«Քաղաքացիական պայմանագրում» էլ դժգոհություններ ունեն

«Քաղաքացիական պայմանագրում» էլ դժգոհություններ ունեն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «տունը կռիվ է ընկել», բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո կուսակցությունում տեղի ունեցած դերաբաշխում-պաշտոնաբաշխումը զարմացրել է որոշ «ՔՊ»-ականների: Փաշինյանի նեղ օրվա ընկերները՝ կուսակցության հիմնադրման ակունքներում գտնվող մարդիկ, որոնք ժամանակին կտուրներ են բարձրացել, Վանաձորում ու Գյումրիում ընտրությունների մասնակցել, կռիվ տվել բոլորի հետ, հալածանքների ենթարկվել, այսօր հայտնվել են լուսանցքում, իսկ նորաթուխ կուսակցականները, անգամ մարդիկ, ովքեր իրենց ճիշտ չեն պահել Փաշինյանի ու «ՔՊ»-ի նկատմամբ, յուղոտ պաշտոններ են ստացել: Շատերը լռում են, քանի որ իրենց առաջնորդը վարչապետ է դարձել, եւ ակնածանքի հետ վախ էլ կա սրտներում՝ որ ով խոսի, կտուժի, բայց դժգոհությունները հասունանում են։



Հակասություններն այն աստիճան են խորացել, որ անգամ հրապարակային դաշտում «ՔՊ»-ականներից ոմանք իրենց զարմանքը չեն թաքցնում որոշ նշանակումների մասով, օրինակ՝ անհայտ կանանց փոխմարզպետներ, քաղաքապետներ կարգելու առթիվ: Այժմ էլ անհանգստություն եւ դժգոհություն կա Երեւանի քաղաքապետի ընտրությունների թեմայով, մանավանդ՝ թեկնածու կանանց մասով: Թեեւ Նիկոլ Փաշինյանը հակված է դերասան Հայկ Մարությանի թեկնածությանը, բայց «ՔՊ»-ականներն անլուրջ են համարում նրա թեկնածությունը եւ կարծում են, որ այդ պաշտոնը պետք է վստահվի ավելի արժանի մեկին: Իսկ Հայկոյին առաջադրելը կարող է մեծ թվով ձայներ կորցնելու պատճառ դառնալ։