Իլհամ Ալիևը խուսափու՞մ է Նիկոլ Փաշինյանից

Իլհամ Ալիևը խուսափու՞մ է Նիկոլ Փաշինյանից
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման առիթով կազմակերպված ընդունելությանը ՌԴ նախագահ Պուտինը ծանոթացրել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին: Այլ մանրամասնություններ այդ առթիվ չկան, բացառությամբ, որ Պուտինի մամուլի խոսնակն ասել է, թե վաղ է խոսել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպման մասին:



Գրեթե միաժամանակ տարածվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ ակնարկ կա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու մասին: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, սակայն, ասել է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման պայմանավորվածություն չկա: Դա, իհարկե, չի նշանակում, թե պայմանավորվածությունն ընդհանրապես բացառվում է:



Այս համատեքստում ուշագրավ մեկնաբանություններ է անում ադրբեջանական մամուլը: Մասնավորապես, քաղաքական տեխնոլոգիաների ադրբեջանական կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման գլխավոր թեման լինելու է բանակցությունների կարգավիճակի հարցը: Այլ կերպ ասած, ըստ ադրբեջանցի քաղաքագետի, արտգործնախարարները քննարկելու են այն հարցը, թե ով է բանակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի անունից: Այս դիտարկումը կարեւորվում է Մոսկվայում Փաշինյան-Ալիեւի արարողակարգային ծանոթության մասին տեղեկատվության ֆոնին:



Այն իմաստով, որ Ահմեդօղլուն վարկած է առաջադրում, որ Իլհամ Ալիեւը կարող է բանակցելու մանդատը փոխանցել վարչապետ Նովրուզ Մամեդովին: Վերջինս տեւական ժամանակ Ալիեւի աշխատակազմում զբաղեցրել է արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետի, նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնականի պաշտոնը, մի շարք անգամ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներին ներկա է գտնվել եւ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին իրազեկ մարդկանցից մեկն է Ադրբեջանում: Բայց Ահմեդօղլուի առաջադրած վարկածը, հնարավոր է, այլ ենթատեքստ ունի:



Բացառված չէ, որ կարգավորման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի մի քանի սկզբունքային հայտարարություններն անակնկալի են բերել Ալիեւին, եւ նա պարզապես խուսափում է Հայաստանի վարչապետի հետ դեմ առ դեմ բանակցություններից ու պատրաստվում է այդ բեռը թողնել վարչապետ Նովրուզ Մամեդովի ուսերին: Ամբողջ խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանը կհամաձայնի՞ նման ձեւաչափով բակացությունների: Տրամաբանական է թվում, որ եթե Ադրբեջանը բանակցողի մանդատ տա վարչապետ Մամեդովին, ապա Հայաստանը պետք է պնդի, որ նրա վիզավին կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղի նախագահը: Դա կլինի հավասարների եւ միանգամայն արդարացված բանակցային ձեւաչափ:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**