Ահա մեր հույսը

Ահա մեր հույսը
Ոչ մի ողբերգական կամ ոգեւորիչ բան չի կատարվել։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ո՛չ ողբն է տեղին, ո՛չ էյֆորիան։ Թեեւ ողբացողներին դեռ կարելի է հասկանալ՝ նրանց մղումներն ազնիվ են եւ անկեղծ, իսկ էյֆորիայի մեջ ընկածների ոգեւորության մոտիվները շատ նսեմ են ու մերժելի։ Դա ընդամենը մարդկանց մի խումբ է, որի գոյությունը, կենսակերպը, ապագան բացառապես կախված են Սերժ Սարգսյանի անձից ու նրա հետագա պաշտոնավարումից։ Եթե հանկարծ մի օր անսպասելիորեն նա անհետանա ասպարեզից, որտե՞ղ են հայտնվելու նրան այսօր շռայլ դիֆերամբներ ձոնող անձինք՝ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանն ու Մինասյանը, մյուսները։ Այնպես որ՝ կարելի է ներողամտությամբ վերաբերվել այս անձանց ջանքերին՝ գիտակցելով, որ դա պարզ ինքնապաշտպանություն է, գոյատեւման համար կռիվ։



Եվ որքան էլ բոլոր իշխանությունների օրոք ծառայամիտների կարիքը կա, եւ նրանց գոյությունն էլ օբյեկտիվ իրականությունից է բխում, սակայն շատ մեծ է հավանականությունը, որ հաջորդ իշխանությունը կհրաժարվի նրանց ծառայություններից, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանի շրջապատի որոշ անձանց ծառայություններից։



Բայց խնդիրն անգամ դա էլ չէ, այլ այն համառ կուրությունը, որը դրսեւորում է Հանրապետականը՝ չնկատելու տալով Երեւանի փողոցներում օրեցօր աճող բազմությունը։ Իսկ պայքարող այս զանգվածը հենց Սերժ Սարգսյանի նշած «երիտասարդությունն» է, որին ինքը պատրաստվում է իր փորձը փոխանցել, եւ որը ստանձնելու է երկրի ղեկը։ Այս նոր որակի, նոր մտածողության երիտասարդությանն անտեսել չի կարելի։ Նրանք ոչ միայն մեզնից լավն են, այլեւ, հաստատապես, ավելի լավ երկիր են կառուցելու, քան մենք ենք արել։