Ես ինձ չեմ տեսնում Ազգային ժողովում, ես ավելի ազատ մարդ եմ․ Կարո Եղնուկյան (տեսանյութ)

Ես ինձ չեմ տեսնում Ազգային ժողովում, ես ավելի ազատ մարդ եմ․ Կարո Եղնուկյան (տեսանյութ)
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կարծում է, որ եթե չլիներ «Սասնա ծռերի» ապստամբությունը, ապա թավշյա հեղափոխությունը տեղի չէր ունենա․ «Ես վստահ եմ, որ այս թավշյա հեղափոխությունը հաջողություն չէր ունենա, որովհետեւ միշտ ցույց ես տալիս, եթե այսպես չանես, ապա այսպես կարող է լինել, դա կարեւոր է; Ինքնասիրություն ունեցող մարդը, չի կարող անընդհատ հանդուրժի, ծեծ ուտի, մարդկային բնավորություն դեմ գնացող բան է»,-մեզ հետ զրույցում նշեց Եղնուկյանը։



Հարցին՝ Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, նշել էր, որ «Հիմնադիր խորհրդարանը» մասնակցելու է արտահերթ ընտրություններին, տեսնո՞ւմ է ինքը ՀԽ-ին խորհրդարանում եւ իրեն պատգամավորի կարգավիճակում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Թյուր կարծիք կա, որ «Հիմանդիր խորհրդարանը» չի ուզում մասնակցել ընտրություններին երբեւեէ, բայց ՀԽ-ն ասել է, որ Սերժ Սարգսյանի օրոք արդար, թափանցիկ ընտրություններ չեն կարող լինել։ Հիմա այդ խոչընդոտը չկա, Սերժ Սարգսյանի օրոք դա անհնար է, եւ դա ապացուցվել է անցած տարի ապրիլի խորհրդարանական ընտրություններին։ Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է։ «Հիմանդիր խորհրդարանը» կփոխվի կուսակցության թե՝ չէ, ես դա չեմ կարող ասել, ես էլ եմ գտնում, որ դա բնական պրոցես է, բայց մի քիչ շուտ է այս օրերին հստակ ասել, քանի որ ղեկավարությունը կա՛մ ձերբակալված էր, կա՛մ ընդհատակում էր։ Ինչ վերաբերվում է ինձ, ասեմ, որ ես ինձ չեմ տեսնում Ազգային ժողովում, ես ավելի ազատ մարդ եմ, չեմ սիրում կաշկանդվել»։



Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ․ նա դատարանի որոշումով 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**