Ես հիմա հասկանում եմ, թե հպարտ ապրելու համար ինչքան քիչ բան է պետք

Ես հիմա հասկանում եմ, թե հպարտ ապրելու համար ինչքան քիչ բան է պետք
Քաղաքական վերջին իրադարձությունները շատերին են ստիպում վերանայել իրենց անցած քաղաքական ուղին: Ժամանակին քաղաքական մենաշնորհ ձեռք բերած ՀՀԿ-ն իր անդամների թիվն ավելացնում էր ոչ թե կուսակցության հանդեպ ունեցած հասարակության անվերապահ վստահությամբ, այլ տարբեր եղանակներով մարդկանց պարտադրելով անդամակցել կուսակցությանը: Վերջին ԱԺ ընտրությունների նախաշեմին Հայաստանի «գազավիկներին» ու էլեկտրիկներին, ինչպես նաեւ շատ բյուջետային աշխատողների ստիպեցին անդամագրվել ՀՀԿ-ին: Դրանից, բնականաբար, ՀՀԿ-ի վարկանիշը չբարձրացավ, չբարձրացավ նաեւ նորաթուխ ՀՀԿ-ականների կենսամակարդակը: Ժամանակին նման պարտադրանքի առաջ էին կանգնած նաեւ հանրապետության մեծ ու փոքր համայնքների շատ ղեկավարներ:



Նրանցից շատերը հարկադրված համաձայնեցին կուսակցականացվել, քանի որ իրենց հասկացրել էին, որ դրանից է կախված թե՛ իրենց հետագա պաշտոնավարումը, թե՛ այդ պաշտոնավարման արդյունավետությունը։ Այսինքն՝ կառավարությունը համայնքին ինչքան գումար կհատկացնի, ինչ աչքով կնայի, եթե համայնքի ղեկավարը լինի ՀՀԿ-ական, այն էլ՝ նվիրված ՀՀԿ-ական: Իսկ նվիրված՝ նշանակում է համապետական ընտրություններում ՀՀԿ-ի համար ապահովել վերեւից պարտադրված տոկոսները: Կապահովես՝ կաշխատես, գյուղիդ էլ լավ կնայենք, չես ապահովի՝ հաջորդ ընտրություններին չես մասնակցի, գյուղիդ էլ ոչ մի քոռ կոպեկ չենք տա: Մասնավոր զրույցներում դեռեւս մինչեւ վերջին քաղաքական իրադարձություններն էին շատ համայնքապետեր դժգոհում այս վիճակից: Այժմ, երբ եկել է հարմար պահը՝ ազատվելու այդ կուսակցությունից, շատերը կաշկանդվում են հրաժարվել կուսակցական անդամատոմսից՝ մտավախություն ունենալով, թե «առնետի» պիտակ կկպցնեն իրենց: Այդ եւ քաղաքական վերջին իրադարձությունների շուրջ զրուցել ենք Արարատի մարզի Նորաբաց եւ Խաչփար համայնքների ՀՀԿ-ական ղեկավարների հետ:



Նորաբաց համայնքի ղեկավար **Գալուստ Գալստյան**



**- Ինչպե՞ս եք վերաբերվում երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին:**



Ես, որպես ժողովրդի կողմից ընտրված մարդ, կարծում եմ, որ այս երկրի տերը ժողովուրդն է: Այդ բազմությունը, եթե այդքան հավաքվում է եւ ասում՝ այս բանը սենց ա, ուրեմն՝ ձայն բազմաց, ձայն աստծո: Մենք դրա կողմնակիցն ենք: Ես, մեղքս ինչ թաքցնեմ, ցույցերին չեմ մասնակցել: Բայց հարգում եմ ժողովրդի որոշումը:



**- Իսկ խանգարե՞լ եք Ձեր այն համագյուղացիներին, ովքեր գնում էին հանրահավաքի:**



Երբեք ես նման բան չեմ արել, որովհետեւ կարծում եմ, որ ամեն մարդ իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, ես չեմ փորձել որեւէ մեկին խանգարել: Նույնիսկ աշխատակիցներիս ասել եմ, որ ով ցանկություն ունի, կարող է գնալ մասնակցել, դա իրենց տեսակետն է:



**- Ձեր այն գործընկերները, ովքեր խանգարել են, իրենց արածը հիմնավորում են կուսակցությանն իրենց նվիրվածությամբ: Դուք նվիրված չե՞ք ՀՀԿ-ին:**



Նախ՝ նման հրահանգ որեւէ մեկից չի եղել, երկրորդն էլ՝ հիմար է այն գյուղապետը, ով որ տեսնում է՝ իր գյուղից հարյուր, երկու հարյուր մարդ է հավաքվել, փորձում է դոշով փակել: Թող ինչ-որ մեկն իր վրա չվերցնի, ես որեւէ մեկին ի նկատի չունեմ: Մենք ժողովրդի կողմից ընտրված մարդիկ ենք, եւ ժողովրդի կողմից ընտրված մարդուն կարող է հրամայել միայն ժողովուրդը: Ինձ ինչ-որ մեկը չի նշանակել, որ ես նրա առաջ հաշվետու լինեմ: Ես հաշվետու եմ միայն ինձ ընտրող ժողովրդի առաջ: Իսկ այն մարդը, ով փակում է իրեն ընտրող ժողովրդի դեմը, նա հիմարի է նմանվում:



**- Կուսակցական պատկանելությունը Ձեզ այսօր չի՞ խանգարում: Չե՞ք պատրաստվում հրաժավել տոմսից:**



Անկեղծ ասած՝ մինչեւ հիմա չեմ մտածել, բայց կարելի է մտածել: Եթե անկեղծ լինեմ՝ կուսակցական լինել-չլինելու հարցը ոչ թե քմահաճույքներից է գալիս, կամ որ իմ անձի լավ լինելու համար եմ դարձել, այլ՝ համայնքի համար, որ համայնքում գործեր արվեն: ՀՀԿ-ական համայնքապետերի 90 տոկոսը ՀՀԿ-ի գաղափարախոսությունից անգամ տեղյակ չէ: Խոսքը բոլորիս է վերաբերում, նաեւ՝ ինձ: Նորից եմ ասում՝ մեր կուսակցականությունը գալիս է համայնքի շահերից, որ համայնքդ ֆինանսավորվի: Իսկ եթե մնայի անկուսակցական, եւ համայնքում գործ չարվեր, ինչքան էլ լավ լիներ իմ հարաբերությունը բնակիչների հետ, ճիշտ չէր լինում, ես սեւերես կմնայի:



**- Իսկ ընտրությունից ընտրություն կուսակցության համար ձայներ բերե՞լը:**



Ասեմ՝ դա նվաստացուցիչ աշխատանք է եղել, բայց ստիպված եմ արել: Հավատացած եղեք՝ մոտ 90 տոկոս գյուղապետերի համար է դա այդպես: Երբ զանգում են այս կամ այն կուսակցությունից եւ ասում, որ ապահովենք իրենց հանրահավաքը, դա այլ բան է: Բայց երբ գնում ես որեւէ մեկին համոզում-խնդրում՝ ընտրել այսինչին, դա մեզ համար շատ նվաստացնող է: Դա մեր ապրած տարիներն են, որը հետ չես բերի, բայց ապագայի համար ես հույս ունեմ, որ մեր երեխաները հպարտ կապրեն, եւ որեւէ մեկը մյուսին խնդրելու բան չի ունենա, կգնան՝ ամեն մեկը կապրի իր կյանքով, իր քաղաքական հայացքներով ու վաղը, մյուս օրը մյուսին չասի, թե կեղծեցիք, սարքեցիք: Ես երկար տարիներ եմ աշխատել եւ նվաստացուցիչ զգացողություն եմ ունեցել, ու երբ դրանից ազատվում ես, հպարտության զգացողություն ես ապրում: Ես չգիտեմ, մի քանի ամսից նոր ընտրություններ կլինեն, կարծում եմ՝ արդեն նման բաներ չեն լինի:



**- Եթե հրաժարվեք կուստոմսից, կմտնե՞ք այլ կուսակցություն՝ ԲՀԿ կամ «ՔՊ»:**



Ոչ, սրանից հետո իմ տարիքն ինձ թույլ չի տա, էդ կապիկությունները չի սազա: Հերիք եղավ, բոլ եղավ: Երեւի դրանով կբավարարվեմ, մարդկանց ազատ թողնեմ իրենց ընտրության մեջ: Նիկոլ Փաշինյանը վերջին 15 օրում բոլորիս այնքան բան է սովորեցրել, թե ոնց կարելի է ճիշտ ապրել, որ եթե մի քսան օր առաջ այս հարցերը տայիք, ես այլ կերպ կպատասխանեի, բայց ես հիմա հասկանում եմ, թե հպարտ ապրելու համար ինչքան քիչ բան է պետք:



Խաչփար համայնքի ղեկավար ՀՀԿ-ական **Ղազար Մարտիրոսյան**



**- Պարոն Մարտիրոսյան, վերջին իրադարձությունների հետ կապված՝ հնարավո՞ր է, որ հրաժարվեք ՀՀԿ-ին անդամակցելուց:**



Էս րոպեիս որ հրաժարվեմ, դուք ո՞նց կընդունեք․ չե՞ք ասի՝ դավաճան եմ: Մենք զինվոր ենք, մեր գործն ենք անում եւ ուզում ենք, որ երկրի վիճակը լավ լինի: Ես համայնքի ղեկավար մարդ եմ, քաղաքականացված չեմ:



**- Ինչպե՞ս կարող եք քաղաքականացված չլինել, երբ ընտրությունից ընտրություն աշխատում էիք ՀՀԿ-ի համար, տոկսներ էիք խոստանում, տալիս-առնում, դա քաղաքականացվածություն չէ՞:**



Ուրեմն ասեմ՝ էդ ժամանակներն անցել են, հիմա ընտրակեղծիքների ժամանակներն անցել են, ժողովուրդն անելու է այն, ինչ ուզում է։ Եթե ինչ-որ բաներ էլ արել ենք, մենք այս ազգի թշնամին չենք, մենք մտածել ենք, որ դա լավը կտանի: Մի տեղ համայնքի ղեկավարը լավ է աշխատում, մյուսը՝ վատ, մենք քաղաքականացված չենք: Մենք սպասում ենք զարգացումներին: Տա Աստված՝ լավ լինի: ՀՀԿ-ի մեջ էլ լավ մարդիկ կան, ազնիվ, խելացի, չի կարելի բոլորին սեւացնել: Սերժ Սարգսյանը մեր նախագահն է եղել: Էդքան նապադենի մի արեք: Մի նախագահ էր՝ ասեց․ «Ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր», էլ ի՞նչ եք ուզում, եկեք չքարկոծենք:



**- Որպես համայնքի ղեկավար, խանգարե՞լ եք Ձեր համագյուղացիներին՝ մասնակցել հանրահավաքներին:**



Բացառվում է, եթե դու փորձես արգելել, դու քո բնակիչների մոտ կդառնաս ոչնչություն: Եթե ուզում ես քեզ հարգեն, պետք է բնակիչներին հարգես: Դա անգրագիտություն է: Ե՛վ մարզպետի կողմից, ե՛ւ որեւէ մեկի կողմից մեզ նման հրաման չի եղել:



**- Բայց ոմանք, ովքեր խանգարել են, դա արդարացնում էին կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին նվիրվածությամբ:**



Այդ մարդիկ նրանք են, ովքեր ուզեցել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ, ՀՀԿ-ին հարված հասցնողները հենց այդ մարդիկ են: Կուսակցությունն ի՞նչ մեղք ունի, նրանց մակարդակն այդքան է: Նրանք այնքան են հաբռգած, որ ժողովուրդն ատելությամբ է լցվում բոլորի հանդեպ:



**- Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չի՞ լինի, որ համայնքի ղեկավարը լինի ապակուսակցական:**



Միանշանակ: Համայնքի ղեկավարը կուսակցական չպիտի լինի, ես դեմ եմ, որ կուսակցական լինի:



**Նաիրա ՎԱՆՅԱՆ**