Սպասումն ու անելու բան չունենալը

Սպասումն ու անելու բան չունենալը
«Ութ օր՝ առանց Սերժ Սարգսյանի»․ ինչպիսի՜ միֆական նախադասություն, անգամ վեպի կամ խաղարկային ֆիլմի վերնագրի է ձգում: Զավեշտախաղերը սրա շուրջ բազմապիսի են, այս տողի շուրջ արդեն մեմեր, անեկդոտներ, միֆեր են կերտվում, վերջապես Սերժ Սարգսյանը հեռացավ հանգստի: Դա շատ երկար հանգիստ է լինելու՝ ընդամենը ութ օր կամ արդեն յոթ, վեց: Նման երիտասարդական ավյունով լի քաղաքական գործչի համար ութ օրն ինչ-որ առումով փորձություն է, կդիմանա՞ արդյոք նոր առօրյային, կկարողանա՞ հաղթահարել ինքնակազմակերպմանը, հավաքական ինքնավերլուծությանը միտված օրերի կշռավորությանը՝ հիրավի բարդ շրջան է:



Եվ անգամ բնությունն է մի տեսակ թեթեւացել, անգամ գարունն է վերապրում այդ թեթեւությունը՝ մարդը հեռացել է, իսկ դուք ասում եք՝ անհնար է, մարդն այլեւս Հայաստանի նախագահը չէ, որքան էլ պնդեք հակառակը: Նախագահը գիտության ու երիտասարդության ջատագով Արմեն Սարգսյանն է, որն արդեն ռուս լրագրողների համար հարցազրույցներ է տալիս՝ շարունակելով ընդունել շնորհավորանքներն ու ջերմագին մաղթանքները: Աստվածներ ութ օր, յոթ, վեց, հինգ… ու բում, իսկական բում, ինչ էլ լինի այս պատմության վերջում, իսկական բում է լինելու այնպես, ինչպես, ասենք, լատինաամերիկյան գրականության մեջ եղավ: Սրանց միջեւ ակնհայտ առնչակցություն կա՝ չլինեին լատինաամերիկյան դիկտատորները, հավանաբար, չէր լինի նաեւ ստեղծագործությունների շարքը, որ հանգեցրեց մեծ պայթյունի: Ընկերներից մեկը Մարկեսի «Նահապետի աշունը» վեպի մասին է խոսում․ «Լրիվ մեր էս վիճակն էր՝ իշխանության, ավտորիտարության ներքին բնույթը, ծանր լեզվով, ծանր վիճակ, ծանր բնույթ, իսկական խելագարություն»: Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի հետ առհասարակ որեւէ կապ չունի Մարկեսի վեպը: «Դիկտատոր՝ դասական դիկտատորին ոչ բնորոշ դիկտատուրայով»․ մեզ մոտ գուցե հենց համանման սահմանմամբ նյութը մոտ ապագայում հանգեցնի բումի, ասենք՝ երգիծանքի, սեւ հումորի կամ կոպիտ ցինիզմի տեսքով, եթե, իհարկե, ութ օրից…



Դրսում պայքար կա, կա նաեւ որոշակի մասնակցություն եւ ավելի շատ իներտություն դրա հանդեպ, բայցեւայնպես, այս պարագայում «իներտությունը» ոչ դիպուկ գոյական է, գուցե՝ «լռակյացություն, հեռավորություն, խորթություն», խորը օտարում քաղաքական կյանքի նկատմամբ․ «Ժողովուրդները կենսունակ են, նրանք կարող են դարերով խոպան մնալ եւ նորից, բարենպաստ պայմաններում, ուժ ու հյութ առնել: Բայց արդյոք նրանք հառնո՞ւմ են այնպես, ինչպես էին»: «Խորհեցեք Բյուզանդիայի վրա. քանի մեր սլավոնաֆիլները դեռ լույս աշխարհ չեն հանել պատկերագրական նոր խրոնիկա, եւ կառավարությունը չի հաստատել այն, Բյուզանդիան շատ բան կարող է բացատրել մեզ այն բանից, ինչն այնքան դժվար է ասել: Բյուզանդիան կարող էր ապրել, բայց անելու բան չուներ, իսկ պատմությունն առհասարակ հետաքրքրվում է միայն այն ժողովուրդներով, որոնք բեմի վրա են, այսինքն՝ քանի դեռ նրանք որեւէ բան են անում» (Ա. Գերցեն): Անելու բան կա՝ սպասումը. սպասումը եւս գործ է, անգամ՝ երբ անգործությամբ է կյանքի կոչվում: Ութ օր, յոթ օր, վեց օր, հետո ի՞նչ է լինելու… Դիպուկ էր ասել Սերժ Սարգսյանը՝ «ի՞նչ կարեւոր է վարչապետի ով լինելը»… կարելի է նաեւ այսպես շարունակել՝ ի՞նչ կարեւոր է վարչապետի ով լինելը, քանի դեռ կան կենսական այս երկու դրվագները՝ սպասումն ու անելու բան չունենալը:



**Արամ ՊԱՉՅԱՆ**