ՀՀԿ-ից դուրս եմ եկել, խիղճս հանգիստ նարդի եմ խաղում

ՀՀԿ-ից դուրս եմ եկել, խիղճս հանգիստ նարդի եմ խաղում
ՀՀԿ անդամությունից հրաժարականների շքերթը շարունակվում է: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը, ով ՀՀԿ անդամ է 2011-ից, երեկ հայտարարություն է տարածել:



«Տեսնում եմ, որ ստեղծված իրավիճակում Հայաստանում եւ հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իմ պատկերացումներն էապես տարբերվում են ՀՀԿ ղեկավար անձնակազմի պատկերացումներից, ուստի որոշել եմ դուրս գալ Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերից: ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ իմ դիմումը ներկայացված է ՀՀԿ Կապանի տարածքային կառույցին»,- մասնավորապես նշված է նրա հայտարարության մեջ:



Պետրոսյանը, որպես մտավորական, նաեւ կոչ է արել ԱԺ պատգամավորներին՝ մայիսի 8-ին քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Մեզ հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ ՀՀԿ-ից դուրս գալու որոշումն ավելի վաղ էր կայացրել՝ ապրիլի 21-ին, սակայն հանգամանքների բերումով դիմումն այդ օրը հանձնել չի կարողացել: Բացի իրենից՝ այլ մտավորականներ նույնպես կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել:



«Մարդիկ կան, որոնք, իմ տպավորությամբ, նման տրամադրվածություն ունեն: Երբ ես քայլում էի դեպի ՀՀԿ գրասենյակ՝ դիմումը ձեռքիս, մարդիկ հարցնում էին, թե ուր ես գնում, ասում էի, որ գնում եմ հրաժարվեմ անդամությունից: Մարդ կար, որ ասում էր՝ ես էլ եմ գնալու: Կարծում եմ՝ այս փուլում նման տրամադրվածություններ կառաջանան, եւ շատերը դուրս կգան»,- ասաց Պետրոսյանը:



Նա նաեւ հավելեց, որ դիմումը ներկայացնելուց հետո խիղճը հանգիստ է: «Այժմ էլ նստած՝ նարդի եմ խաղում»,- ասաց նա: