտադրական աշխատանքների համար, այս ամբողջը արդարացվեց»,- ավելացրեց նա: «Եթե քո խաղացանկում կան նման ներկայացումներ, այդ դեպքում չես ունենում ֆինանսական խնդիրներ: Գիտեք՝ ինչն է հետաքրքիր, որ Շիրակի մարզը աղքատության բարձր ցուցանիշ ունի, բայց շիրակցին միշտ ունի թատրոնի համար նախատեսած գումար, շիրակցիները աշխատավարձ կամ գումար ստանալու դեպքում կոմունալ վճարումների հետ առանձնացնում են թատրոնի տոմս գնելու գումարը»,-հիացմունքով նշում է Տիգրան Վիրաբյանը: Թատրոնի տնօրենը վկայում է, որ Գյումրիում թատրոնը նպաստում է տուրիզմի զարգացմանը:



«Թատրոնը շատ օգնում է քաղաքին՝ մշակույթային տուրիզմի զարգացման առումով: Երեկ ճշտում էինք, մի ընկերություն 50 հոգանոց կազմ է ուզում բերել Գյումրի, գան, ներկայացումը դիտեն եւ գիշերեն քաղաքում: Մեր ընկերներից մեկը կատակեց, թե վերածվել ենք տուրիստական կենտրոնի, իրականում եկողները շատ անգամ մեզանից են խորհուրդ հարցնում՝ ո՞ր հյուրանոցում մնան, որտե՞ղ շրջեն»,-կեսկատակ, կեսլուրջ ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով նոր փորձասենյակին՝ Տիգրան Վիրաբյանն ասաց. «Փորձասենյակը կար, բայց շատ անմխիթար վիճակում էր գտնվում, արձակուրդի ընթացքում մենք այն բարեկարգեցինք եւ անվանեցինք «Տանիքի տակ», քանի որ թատրոնի տանիքի տակ է, բայց անունը նաև սինվոլիկ է: Մենք գտնում ենք, որ այս տանիքը կծառայի մարզի բոլոր արվեստագետներին, ցանկացած համագործակցություն սկսվում է մեկ գավաթ սուրճի շուրջ, բոլորը կհավաքվեն այս տանիքի տակ եւ շատ հետաքրքիր ստեղծագործական մտքեր կծնվեն: Մենք նաև նախաձեռնել ենք՝ սեպտեմբեր ամսից կսկսենք ամենշաբաթյա հավաք-քննարկումներ կազմակերպել , հավաքելու ենք՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, կհրավիրենք մի շարք արվեստագետների, կբարձրաձայնենք մարզի ստեղծագործական, մշակույթային խնդիրների մասին եւ դեղատոմսեր կառաջարկենք լուծելումներ գտնելու համար»:



**Արևիկ Հակոբյան**