ՀՀԿ-ում գրանցեցին երկրորդ «դավաճանին»

ՀՀԿ-ում գրանցեցին երկրորդ «դավաճանին»
Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երեկ երկրի ղեկավար ընտրվեց ոչ թե համապետական ընտրությունների արդյունքներով, այլ` համաժողովրդական շարժման, թավշյա հեղափոխության հետեւանքով։ Այն սկսվեց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության եւ ավարտվեց Փաշինյանի վարչապետ ընտրվելով։ Ժողովրդի թեկնածուի հաղթանակն արձանագրվեց Ազգային ժողովում պատգամավորների ընտրությամբ, որը հուզիչ ներկայացում էր հիշեցնում։



Մայիսի 1-ին Փաշինյանի քվեարկությունը տապալած եւ ժողովրդական հուժկու դիմադրությունից նորից խելոքացած ՀՀԿ-ականները երեկ այնքան ընկճված էին, որ երեսներին գույն չկար։ Մայիսի 1-ին Փաշինյանին ուղղված անխնա հարցեր տվող ու ելույթներ ունեցող ՀՀԿ-ականներից ոչինչ չէր մնացել, նրանք ո՛չ հարց ունեին, ո՛չ ելույթ, միայն ուզում էին րոպե առաջ ավարտել ձեւական պրոցեդուրան, որը սեփական փորած փոսն ընկնելու պրոցեդուրա էր հիշեցնում, եւ իշխանությունը հանձնել խորհրդարանական փոքրամասնության առաջնորդին։



Մարգարիտ Եսայանի սիրտը կեսից երեւի չդիմացավ, դուրս եկավ դահլիճից, դիրքավորվեց լրագրողների շարքերում, հետո նորից վերադարձավ դահլիճ։ Օրվա թրենդին համահունչ՝ ճեփ-ճերմակ կոստյումով էր նիստին ներկայացել ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, փոխարենը «Ելք» խմբակցությունում վաղ առավոտից քեֆ-ուրախություն էր, նիստին հետեւելու էր եկել անգամ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որը հարմարավետ տեղավորվել էր լրագրողների համար նախատեսված օթյակում եւ դահլիճի վերեւից, ապակիների ետեւից համակ ուշադրությամբ լսում էր բոլորին։



 



ԱՌՆԵՏԱՎԱԶՔՆ ՍԿՍՎԱԾ Է



Հակառակ ՀՀԿ-ի հավաստիացումներին, որ կուսակցությունը միասնական ու միահամուռ է, երեկ խորհրդարանում այլ պատկեր արձանագրվեց։ Քվեարկությունից առաջ Վահրամ Բաղդասարյանը վերահաստատեց նախկին դիրքորոշումը՝ ասելով, որ այն չի փոխվել, ՀՀԿ-ում շարունակում են դեմ լինել Փաշինյանի վարչապետ դառնալուն, սակայն, քաղաքական համաձայնության եւ տված խոստման համաձայն, կօժանդակեն ընտրությանը։ Բաղդասարյանը շեշտեց, որ կուսակցությունը միասնաբար որոշել է, Ֆելիքս Ցոլակյանին չհաշված, 10+1  ձայներով աջակցել Փաշինյանին։ Մինչդեռ քվեարկությունից հետո պատկերը եղավ 10+2, եւ ՀՀԿ-ում կատաղած սկսեցին որոնել, թե որտեղ «պռոմըխ» տվեցին։



Պարզվեց, որ չնախատեսված կողմն անկուսակցական, ջավախահայ Շիրակ Թորոսյանն է, իսկ «+1»-ի մասին Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր՝ կասկածներ ունենալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հարցում։ Պողոսյանը դեռ օրեր առաջ է ակնարկել, որ կողմ է քվեարկելու, նրան ոչ թե ՀՀԿ-ն է հորդորել, այլ ինքնակամ է որոշել։ Սակայն մտերիմներին զգուշացրել է, որ եթե Նիկոլենք այս անգամ էլ լարված իրավիճակ ստեղծեն դահլիճում, ինչպես մայիսի 1-ին, երբ քիչ էր մնում Սասուն Միքայելյանի հետ ձեռնամարտի բռնվեր, ինքը դեմ կքվեարկի։ Քվեարկությունն արձանագրեց հետեւյալ պատկերը՝ 59 կողմ, 42 դեմ: ՀՀԿ-ից Փաշինյանին կողմ քվեարկեցին Միհրան Պողոսյանը, Արտակ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը, Արսեն Միխայլովը, Սամվել Ալեքսանյանը, Կնյազ Հասանովը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, Սեյրան Սարոյանը, Շիրակ Թորոսյանը, Աշոտ Արսենյանը եւ Արման Սահակյանը:



