Միության նախագահները շրջանցել են քաղաքական խնդիրները

Միության նախագահները շրջանցել են քաղաքական խնդիրները
Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ստեղծագործական միությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկել են թատրոնի, կինոյի, երաժշտության, գրականության եւ մի շարք այլ ոլորտների այսօրվա խնդիրների մասին։



Կոմպոզիտորների միության նախագահ **Արամ Սաթյանը**, մեզ հետ զրույցում անդրադառնալով այդ հանդիպմանը, ասաց, որ այն տեւել է մոտ մեկուկես ժամ, որի ընթացքում միության նախագահները հերթով ներկայացրել են իրենց խնդիրներն Արմեն Սարգսյանին։ «Շատ համակրելի տպավորություն թողեց, կարեւորը՝ գիտակ մարդ է, արվեստից հասկացող, իսկ հանդիպման ընթացքում ե՛ւ նկարչությունից խոսեց, ե՛ւ գրականությունից, ե՛ւ երաժշտությունից։ Շատ կարեւոր է առնչվել ճիշտ մարդու հետ, որը հասկանում է պրոբլեմները»,- ասաց Սաթյանը։



Խոսել են միայն իրե՞նց խնդիրներից, թե՞ անդրադարձել են նաեւ երկրում տիրող քաղաքական եւ հասարակական խնդիրներին։ Արամ Սաթյանն ասաց, որ խոսել են միայն մշակութային հարցերից։ «Բոլոր միության նախագահները հերթով խոսեցին իրենց խնդիրների մասին, այդ ընթացքում ոչ մեկը ոչ մի որոշում չէր կայացնում, ինքն ուշադիր լսեց ու խոսք տվեց, որ հետագայում մեզ հետ էլի կհանդիպի, սա ուղղակի նախաբանն էր»,- ասաց Արամ Սաթյանն ու հավելեց, որ Արմեն Սարգսյանն ինքն է առաջարկել գալ միություն, ինչպես նաեւ այցելել Դիլիջանի ստեղծագործական տուն եւ մոտիկից ծանոթանալ խնդիրներին։