Մանրապճեղ կսմիթներ

Մանրապճեղ կսմիթներ
Այս «ծանր» օրերին, երբ հասարակությունը տարված է «նորահայտ» քաջագործությունների վեր­լուծություններով, որոշեցի դրանց թողած տպավորությունները «թեթևացնելու» հոգս ստանձնել՝ մարդ­կանց ուշադրությունը սևեռելով մանր-մունր երևույթների վրա: Դրանք, իհարկե «քաղաքական» չեն և վճռորոշ նշանակություն չունեն լրջագույն գործընթացների համար, բայց կարելի է աչքի տակով անց­կացնել՝ հոգեխաթար մթնոլորտում խճճվելու վտանգից փրկվելով:



***



Մշակույթի նորաթուխ նախարարի առաջին թևավոր ասույթը՝ «Մշակույթն իմ մեջ է», մինչ օրս ինձ շատ է անհանգստացնում: Աղջիկ ջան, _մեջդ_ գցելու, միայնակ տանջվելու փոխարեն, ճի՞շտ չէր լինի դրսում՝ աչքիդ առաջ պահեիր, որ հիմա կարողանաս փոփոխություններ կատարել:



***



Բնապահպանները նկատել և ահազանգում են, որ արդեն մի քանի տարի է, ինչ մեր հանրապե-տությունում սևահողը պակասում է: Միաժամանակ տեղեկություններ են ստացվել, որ Կասպից ծովի՝ Ադրբեջանի առափնյա հատվածներում հողակուտակումներ են առաջացել: Փորձաքննությունը պարզել ու հաստատել է հայկականի և թուրքականի «գենետիկ» նմանությունը: Տագնապ հնչեցնողները, վերջապես, հայտնաբերել են տարօրինակ այս երևույթի պատճառները: Շարժվելով «գաղտնիքի» բա-ցահայտման հետքերով, նրանք հայտնվել են, որքան էլ ապշեցուցիչ հնչի, «Երևան սիթի» գերխանու-թում... և ամեն ինչ հստակեցրել: Պարզվել է, որ երկարակեցությունն ապահովելու նպատակով այստեղ կարտոֆիլը մշտապես ընդունվում է հողակոլոլ, և գնորդները նույն վիճակով այն տանում են տուն: Լվանալիս այդ կարևոր սննդամթերքն ամուր գրկած նեգրաշերտը ջրի հետ իջնում, հոսում ու... հասնում է Ադրբեջան՝ կուտակվում: Այսպիսով, Հայաստանի մայր հողը, մատերիայի գլխավոր օրենքի համաձայն, տեղափոխվելիս չի կորցնում բնական հատկությունը, պարզապես վերածվում է կուտակային ֆոնդի՝ դադրում առնելով մեր ոխերիմ բարեկամի լայնարձակ ծովափերին: Իսկ դուք ասում եք:



***



«Երևան սիթիները» մայրաքաղաքում ամենահայտնի և խոշոր առևտրական կենտրոններն են, որոնք աչքի են ընկնում ոչ միայն շենքային մեծությամբ, ներքին ձևավորմամբ, ապրանքատեսակի ճո-խությամբ և սպասարկման հարմարավետությամբ, այլև մի փոքր... մանրուքով, որը կարելի է նշել որ-պես յուրահատկություն: Դրանցում ոչ մի «կոպեկ» քոռուփուչ չի արվում, անգամ մեկ լուման հենց այնպես չի կորչում: Ապրանքներով բարձված սայլակները կշեռքներին մոտեցնելիս՝ քաշերը ճշգրտելու նպատակով, «բախվում» եք առանձնացված ցուցադրանքին, որում ի մի են բերված հոգնած սմբուկն ու դդմիկը, կոշտուկացից կարտոֆիլն ու նվաղած կանաչեղենը, դալուկ այտերով ծիրանը և թթված կիսաերեսով տանձն ու խնձորը, ծերացած վարունգն ու տրաքած լոլիկը: Ցուցադարակի վերևում էլ աչքի է զարնում քնքուշ գրառումը՝ «Կես գին», որը կանչում, հրապուրում է... հասկանալի է, թե ում: Աղբանոց նետվելու պատրաստ այս ապրանքատեսակները վերջին դիմադրությունն են ցուցաբերում՝ հուսալով «զարդարել» կիսաքաղց գնորդի աղքատիկ սեղանը: Մի աննշան հաշվարկ կատարելու դեպքում կպարզվի, որ դրանք ամենևին էլ կես գնով չեն գնում հյուրընկալության: Ամենամուրացիկն անգամ, համոզված եմ, կիսահոտած խնձորի ոչ պիտանի մասը չի ըմբոշխնի, կկտրի ու դեն կնետի: Ստացվեց, որ կես գնով գնվում է... կես խնձոր: Ո՞նց ա:



***



Այն ցնցող օրերին, երբ թմբուկ էր զարկվում ու ճամփաներ պատնեշվում, Մոսկովյան փողոցի մի բանուկ հատված փակել էին... ասֆալտապատողները: Նրանք հին ծածկոցը մի օր մաշկեցին, մի օր կոշտապատեցին, մի օր էլ՝ նրբերեսը քաշեցին: Հարևան շենքերի բնակիչները խոր շունչ քաշեցին՝ թարմ սևությունից փայլող փողոցի դեմքը տեսնելով: Ոչ մի անհարթություն, ոչ մի բիծ, խազ անգամ չէր նկատվում տափակությունից հրճվող ուղու վրա: Գիշերը քնեցին, արթնացան... Թող անցորդների թշնամին նույնիսկ նման բան չտեսնի: Ուղղակի հրաշք էր կատարվել: «Նորասափր» ճանապարհի այտերին կրկին կարմիր բծեր, չէ, գծեր էին հայտնվել՝ ճիշտ և ճիշտ նույն տեղերում, ինչպես նախկինում՝ ավելի կարմրատակած, ավելի պայծառ...



Բազմաթիվ վեճերից հետո, գիտակներից մեկը շատ պարզ բացատրեց. երբ հին ասֆալտը քերվում է, գունավորումների հետ տարվում, աղացվում է, ապա՝ շաղախվում է թարմ ձյութով, ինչը նպաստում է, որ քերվածքից ոչինչ չանհետանա: Եվ երբ այն վերադարձվում է և փռվում, անգամ գլդոնի ծանրությունը չի խոչընդոտում, որ ամեն ինչ կրկին իր տեղն ընկնի: Այնպես որ, տարօրինակ ոչինչ չկա, որ կարմիր գծերն ինքնուրույն ծլել են իրենց նախկին հանգրվանում:





**ՆԵՐՍԵՍ ԿՈՍՏԱՆՅԱՆ**



**Լոռի, ք. Վանաձոր**