Պարոնայք և տիկնայք պատգամավորներ, դուք կարող եք ազատագրվել

Պարոնայք և տիկնայք պատգամավորներ, դուք կարող եք ազատագրվել

Պարոնայք պատգամավորներ, մինչև ե՞րբ: Ձեզ դո՞ւր է գալիս այս իրավիճակը: Երևանի փողոցներում ձեզ հուղարկավորում են, ձեր մահվան կապակցությամբ սարսուռ առաջացնող պաստառներ են փակցնում, գալիս են ձեր թաղերը և ձեզ պիտակում որպես դավաճան: Լա՛վ, որքան պետք է ձեր ընտանիքների և երեխաների առջև խայտառակ լինեք: Պարոն Շարմազանով, ի՞նչ պատասխան եք տալու ձեր աղջկան, երբ նա ուղիղ եթերով տեսնի իր հոր բեմադրված թաղումը:

Գիտեք, եթե ժողովրդական զանգվածները ուզեին, ապա իշխանությունը արդեն վաղուց գրավված կլիներ, իսկ դուք՝ կլինեիք բանտերում: Բայց ո՛չ: Հեղափոխության առաջնային սկզբունքն այն է, որ իշխանությունը պետք է ձևավորվի սահմանադրական ճանապարհով:

Հարգելի պատգամավորներ, մենք հասկանում ենք, որ ձեզ սպառնում և վախեցնում են, հասկանում ենք նաև, որ ձեզնից յուրքանաչյուրն ինչ-որ մութ և հանցավոր գործարքների մեջ է եղել ու դրանից ելնելով ներկայումս բոլորդ թրաֆիքինգի եք ենթարկվում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ընկերներ, բայց այդ վիճակը դեռևս փակուղի չէ, եթե դուք ընդառաջ գաք ժողովրդին, ապա կհայտնվեք հենց այդ ժողովրդի պաշտպանության ներքո: Ընդառաջ եկեք և ներում կստանաք, միգուցե ձեզնից ոմանք բանտ նստեն, բայց, այնուամենայնիվ ներում կստանաք: Ազատագրվեք այդ սերժաքոչարյանական կապանքներից:

Պարոն Շարմազանով, պարոն Աշոտյան, պարոն Ֆարմանյան և մյուսներ, ես գիտեմ, որ դուք Հայաստանը շատ եք սիրում, հատկապես՝ Շարմազանովը ֆանատիկ ազգայնական է: Իսկապես այդպես է: Որքան էլ, որ ես մերժեմ ազգայնականությունը, բայց չեմ կարող չտեսնել այդ փաստը:

Եւ եթե իրոք այդպես է, ապա ապացուցեք, որ իսկապես անտարբեր չեք այս պետության և հանրության ապագայի նկատմամբ, որը ներկայումս իսկապես վտանգված է: Այս անիշխանությունը երկար տևել չի կարող, պետության տարածքում իշխանություն չկա, իսկ ժողովուրդը տարերային անհնազանդության ընթացքի մեջ է: Եւ պատճառը դուք եք պարոնայք պատգամավորներ:

Դուք կարող եք վերջ տալ այս ամենին, կարող եք վերջապես ազատագրվել ու ազատագրել: