Իշխանության պրոյեկտների մայրցամաքը

Իշխանության պրոյեկտների մայրցամաքը


Հայաստանում կա՞ գլուխն ուսերից վեր հանած մեկը, ով իշխանության պրոյեկտի համբավ չունի, վերջին տասնամյակներում իշխանության պրոյեկտների ծաղկաբույլ չէ։ Ամեն ինչ գրողի ծոցն է գնում, երկրից հազարավոր մարդիկ են արտագաղթում, աղքատություն է, մարզերում ամայություն է, եւ այս ամենի ֆոնին, իհարկե, հարատեւում է իշխանությունը, եւ, պարզվում է՝ սնկի նման բազմանում են նրա պրոյեկտները։



Փաստացի դուրս է գալիս՝ իրենք իրենցով են մնացել, իրենց ստեղծած դեգեներատ աշխարհի պրոյեկտներով։ Այս աշխարհ ընկնելու հավանականությունը խիստ բարձրացել է, ահա՝ Սվիֆթի Գուլիվերի հերթական հանգրվանն է, անվանումը՝ «Հայաստան աշխարհ՝ իշխանության պրոյեկտների մայրցամաք», ուր իրար գլխի խմբված են միմիայն համանման կենցաղ, միտք, երեւակայություն ունեցող առանձնյակներ, այսինքն՝ իշխանության պրոյեկտներ՝ բացառելով որեւէ այլ արարածի, որեւէ այլ մարդանմանի գոյությունը։



Պարզվում է՝ ոչ միայն տիեզերքն է Հայաստանից սկիզբ առել, այլեւ՝ դավադրության համաշխարհային տեսությունը, որի ակունքներն այստեղ են, իշխանության կողմից արարչագործված յուրաքանչյուր անհատի մեջ։ Հարցրեք մարդկանց մասին, ովքեր ինչ-որ կերպ անդրադարձնում են իրականությունը, եւ ձեզ նույն վայրկյանին կպատասխանեն՝ հա, սրանք իշխանության պրոյեկտներ են։ Լավ, իսկ մնացե՞լ է այս երկրում մեկը, ով իշխանության պրոյեկտը չէ, որտե՞ղ փնտրել այդ մարդուն, այդ երկար սպասված մեսիային, որ կգա ու կհեղաշրջի, կմաքրագործի, կազատագրի կործանված պիղծ հոգիների այս դանթեական, դժոխային աշխարհը։



Իսկ իշխանության պրոյեկտ դիսկուրսի հիմնադիրները Բաղրամյան 26-ում են։ Սա այլեւս մեմ է, ծաղր է, այլանդակություն, որ վերածվել է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծանր, գրեթե անբուժելի վարակի։ Ստացվում է՝ իշխանության պրոյեկտ է դարձել մի ողջ ժողովուրդ, ողջ էությունն ու առաջնորդությունը մարդկային հատկանիշների։



Նրանք, ովքեր պայքարի ճանապարհներ են փնտրում, փորձում են իրականացնել մտահղացումներ, կայծակնորեն պիտակվում են որպես իշխանության պրոյեկտ․ թերեւս, մեղադրողների համար «իշխանության պրոյեկտ» վերտառությունն ամենասեւ, ամենանսեմ ու եղկելի դիմակն է, որն անհրաժեշտ է վայրկյան առաջ դիմապատռել՝ ցուցանելով իսկական դավադիրներին։ Բայց ոչ ոք չի փրկվում, վաղ թե ուշ գալիս է նաեւ մաքուրների, դիմապատռողների ժամանակը, մի չնչին առիթ, պատահմունք, արարք, եւ, ահա՝ հիմա արդեն սուրբ խորաններից նրանց են իջեցնում՝ ճակատներին դնելով «իշխանության պրոյեկտ» կնիքը։





**Արամ ՊԱՉՅԱՆ**