Որտե՞ղ է Մերուժանը ծախսել 45 միլիոնը․․․

Որտե՞ղ է Մերուժանը ծախսել 45 միլիոնը․․․
Գաղտնիք չէ՝ նախկին իշխանության օրոք որոշ մտավորականներ հանրության կողմից շատ են քննադատվել, որ իշխանության հետ սերտաճել են։ Նման պարագայում բոլորովին զարմանալի չէ կրթության նորանշանակ նախարարի հայտարարությունը՝ Մերուժան Տեր Գուլանյանի «Անդին» ամսագրին հատկացվել է 45 միլիոն դրամ․



«ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Մերուժան Տեր-Գուլանյանի ամսագրի համար 45 միլիոն դրամ գումար ունեցել է, սակայն Փյունիկի դպրոցի համար՝ ոչ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նորանշանակ նախարարը։



Բան չունեմ ասելու, երբ իշխանության կողմից հովանավորվում է մշակութային ամսագիրը, բայց երբ հովանավորվում է այդ ամսագիրը, որպեսզի հեղինակը դրանով գործիք դառնա հանրության դեմ, դա է վտանգավորը։ Մերուժան Տեր Գուլանյանը կարող է բավականին գեղեցիկ փաթեթավորումներով, բազմագույն ժապավեններով ու բառախաղային ալիքավորմամբ ներկայացնել, որ դա ոչ թե նորմալ է, այլ քիչ է արվել նման ամսագրի համար, ինչպես և անում է․



«Այս տարի 70 տարեկան եմ դառնում եւ իմ ամբողջ գիտակցական կյանքը եղել է ծառայություն մեր ազգին եւ մեր պետությանը: Ես «Գարուն» ամսագրի խմբագիրն եմ եղել, ամսագիր, որը գրեթե բոլոր հայ ընտանքիներն էր մտնում, ես հրատարակել եմ «ԱՐ» շաբաթաթերթը․․․ **»։**



Այլ հարց է զարմացնում․ ինչու՞ են ֆինանսավորվել այն մշակույթի գործիչները, ովքեր «տարիներ շարունակ ծեփ են լցրել այն մարդկանց բերանը, ովքեր փորձել են գոնե մի բառով իշխանությանը ասել՝ «տեղդ ծուխ է, վեր կաց այն կողմ նստիր»։ Ինչու՞ են ֆինանսավորվել այն մարդիկ, ովքեր դեմ են եղել ժողովրդին, չեն արտահայտել նրա խոսքը։ Դա վերաբերվում է բոլոր եկող- գնացող իշխանություններին։



Այո, ընդունում եմ, Մերուժանը ճոխ խոսք ունի», բայց ինչու՞ այդ խոսքը զենքի նման ուղղվեց ժողովրդի դեմ։ Հատուկենտ մարդիկ էին, ովքեր խոսում էին մերուժանների դեմ․ լռում էին։



Չընտրենք նույն ճանապարհը՝ խոսել ինչ որ բանի դիմաց՝ փողի, պաշտոնի, դիրքի․․․



Դա պետք է վերացվի, որը քաղցկեղի պես արմատավորվել է և շատերը միշտ իշխանահաճո բաներ են ասել, ասում, կարևոր չէ՝ ով եղել է իշխանություն։



Մերուժանի խոսքերն են․



«Այնուամենայնիվ, երիտասարդությունը լավ բան է: Երբեմն նայում եմ ինչ - որ երիտասարդի ու մտածում՝ ինչ լավ է, որ կարող է անձրևի տակ ման գալ, մի բան , որ շատ եմ սիրել: Հիմա չեմ կարող, կհիվանդանամ»:



Այսօր նույն երիտասարդությունն ասում է, որ դուք 45 միլիոնը օգտագործել եք, որպեսզի լռեցնեք կյանքը, անձրևը, զարգացումը․․․ Հարցը 45 միլիոնը չէ, մի սևեռվեք միլիոնների վրա, այլ հիշեք ձեր խոսքերը, թե ինչպես էիք իրենց ասում․



«Գնացե՛ք տուն, երեխեք ջան, մեղք եք: Մեղք եք, ոստիկաններն էլ են մեղք, դուք էլ եք մեղք այս շոգին, գնացե՛ք տուն»։



Ահա թե որտեղ է ծախսել այդ 45 միլիոնը։ Եվ ոչ միայն նա։ Բոլոր այն մտավորականները, ովքեր ծանր պահին «ժողովրդի մատից մի փուշ չեն հանել» ու ավելի ազնիվ չեն Մերուժանից, որովհետև գոնե Մերուժանը մի տիրոջ է ծառայում ու ստեղծել է մշակութային արժեք։



Հասմիկ Բաբաջանյան