Այս օրերին վախեցած են բոլորը

Այս օրերին վախեցած են բոլորը
Այս օրերին ծավալված իշխանափոխության շարժումը ոչ միայն հեղափոխական տրամադրություն, այլեւ զգուշություն ու վախ է ծնել որոշ շրջանակներում։ Մասնավորապես՝ երկրի քաղաքական շրջանակներում։ Եվ վախեցած են ոչ միայն հեռացող իշխանավորները՝ ի դեմս ՀՀԿ-ականների, այլեւ իշխանության եկող ընդդիմադիրները։



Այս օրերին շատ ՀՀԿ-ականներ խուսափում են տնից դուրս գալ, պատգամավորներ կան, որ ձգտում են մաքսիմալ քիչ երեւալ մարդկանց շարքերում, նիստերին չեն գալիս։ Նրանցից ոմանք էլ, քողարկվելու համար, անգամ իրենց ավտոմեքենաների պետհամարանիշներն են փոխել, որ աչքի չընկնեն, դրսում չճանաչեն իրենց։ Օրինակ, Ազգային ժողովում նկատեցինք հայտնի ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի ծառայողական Toyota Camry-ն, որի վրա ոչ թե ԱԺ ծառայողական համարանիշ էր փակցված՝ HH 01 սերիայով, այլ լրիվ խառը թվերով հասարակ մի համարանիշ։ Ենթադրելի է, թե ինչու։



Սրան զուգահեռ՝ վախի կամ առնվազն զգուշավորության մթնոլորտ է տիրում նաեւ Նիկոլ Փաշինյանի թիմում ու անձամբ Փաշինյանի մոտ։ Նա ուժեղացրել է իր անվտանգությունը, թիկնապահներով է շրջում։ Մենք տեղեկացանք, որ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը, ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցներ է տրամադրել եւ կորտեժ, որի մի մասից նրա հրաժարվել է, սակայն մյուսները՝ ականջակալներով ու թիկնապահներին վայել հագուստով, ուղեկցում են նրան։



Թեպետ այնպես չէր, որ Փաշինյանը շարժման օրերին զուրկ էր իր անվտանգությունն ապահովող անձանցից։ Այդ օրերին նրան մշտապես ուղեկցում ու նրա կողքից տեղ չէր գնում Հայկ Սարգսյան անունով մի երիտասարդ։ Նա կենսաթոշակային ծառայության նախկին պետ Զարեհ Սարգսյանի որդին է։ Սոցցանցերում լուսանկարներ հրապարակվեցին Փաշինյանի թիկնապահների մասին, որոնց մեջ էր նաեւ Հայկը։ Երբ ուսումնասիրեցինք վերջինիս ՖԲ էջը, նկատեցինք «հեղափոխական» լուսանկարներ ինչպես Փաշինյանի հետ, այնպես էլ սաունայում՝ մոտ երկու տասնյակ կիսամերկ տղամարդկանցով։ Նկարի տակ գրառված էր․ «Երթերն ու հանրահավաքները սպասարկող անձնակազմի մի մասը»։



Սոցցանցում հայտնված մեկ այլ լուսանկարում էլ նա ուղեկցում է ոչ միայն Փաշինյանին՝ շարժման պրոցեսում, այլեւ Փաշինյանի ողջ ընտանիքին։ Իրեն թիկնապահներով շրջապատելու այս փաստը միանգամայն հասկանալի է, քանի որ ինչպես ՀՀԿ-ականները, այնպես էլ ինքն այս օրերին իր անվտանգության մասին մտահոգվելու անհրաժեշտություն եւ առիթ ունի։ Հատկապես, որ լուրեր են շրջանառվում, թե մինչեւ մայիսի 8-ի ընտրությունը հնարավոր է իր անձի դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, ընդհուպ՝ մահափորձ։