Հանուն Ձեր վայելքների, մի՛ զոհեք ազգին, պարո՛ն Սարգսյան

Հանուն Ձեր վայելքների, մի՛ զոհեք ազգին, պարո՛ն Սարգսյան
Հուզական կողմերը շրջանցելով` պիտի փորձեմ իրատեսական մոտեցումներով ապացուցել Ձեզ, որ արդեն սպառել եք երկրի ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը... 



Իրականում որտե՞ղ էր անվստահության պատնեշի արմատը թաղված, եւ ի՞նչ  արեցիք այդ պատնեշ հանդիսացող արմատի վերացման ուղղությամբ...

 Տասը տարի բացարձակ իշխանության տեր լինելով` Դուք ուղղակի կարողացաք անհետացնել բազում մարդկանց միջից երազանքն ու դրան հասնելու ճանապարհը: Կապելով արհեստական բեռներ` մարդու երեսը պատեցիք տխրությամբ, անվստահությամբ, որից էլ հզորանում էր Ձեր այդ նշած անվստահության պատնեշը, քանի որ նրա սնուցվող արմատը չէր կարող չզորացնել պատնեշի ներկայությունը նման իրավիճակում: Այդ որտե՞ղ էիք Դուք, պարո՛ն Սարգսյան, երբ, այսպես կոչված, Ձեզ «վստահած» քաղաքացիներն սկսեցին գաղթի ուղին ընտրել` օտարության մեջ (գուցե ժամանակավոր) «թաղելով» հայրենի տունը: Հայաստանի Զինված ուժերի գերագույն եւ գլխավոր հրամանատար հանդիսացող Սե՛րժ Սարգսյան, ի՞նչ էիք անում Դուք, երբ Ձեզ ենթակա հայոց բանակի կարիքները պետության փոխարեն զինվորների ընտանիքներն էին շարունակաբար հոգում: Ո՞ւր էին գնում պետության հսկայական գումարները, որ հայոց բանակի համար էին հատկացված...



Դուք, կորցնելով կապն իրականության հետ, տարվեցիք ժամանակավրեպ աշոտյաններով ու շարմազանովներով եւ անտեսեցիք այսօրվա մարդուն: Դուք անտեսեցիք նաեւ այն մարտահրավերները, որոնք երկրին են ուղղված: Եվ, գրողը տանի, վերջապես այդ որտե՞ղ էիք Դուք, երբ բազմաթիվ երիտասարդների Ձեր սիրելի գերատեսչությունները տուն ճանապարհելիս «կկապվենք Ձեզ հետ» էին ասում: Ի՞նչ են անում բազմաթիվ գործազուրկ երիտասարդ մասնագետները հիմա, երբ պարզապես զրկեցիք նրանց երկրի համար աշխատելու հնարավորությունից...



Երբեք չեք կարող ասել, որ արտաքին քաղաքականության մեջ գոնե կարողացել եք մեծ հաջողություններ գրանցել, քանի որ մեր տունը ներսից իսկապես վնասված է այսօր: Եկեք ընդունենք, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ «հզոր Հայաստան» ստեղծելու Ձեր խոստումները, մեղմ ասած, իրականության հետ կապ չունեին: Այդ խոստումներից էր՝ «օգտագործել յուրաքանչյուր հայի ներուժը», որը, կրկնում եմ, Դուք աշոտյանների մեջ փնտրեցիք` շրջանցելով սեփական ժողովրդին: Տասը տարիների ընթացքում գրեթե բոլոր հեռուստաընկերությունների կողմից մշտապես մոռացության է մատնվել հայ մտավորականը՝ իր ազատ խոսքով: Փոխարենը` այդ նույն հեռուստաընկերությունները մարդակործան հաղորդումներով ողողել են եթերները: Որտե՞ղ են այդ վերահսկող մարմինները, որտե՞ղ է Ձեր՝ իսկապես առաջնորդին վայել խոսքը: Հանկարծ չասեք, թե այսօրվա ժպտերես մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն է, որ հոգում է մշակույթի խնդիրները... 



Իսկապես հրաշալի բան է տեսնել երիտասարդ գրողների այն գեղեցիկ աստղաբույլին, որն այսօր զարդարում է իր ներկայությամբ հայոց մայրաքաղաքի հրապարակը: Նրանք պիտի վեր հանեն մտավորականին տրորված վիճակից...



Գոնե այն ականատեսներից եմ, որ փաստերով կարող եմ ասել Ձեր անսահման մեծ անտարբերությունը երկրի ցավով ապրող հայ մտավորականի նկատմամբ: Դուք երբեւէ Ձեզ հարցրե՞լ եք, թե ինչու են լքում երիտասարդ գիտնականները: Ինչո՞ւ մեր հայրենիքը զորացնելու փոխարեն նրանք լծվեցին օտար երկրներ զորացնելու գործին: Ինչո՞ւ կրթված ընկերս պիտի հայրենիքում անտեսված լիներ եւ Մարսելի քաղաքապետարանում, ահա, աշխատանք գտներ: Պատասխանը, վստահ եմ, գիտեք բոլորից լավ...

Ինքս, երիտասարդ լինելով, վստահաբար ասում եմ` ուխտադրժության դասեր երիտասարդությանը պետք չեն: Տասը տարիների ընթացքում կարող էիք Ձեր այդ փորձի փոխանակում կոչվածը կատարել: Դուք խղճուկ պայմաններ «նվիրեցիք» երկիրը երկիր դարձնողներին՝ տալով ամենը Ձեր սիրելիներին: Այդպես երկրի նախագահ չեն լինում, ոչ էլ` «սուպեր»վարչապետ, պարոն Սարգսյան.



Որքա՜ն գեղեցիկ են հնչում Ձեր ճառերը հայոց սահմանից եւ որքա՜ն տխուր՝ «տարածքների հանձնման» տխրահռչակ հավաստիացումները՝ ողջ աշխարհին ուղղված: Վազգեն Սարգսյանի խոսքերը պետք եղած ժամանակ դրոշի պես ծածանվում են՝ ուղղված Ձեզ, սակայն մոռանում եք, որ այդ խոսքերն արդեն վաղուց այսօրվա Ձեր եսի հետ կապ չունեն: Այդ խոսքերն ուղղված էին Սերժ Սարգսյան անունով մի հայորդու, որն իր կյանքի գնով կանգնած էր վտանգված հայրենիքի կողքին:



Վիրավորելով կամ իրականությունից կտրված էժանագին գովքով զբաղվողներից չեմ: Միշտ փորձել եմ հասկանալ Սերժ Սարգսյան անհատի դիվանագիտական ուղեղը: Բացահայտելու համար լսել եմ այն բոլոր ելույթները, հարցազրույցները եւ կարծել եմ, որ դեռ հասու չեմ Ձեզ քննադատելու: Աննկատ քայլերս Ձեր ուղղությամբ, իհարկե, տվել են իրենց արդյունավետ պտուղները: Քաղաքական դպրոցում սովորեցի շատ բաներ: Վաստակաշատ բանախոսները, իհարկե, տվեցին իրենց օգտակար փորձը: Փորձից բացի` նաեւ տեսա այդ մեծ ընտանիք կոչվածի մեջ իսկապես փայլուն երիտասարդների եւ այսօրվա իշխանության գործը պատվով շարունակողների...



Թե ունենամ անգամ «ամենագեղեցիկ» պաշտոնն զբաղեցնելու հնարավորություն, մեկ է, եթե այս է Ձեր ընթացքը մեզ խոստացված ապագայում, ապա շարունակելու եք մնալ ինձ համար մի երազանք, որն այսօր հնչում է հայոց փառապանծ երիտասարդության ազատատենչ շուրթերից...



_**ՀԳ**__․ Ժամանակն է համայն հայությանը համախմբելու միասնության գաղափարի շուրջ, որի իրագործման համար մեծ դեր ունի նաեւ հայ մտավորականը։_



**Վաչագան ՄԱՆՈՒԿՅԱՆ**