Քվեարկությունից հետո ՀՀԿ-ում աննախադեպ աժիոտաժ առաջացավ, բոլորն ուզում էին հասկանալ, թե ինչու Շիրակ Թորոսյանը նման պահվածք դրսեւորեց այսպիսի նուրբ ու վճռական իրավիճակում, երբ ՀՀԿ-ն կենաց-մահու խնդրի առջեւ է եւ ամեն ինչ փորձում է անել խորհրդարանում մեծամասնությունը չկորցնելու համար։ Նյարդայիններն սկսեցին անգամ բարձրաձայն հայհոյել ՀՀԿ խմբակցությունում։ Իսկ Շիրակ Թորոսյանը քվեարկությունից անմիջապես հետո հեռացել էր խորհրդարանից, որի հետ մեզ հաջողվեց, այդուհանդերձ, կարճ զրույց ունենալ։



Պատգամավորն ասաց, որ քվեարկել է խղճի ու համոզմունքի թելադրանքով, այդ պատճառով էլ որեւէ մեկին տեղյակ չի պահել։ Ասաց, որ միշտ է այդպես քվեարկել, իսկ թե ինչու է իր խիղճն այդպես թելադրել, մեր հարցին Թորոսյանը խոստացավ ավելի ուշ հանգամանալից պատասխանել։ Մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից եւ խորհրդարանում հանդես գալ որպես անկախ պատգամավոր, Թորոսյանն ասաց․ «Ամեն ինչ՝ իր ժամանակին, հիմա ոչինչ չեմ կարող ասել»։ Այսուհետ է՞լ եք շարունակելու համաժողովրդական շարժման տրամաբանության ներքո խորհրդարանում աշխատել ու քվեարկել։ «Ես միշտ իմ խղճի թելադրանքով եմ գործել»։ ՀՀԿ-ում կարո՞ղ են փաստել, որ Ցոլակյանից բացի «կորցրին» նաեւ Ձեզ։ «Գնահատականները կարող են տարբեր լինել, ես քվեարկել եմ իմ խղճով»։



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ ինչո՞ւ չստացվեց «կոնտրոլի» տակ պահել ողջ կուսակցությունը, եւ արդեն այն ճաքեր է տալիս։ «Մենք այդ հարցը կքննարկենք»,- պատասխանեց նա։ Սա չի՞ նշանակում, որ առաջիկայում ՀՀԿ-ից մեծամասնություն չի մնա խորհրդարանում, Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Գեղ չկա, որ շուն չլինի։ Նախ՝ նա կուսակցական չէ ու այնքան ուժ չունեցավ, որ ասի՝ չեմ ենթարկվում քաղաքական ուժի որոշմանը։ Երկրորդն էլ՝ տրամադրությունները տեսնելով, ես համոզված եմ, որ մենք չենք տրոհվի, մարդիկ, որոնք ակտիվ քաղաքականությամբ են զբաղվել, չկան կողմերի շարքերում։ Իսկ այս պահն ամենադժվարին պահն էր, եթե դիմացան, ապա կարծում եմ, որ չի լինի նման բան, թեպետ կապրենք՝ կտեսնենք»։



Սամվել Նիկոյանն էլ պնդում է, թե չի կարող ՀՀԿ-ն տրոհվել, ինչը, նրա խոսքով, դրսեւորվեց քվեարկության պահին․ «ՀՀԿ-ն միասնաբար կատարեց կայացրած որոշումը, ես հիացած եմ ե՛ւ մեր որոշումով, ե՛ւ ֆրակցիայով»։ Իսկ Թորոսյա՞նը։ «Մենք բազմաթիվ քվեարկություններ ենք ունեցել, որ որեւէ մեկը կամ մի քանիսն այլ կերպ են քվեարկել»։ Նիկոյանը կարծում է, որ ՀՀԿ-ն շարունակելու է մնալ պետության կարեւորագույն քաղաքական դերակատարներից մեկը։



«Եվ այսօրվա միասնականությունը դա ցույց տվեց»,- հիմնավորեց նա եւ մեզ էլ հորդորեց «մանր ու էժան խնդիրների» մեջ չմտնել ու չհաշվել, թե քանի հոգի դավաճանեց կուսակցությանը։ Նիկոյանը վստահ է, որ իրենք խորհրդարանում շարունակելու են մեծամասնություն պահպանել, բայցեւ լինելու են խորհրդարանական ընդդիմություն․ «Մենք մեզ համարում ենք պատասխանատու ուժ։ Ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության հարցերում վարչապետը բառացիորեն կրկնեց այն, ինչ մենք իրականացրել ենք, այսինքն՝ նա շարունակելու է մեր՝ մի շարք ոլորտների վերաբերյալ իրականացրած քաղաքականությունը․ այդ հարցերում մենք կպաշտպանենք, մնացած հարցերում կլինենք ընդդիմություն»։ Նիկոյանը վստահ է, որ Փաշինյանն իր ելույթի հիման վրա «խելամիտ» ծրագիր կբերի, իրենք էլ կհաստատեն։ Իսկ արտահերթ ընտրությունների հա՞րցը։ «Ամեն հարցի վերաբերյալ, կարծում եմ, երկխոսություն եւ համաձայնություն կլինի»։



 



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**