Նիկոլ Փաշինյանը չի աշխատելու մշակույթի նախարար, սփյուռքի նախարար, Երեւանի քաղաքապետ

Նիկոլ Փաշինյանը չի աշխատելու մշակույթի նախարար, սփյուռքի նախարար, Երեւանի քաղաքապետ
ԲՀԿ գլխավոր քարտուղար, ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իրեն պրագմատիկ մարդ է համարում եւ կարծում է, որ մեր երկրում իսկապես շատ բան է փոխվել, եւ ուզում է հուսալ, որ ընտրություններին չեն լինելու վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք։ Զոհրաբյանն այսպես պատասխանեց, երբ հարցրինք՝ հնարավո՞ր է, որ արտահերթ ընտրություններից առաջ առճակատում առաջանա իրենց եւ Նիկոլ Փաշինյանի թիմի միջեւ։ Այնուհետեւ Զոհրաբյանն անդրադարձավ «այն ատելության մթնոլորտին, որ քարոզարշավի ժամանակ կար», եւ իրեն սարսափեցնում է այն ագրեսիան, որ ինքը սոցիալական ցանցում տեսնում է։



«Սա կործանարար ագրեսիա է, սա կործանարար ատելություն է՝ հիմնահատակ ոչնչացնել նրան, ում կարծիքի հետ դու համաձայն չես»,- ասաց Զոհրաբյանը։



**- Բայց այդ ագրեսիայի եւ ատելության հետեւում նաեւ ԲՀԿ-ի ստեղծած ֆեյքերն են։**



-Ես չեմ կարծում, որ էդպես է։ Ես կոչ եմ անելու՝ որպես պատգամավոր, եթե մենք խոսում ենք սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության մասին, ինձ համար անհասկանալի է էս սոցիալական դաշտերում էս մարդաբոյը։ Եվ ես շատ եմ ուզում, որ մենք էնպիսի ընտրություն անցկացնենք, որ գոնե մի անգամ պարտվողն արժանապատիվ սեղմի հաղթողի ձեռքը։ Նման բան չի եղել մեր երկրում ոչ մի անգամ, որովհետեւ ամեն անգամ ցանկացած ընտրության վրա եղել է ոչ լեգիտիմության հարցականը։



**- Դուք պատրա՞ստ եք այդ պարտությանը։**



-Եթե ժողովուրդը մեզ չտա վստահության քվե, էն քվեն, որը մենք ակնկալում ենք, ես՝ որպես Նաիրա Զոհրաբյան, վստահ լինեմ, որ ընտրությունները եղել են արդար, ես պատրաստ եմ արդար ընտրության արդյունքում սեղմել հաղթողի ձեռքը, էն հաղթողի, որին վստահության քվե տվել է էն ժողովուրդը, որին ես սիրում եմ։



**- Դուք որեւէ կասկած ունե՞ք, որ կարող են արդար չանցնել ընտրությունները որեւէ ուժի կողմից։**



-Գիտե՞ք, որեւէ բան բացառել մենք չենք կարող։ Ես հավատում եմ էն խոսքին, որ մեր երկրում այլեւս չի լինելու վարչական դիկտատ ընտրական պրոցեսներում։ Մենք դեռ հեղափոխության պրոցեսի մեջ ենք, եւ ամենակարեւոր հարցվածը պիտի լինի մաքուր արտահերթ ընտրությունները։



**- Ձեր կարծիքով՝ դրա՞ն են միտված նաեւ «Բարեգործության մասին» օրենքում խստացումներն ու սահմանափակումները, որպեսզի դա որպես քողարկված ընտրակաշառք չփորձեն բանեցնել։**



-Եթե մենք կողմ ենք քվեարկել օրենքին, նշանակում է՝ էն խաղի կանոնը, որ փորձում է հաստատվել, մեզ համար միանշանակ ընդունելի է։ ԲՀԿ-ն գնում է ազատ եւ արդար ընտրության։



**- Ձեր կանխատեսումն ինչպիսի՞ն է։ Այսօր, ասում են, Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը պիկին է հասել, թեպետ հնարավոր է ժամանակի ընթացքում իջնի**։



