Նա չպիտի գնդակահարվի, այլ ողջ-առողջ քայլի Էջմիածնի փողոցներով

Նա չպիտի գնդակահարվի, այլ ողջ-առողջ քայլի Էջմիածնի փողոցներով
Էջմիածնի ավագանին նախօրեին միաձայն կողմ է քվեարկել քաղաքապետ Կարեն Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն, եւ, ըստ օրենքի պահանջի, առաջիկայում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն: Կարեն Գրիգորյանը պաշտոնավարում էր 2008-ից, երկու անգամ անընդմեջ վերընտրվել է: 2016-ի ՏԻՄ ընտրությունների նախօրեին էլ, հիշեցնենք, նրա մասնակցությամբ ծեծկռտուք տեղի ունեցավ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեցին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանը, ով Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին է:



Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումից հետո, ինչպես նշում են տեղի մեր աղբյուրները, ցնծություն է. մարդիկ չեն թաքցնում իրենց հրճվանքը, միմյանց շնորհավորում են «մանվելիզմից յախաներն ազատելու» համար, միաժամանակ զարհուրում ու ամոթանք են տալիս Էջմիածնի «գլխավոր դեւին»։



Մենք զրուցեցինք Էջմիածնի 2002-2005 թթ. քաղաքապետ **Հրաչիկ Աբգարյանի** հետ՝ պարզելու, թե մտադի՞ր է արդյոք կրկին առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, քաղաքապետի հավանական թեկնածուների անուններ շրջանառվո՞ւմ են: «Առայժմ դեռ չեմ մտածում ընտրությունների մասին, հիմա էդ թեման քննարկելուն տրամադրված չեմ: Համենայնդեպս, եթե նորմալ մարդիկ առաջադրվեն, ես, հաստատ, չեմ առաջադրվի: Շրջանառվում է մի քանի անուն, մի երկու հոգի կողքից անկապ ասում են, որ առաջադրվելու են, բայց գիտեն, որ հնարավոր չէ, որ ընտրվեն: Մարդիկ են, ովքեր իրենց համար ծպտված ապրել են, հիմա ինչ-որ ակտիվացել են: Կանկրետնի մեկը, ով հարգանք ու հեղինակություն ունենա որպես հավակնորդ, դեռ չի երեւում: Եկող մեկ-երկու շաբաթվա մեջ ես Ձեզ կհայտնեմ առաջադրվելու իմ մտադրության մասին»:



**- Պարոն Աբգարյան, իսկ Էջմիածնում այս օրերին ի՞նչ իրավիճակ է, հունիսի 14-ին, երբ հանրահավաք էր Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով, պատկերացնո՞ւմ էիք, որ օրեր հետո քաղաքապետը ստիպված կլինի հրաժարական տալ, այն էլ՝ այսպիսի սկանդալից հետո:**



Ոչ, հույս չկար, բայց մարդիկ արդեն իսկ հույսով են լցված: Ես աշակերտներ ունեմ՝ մի 50 հոգի (Աբգարյանը «Վաղարշապատ» մարզական ակումբի հիմնադիրն է), ովքեր վերադարձել են, մտածում են Էջմիածնում գործ դնեն, բիզնես սկսեն։ Ամեն դեպքում՝ Էջմիածնի համար սա բացառիկ երեւույթ էր, որ տեղի ունեցավ: Մենք մտածում էինք, որ նման բան մենք շատ ուշ կտեսնենք կամ էլ չենք տեսնի ընդհանրապես, բայց, փառք Աստծո, տեսանք, ապրի մեր վարչապետը:



**- Որպես նախկին քաղաքապետ, էջմիածնեցի՝ Դուք ի՞նչ գնահատական կտաք Մանվել Գրիգորյանի արարքին:**



Այսպես արձագանքեմ՝ գնդակահարությունը նրա համար մեծ պատիվ կլինի, ուղղակի փրկություն, ինքը պիտի տանջվի ճիշտ այնպես, ինչպես տանջել է լիքը մարդկանց, ինքը պիտի անցնի այն ամենի միջով, ինչով ստիպել է այսքան տարի անցնել շատերին: Նա պիտի ողջ-առողջ լինի, քայլի Էջմիածնի փողոցներով, շփվի մարդկանց հետ… Ես տասնյակ մարդիկ գիտեմ, որոնց ինքն անտանելի վիրավորանքներ է տվել, եւ այդ մարդիկ ուզում են փոխադարձ պատասխանը տալ: Սա լավագույն պատիժը կլինի, թե չէ՝ գնդակահարվելը մեծ երջանկություն կլինի, կամ էլ գնա-մտնի մի տեղ ու մարդկանց աչքին չերեւա: Եթե ինքը չստանա իր արարքների պատասխանները, ապա իր ընտանիքի անդամներն են դա ստանալու, ցավոք սրտի:



**- Դուք էլ Գրիգորյանից տուժածներից եք, տարիներ առաջ Ձեր նկատմամբ բռնություն է կիրառվել՝ մեքենան «սխալ» տեղ կայանելու համար:**



