Վարչապետի հայտարարությունը աժիոտաժ է առաջացրել մաքսայինում

Վարչապետի հայտարարությունը աժիոտաժ է առաջացրել մաքսայինում
Նիկոլ Փաշինյանի՝ «լայվով» ու լավով արած հայտարարությունից հետո, թե մաքսային ձեւակերպումները պետք է արագացնել, եւ ով ինչ ուզում է, պիտի անարգել ներկրի, մի իսկական իրարանցում ու խառնաշփոթ է առաջացրել մաքսային համակարգում։ Մենք տեղեկացանք, որ այս օրերին մարդիկ վարչապետի «օն լայն» տված «դաբրոյով» սկսել են ճնշել մաքսավորներին, թե «Նիկոլն ասել ա՝ ինչ ուզում ենք, պիտի ներկրենք», ու պահանջում են արագ ձեւակերպել իրենց ապրանքները։



Ու սա խնդիր է հարուցել ՊԵԿ-ում։ Մաքսավորները դժգոհում են, որ մարդ կա՝ աղմկելով, մարդ կա՝ տեսախցիկով սպառնալով, գալիս ու պարտադրում է իր քմահաճույքները։ Օրինակ՝ եղել է դեպք, երբ սահմանված նորմայից ավելի, առանց մաքսազերծման ապրանք են ցանկացել անցկացնել՝ դարձյալ հիշատակելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Կամ, օրինակ, ակնհայտ թանկարժեք ապրանքը, որը պետք է մաքսազերծվի հսկիչ գնով եւ բարձր արժեքով, պարտադրել են մաքսազերծել իրենց գրած նկատելի ցածր ինվոյսային արժեքով՝ կրկին ապավինելով վարչապետի խոսքերին։ Ոմանց դեպքում իրավիճակն այնքան է թեժացել, որ անգամ հասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին, որ նա լուծում տա այս կամ այն քաղաքացու հարուցած խնդրին։ Հարությունյանն էլ հրահանգել է անխոչընդոտ ներկրել, բայց՝ օրենքի սահմաններում, ոչ թե ամենաթողությամբ։



Մի բան էլ․ վարչապետի հայտարարությունից հետո ներկրողները սկսել են ստիպել, որ մաքսազերծումն անեն ինվոյսներով, իսկ սահմանից այն կողմում վրացիները «կեղծ ինվոյսներ» սարքելու ծառայություններ են բացել եւ ցանկացած ապրանքի համար ցանկացած գնով «ինվոյս» են գրում՝ տալիս հայերին։ Հսկիչ գներից հրաժարվելու եւ ինվոյսներով մաքսազերծում անելու այս բուռն գործընթացը վտանգներով է հղի՝ բյուջե կարող է մուտքեր չարվեն, եւ որոշ մութ անձինք օգտվեն այս իրավիճակից։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**