-Մենք մեր մարտավարությունը չենք կառուցում նրա վրա, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը բարձր է, հետո կարող է իջնել։ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում ունի իր ուրույն տեղը։ Ես շատ գնահատում եմ Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված բոլոր ազնիվ գործիչներին, երիտասարդներին, ովքեր այսօր կառավարությունում ստանձնել են պատասխանատվություն՝ շատ դեպքերում ունենալով վերապահումներ որոշների պրոֆեսիոնալիզմի հանդեպ։ Բայց մենք հասկանանք նաեւ, որ այսօր կա միայն Նիկոլ Փաշինյան, եւ՝ այո, այդ հեղինակությունը կարող է դոմինոյի էֆեկտով ազդել նաեւ, օրինակ, քաղաքապետի պոտենցիալ էն թեկնածուի վրա, որը, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի էֆեկտը, կստանար մինուս անսահմանություն ձայն։ Եվ ես կոչ եմ անում նաեւ, որ մեր հայրենակիցները հասկանան, որ մենք ընտրելու ենք նաեւ քաղաքապետ, Երեւանի ավագանի, եւ էստեղ շատ կարեւոր է նաեւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի էֆեկտը, այլ նաեւ շատ կարեւոր է լինելու՝ էդ մարդը կարողանալո՞ւ է աշխատել Երեւանի քաղաքապետ, թե՞ չէ։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի աշխատելու մշակույթի նախարար, սփյուռքի նախարար, Երեւանի քաղաքապետ…



**- Հիմա հնարավո՞ր է ընտրություններին ընդառաջ բախում առաջանա «Նիկոլ Փաշինյանի էֆեկտի» եւ «Գագիկ Ծառուկյանի բարեգործության էֆեկտի» միջեւ։**



-Մենք ամեն ինչ անելու ենք, որ նման ընդհարում, նման բախում չլինի։ Մի բան էլ ասեմ, որ երեւի առաջին անգամ Ձեզ եմ ասում։ Մենք հիմա մեր փորձագետների եւ քաղաքական թիմի հետ աշխատում ենք ընտրական քարոզարշավի նոր մոդելի վրա, որը բացարձակապես տարբերվելու է նախորդ բոլոր մոդելներից, որը լինելու է իսկապես բարության, արդարության… մենք էդ մեսիջներով ենք գնալու, մենք գնալու ենք խաղաղության մեսիջով։ Մենք ասելու ենք՝ եկեք անգամ ընտրական պրոցեսում իրար օգնենք, դառնանք համախոհներ։ Ես չեմ թաքցնում, ես հիմա ինքս խորհրդակցում եմ նաեւ արտերկրից էսօր էստեղ իմ հրավերով եկած տարբեր PR կամպանիաների մասնագետների հետ, որոնց ես մեկ ձեւակերպում եմ տվել՝ տվեք բարության, ազնվության, արդարության քարոզարշավի էն մոդելը, որտեղ չի լինելու առճակատում, որտեղ չեն լինելու սոցցանցերում տարբեր կեղտոտ ֆեյքերով տարվող՝ գոտկատեղից ներքեւ կեղտոտ, անմարդկային հարվածներ, որովհետեւ դա կփչացնի հեղափոխության արժեքը։



**- Ծառուկյանի թիկնապահ Էդուարդ Բաբայանի ձերբակալության տակ որեւէ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք։**



-Ոչ, ես ինքս՝ որպես Նաիրա Զոհրաբյան քաղաքացի, վստահեցնում եմ եւ ուզում եմ վստահ լինել, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա եւ չպիտի լինի։ Ես հավատում եմ, որ բոլոր խնդիրները լուծվելու են բացառապես իրավական դաշտում։ Ես շատ հասկանում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր, լրատվական կենտրոններ փորձում են հակասության տանել Գագիկ Ծառուկյանին ու Նիկոլ Փաշինյանին, փորձում են հակասություն ստեղծել ԲՀԿ-ի եւ «ՔՊ»-ի միջեւ։ Մենք չենք գնալու որեւէ կոնֆրոնտացիայի։



**- Տեսակետ կա, որ ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը կարող է իր իրավական զենքերը՝ ի դեմս ԱԱԾ-ի ստուգումների, որպես մահակ օգտագործել մրցակիցների դեմ, որոնցից մեկը դուք եք։**



-Ես չեմ կարծում, որ էս հեղափոխությունն արվել է նրա համար, որպեսզի որեւէ քաղաքական ուժ գնա քաղաքական դաշտի նոր մոնոպոլիզացիայի։ Ես սա բացարձակ անիրատեսական եմ համարում։ Եվ ինչ որ Դուք հիմա ասում եք, ես հասկանում եմ, որ քաղաքական ինչ-ինչ շրջանակների վերլուծության տիրույթում ունի իրավունք գոյություն ունենալու, բայց ես չեմ հավատում, որ այս ամենն արվել է նրա համար, որ ընտրական պրոցեսում որեւէ քաղաքական ուժ որոշի նորից դառնալ քաղաքական մոնոպոլիստ։ Եթե նման բան լինի, նշանակում է այս լուսավոր հեղափոխության վերջակետը կդրվի։ Ես դրան չեմ հավատում։