«Պահը»՝ պատմական

«Պահը»՝ պատմական
Հայաստանն այլեւս նոր նախագահ ունի՝ չորրորդը, ինչպես ասում են՝ ամեն ինչ տեղը տեղին՝ կրթությունը, համբավը, բիզնեսի, գիտության, մշակույթի ոլորտի հետ սերտ կապերը, դիվանագիտական ասպարեզում երկարամյա փորձառությունը: Երդմնակալության արարողակարգը նույնպես տեղը տեղին անցավ՝ իհարկե, առանց ժողովրդի, առանց հասարակության լայն զանգվածների ակտիվ մասնակցության: Դրա կարիքն առանձնապես չկար էլ․ Արմեն Սարգսյանի կողքին էին նույն ինքը՝ տիար Սերժ Սարգսյանը, տիար Կարեն Կարապետյանը, ՀՀԿ-ն ու ողջ շրջապատը, այսպես ասած՝ համայն «էլիտան» երկրի՝ իրենց Ազգ-բանակ, ռազմահայրենասիրություն, հայեցի դաստիարակություն գաղափարաբանության շպարը դեմքներին: Ահա, կաթողիկոսն էր հայտնվել, իր գահը թողել, եկել էր Համալիր՝ մեծագոչ իր խոսքը հղելով նորընտիր նախագահին ու հայ ժողովրդին՝ իշխանավորների հետ աղոթելով պետության բարօրության համար:



Ասում են՝ պահը պատմական է․ նախագահ է փոխվում, կառավարման մի ողջ համակարգ, իրավիճակ ու եղանակ: Փոխվում է հենց Մարզահամերգային համալիրում, կատարելապես նստարանային փոփոխություն է: Զիջում են միմյանց, ծափ են տալիս, իրար հետ հուզվում են, իրար հետ աղոթք մրմնջում, կանգնածները, ինչ-որ պահից սկսած, որոշում են նստել, նստածները լայն ժպիտներով թողնում են աթոռները, կանգնում քիչ հեռվում, զմայլված նայելով նստողներին: Համալիրից դուրս կա՞ պատմական նոր իրավիճակ:



Դրսում զարթոնք է, գարուն՝ տաք, ընտիր եղանակ: Քաղաքի կենտրոնում ոստիկաններ կան, միայն նրանք են մատնում, որ Բաղրամյան 26-ի մատույցներում (կամ դրա հետ կապված) ինչ-որ բան է տեղի ունենում։ Ամենահավանական տարբերակը, որ մտքովդ անցնում է՝ դրսից հյուրեր են եկել՝ կա՛մ այլ երկրի նախագահ է, կա՛մ դեսպան, կա՛մ մոտերքում գուցե բողոքի ցույցեր են՝ կապված Վատիկանում տեղադրված Նարեկացու արձանի հետ: Ճանապարհային ոստիկանների ձեռքներին փուչիկներ, եռագույններ, գույնզգույն փայլեր, ծաղիկներ չկան։ Նրանց նկատելիս ոչինչ չես կռահի, ոչ մի հույժ կարեւոր եղելություն, բացի այն, որ նրանք ծառայության են դուրս եկել, ու պարզվում է՝ նոր նախագահի երդմնակալության առիթով երթեւեկությունն են կարգավորում:



Մոռացիր ոստիկաններին, թող երթեւեկություն կարգավորեն, գնա, փողոցի անցորդներից մեկի դեմը կտրի ու հարցրու՝ ո՞վ է Հայաստանի նախագահը, ո՞վ է վարչապետը, ԱԺ նախագահը, ովքե՞ր են նախարարները, արդարադատության մարմինները, համայնքապետերն ու գյուղապետերը, թաղի լավ տղեքը, ո՞վ է քո երկրում ճակատագրիդ անցյալը, ներկան ու ապագան։ Ու մի պատասխան կլսես, մի մարդու անուն, մի մարդու իրականություն, որի համար, չգիտես ինչու, Հանրային հեռուստաընկերությունը վերստին գովազդային արշավ է սկսել, ասես մի ողջ ժողովուրդ, մի ողջ երկիր նոր պիտի ճանաչի «անիմանալին»:



**Արամ ՊԱՉՅԱՆ**