Դրա համար եմ ասում՝ թող Աստված իրեն առողջություն տա, սրտանց եմ ցանկանում, քանի որ ես իր հետ գործ ունեմ: Ինքն ինձ բրթել ա, հրել ա, իրա ախրաննիկներն իրենից լավ տղերք էին… էլ չծավալվեմ: Ես սպորտսմեն տղա եմ, սովոր եմ պատասխանը միշտ համարժեք պատասխանով տալ:



**- Իսկ Դուք, լինելով արցախյան պատերազմի մասնակից, կպատկերացնեի՞ք, որ «Արցախի հերոս» գեներալի կոչումով մարդը կմեղադրվի «Զինվորի բաժինը» յուրացնելու մեջ, ապօրինի զենք-զինամթերք պահելը դեռ ինչ-որ տեղ հնարավոր էր պատկերացնել…**



Ցավոք սրտի, այդ մասին տեղյակ էին բոլորը, ուղղակի առիթ չկար այդ մասին բարձրաձայնելու: Վարչապետը տղավարի քայլ արեց, ու բացահայտվեց էս խայտառակությունը, եւ ես դրա համար գլուխ եմ խոնարհում իր առաջ: Կրկնում եմ՝ մարդիկ էս մասին գիտեին շա՜տ շուտվանից, որ իր պահեստներում Ղարաբաղից բերած ամեն ինչ կար լցրած: Ուտելիքները՝ դրանք մանր-մունր բաներ են, նա Ռուսաստանի բոլոր բարերարների օգնություններն ա թալանել: Էդ ամենը շատ հին պատմություն ա: Լինելով արցախյան պատերազմի մասնակից՝ ես էլ ջոկատ ունեի (եղել է Էջմիածնի շրջանի երկրապահ ջոկատի «Արագած» ջոկի հրամանատարը), էստեղից տրիկոտաժ, մակարոն եւ այլ ապրանքներ տանում էին Ղարաբաղ, իրենք էնտեղից լիքը գռուզավիկներով հետ էին բերում: Դրա մասին բոլորը գիտեն, դա նորություն չի, որի մասին երեկ իմացան:



**- Երբ ասում եք՝ բոլորը գիտեին, նկատի ունեք նաեւ երկրի ղեկավարությա՞նը, նախկին նախագահի՞ն:**



Նա չէր կարող չիմանալ, անպայման: Ախր բոլորը գիտեին, իր ընտանիքի անդամներից բռնած՝ բոլորը: Կարելի՞ է մի բան ասեմ. ես ջահել ժամանակ վրիպում եմ թույլ տվել՝ ծխում էի, իրենք ասում էին՝ Հրաչ ախպեր, մի հատ ծուխ տուր, մենք էլ ծխենք, իրենք «Քեմլ»-ի անունը չգիտեին… Մարդիկ, ովքեր ոչինչ չունեին, մի քանի տարում հարստացան: Մարդը, որը 40-45 տարեկանում միշտ աբիժնիկի կարգավիճակում է եղել, միշտ քաշված, ոչ մի բան չի ունեցել, բնականաբար, պիտի թալաներ, եթե ամբողջ կյանքներն էլ թալանեին, չէին կշտանա: Հավատացեք, ես չեմ ուզում մարդկանց հետեւից խոսեմ, բայց մարդը կարգավիճակ ունի՝ աբիժնիկ։ Եթե անգամ իր տղան էլ թազա կոշիկ հագներ, ու ինքը տեսներ դա, նա ամեն բան պետք է աներ, որ նեղացներ, պատժեր: Ինքը միշտ ամեն ինչից խռոված էր, միշտ դժգոհ: Նա ամեն ինչ արել է, որ իր տղաներին տանի իր հետեւից, փոխանակ հեռու պահեր, չխառներ: Ու, ցավոք սրտի, իրենք էլ պիտի պատասխան տան ամեն ինչի համար, քանի որ էսօր ամենակարեւոր հարցն ա մեջտեղ եկել՝ պատվի, նամուսի խնդիրը։ Կամաց-կամաց լիքը բաներ են բացվելու, մարդիկ, ովքեր լուռ էին, խեղդված, ակտիվացել են, պատասխան պիտի տան դրանց… Նա՝ Մանվելը, գիտեք երեւի, որ նստել ա, թե էնտեղ իրեն ինչ են արել, կամ ինքն ինչ ա արել՝ չեմ կարող ասել… Եթե դուք հետ գնաք նայեք, թե ինքը մինչեւ արցախյան պատերազմը որտեղ էր, ինչի համար է դատվել, ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա:



**- Ինչի՞ համար է դատվել:**



Իրավունք չունեմ ասելու…



**ՀԳ**. Ըստ որոշ տեղեկությունների՝ Գրիգորյանը ժամանակին դատապարտվել է անազատության չորս եւ վեց տարի ժամկետներով: Առաջին դատվածությունը եղել է պետական միջոցները հափշտակելու եւ կողոպուտի համար, իսկ երկրորդը՝ ընկերոջը դանակահարելու: Երկրորդ անգամ պատժի կրումից, ըստ լուրերի, խուսափել է՝ մեկնելով Արցախ՝ մասնակցելու պատերազմին:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**