Արարատում անորոշություն է… դարձյա՞լ մարզպետ է փոխվելու

Արարատում անորոշություն է… դարձյա՞լ մարզպետ է փոխվելու
Արարատի մարզում մարզպետների հաճախակի փոփոխություններին մենք նախկինում անդրադարձել էինք, գրել, որ Արարատում մարզպետի փոփոխությունը դարձել է խաղուպար. 1996-ից մինչ օրս մարզում 8 անգամ մարզպետի փոփոխություն է տեղի ունեցել: Գրեթե բոլոր մարզպետները մարզը ղեկավարել են մոտ երկու տարի կամ դրանից էլ պակաս: Ամեն անգամ մարզպետի փոփոխությամբ մարզային իշխանությունն անցել է մարզային երեք կլաններից կա՛մ մեկի, կա՛մ մյուսի ձեռքը՝ Սարգսյան-Աբրահամյան-Գրիգորյան հերթափոխով: Ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանը 2013-ին նույնպես ստանձնել էր մարզպետի պաշտոնը, բայց պաշտոնավարեց ընդամենը վեց ամիս: Այնուհետեւ նշանակվեց բնապահպանության նախարար: 2017-ի ԱԺ ընտրությունների նախաշեմին Գրիգորյանը վերադարձավ մարզպետարան: Ըստ ամենայնի՝ այս անգամ նա Արարատ գործուղվեց «կրոնափոխ» եղած Ռուբիկ Աբրահամյանին փոխարինելու, որպեսզի մարզում ապահովի ՀՀԿ-ի հաղթանակը, քանի որ Արարատը, Հովիկ Աբրահամյանի գործոնով պայմանավորված, ՀՀԿ-ի համար ամենաանկանխատեսելի մարզն էր համարվում, եւ այստեղ պետք էր ուժեղ ձեռք:



Գրիգորյանին հաջողվեց ապահովել թե՛ ՀՀԿ-ի, թե՛ եղբոր՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հաղթանակը. վերջինս ամենաբարձր տոկոսն ստացած թեկնածուն էր ողջ հանրապետությունում: Մարզում դեռեւս ԱԺ ընտրություններից հետո լուրեր էին շրջանառվում, թե Գրիգորյանն Արարատի մարզպետարանից կրկին գնալու է բնապահպանության նախարարություն: Սակայն այս անգամ նա մի փոքր ավելի երկար պաշտոնավարեց՝ ս․թ․ փետրվարի 2-ին լրացավ պաշտոնավարման մեկ տարին: Դարձյալ ակտիվացել են լուրերը, թե ՀՀ վարչապետի ընտրությունից հետո Գրիգորյանը կրկին գնալու է կառավարություն՝ որպես բնապահպանության նախարար: Հաշվի առնելով հանգամանքը, որ նրա աշխատանքից օրերս գոհունակություն հայտնեց նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, բացառված չէ, որ դա Գրիգորյանի պաշտոնը բարձրացնելու ազդակ լինի:



Որպես նոր մարզպետացու՝ շրջանառվում են Արգամ Աբրահամյանի եւ մարզի ոստիկանապետ Սեւան Քոչարյանի անունները: Վերջինս համարվում է Գրիգորյանի մարդը եւ եթե դառնա Արարատի մարզպետ, ապա Գրիգորյանները կկարողանան պահպանել իրենց դիրքերը մարզում: Արգամ Աբրահամյանի նշանակմամբ դարձյալ տեղի կունենա կլանային իշխանափոխություն՝ պաշտոնների կգան Աբրահամյանների ազգուտակն ու թիմակիցները: Արգամի կամ Աբրահամյանների վերադարձով անհանգստացած են շատ համայնքների ղեկավարներ ու պաշտոնյաներ, ովքեր ԱԺ ընտրություններում աշխատել են ոչ միայն ՀՀԿ-ի համար, այլեւ հենց Արգամի դեմ: Արգամի լոբբինգով վերեւներում ակտիվորեն զբաղվում են նրա երկու մերձավորները՝ հայրը՝ Հովիկ Արգամիչը, եւ աները՝ Գագիկ Ծառուկյանը: Արգամն էլ ձեռքերը ծալած չի նստում. բավական երկար ժամանակ է՝ նա մարզի որոշ գյուղական համայնքների բնակիչներին տարաբնույթ օգնություններ է ուղարկում՝ «առաքիչների» միջոցով, խոստանալով, որ անձամբ կհանդիպի բնակիչներին ու կլինի նրանց կողքին: Բայց այդպես էլ տեղաբնակները նրա կենդանի ներկայությունը չեն տեսնում ու զգում իրենց կողքին: Մի խոսքով՝ մարզում մարզպետի փոփոխությամբ շատ վերաձեւումներ կլինեն՝ կադրային առումով: Դրա համար էլ շատերն անհանգիստ, ոմանք էլ հուսադրող սպասումների մեջ են:



Արարատում դեռեւս հստակեցված չէ նաեւ համայնքների խոշորացման հարցը: Ըստ որոշ լուրերի՝ հնարավոր է այս մարզում խոշորացում չլինի, իսկ լինելու դեպքում էլ՝ աշնանից ոչ շուտ:



Հարցին հստակ պատասխան չեն կարողանում տալ թե՛ համայնքների ղեկավարները, թե՛ անգամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը: Քանի որ նման հարցերը հանրապետությունում միայն մի մարդ է որոշում, իսկ այդ մարդն իր ապագա անելիքների մասին չի կիսվում եւ այդ հարցի շուրջ ոչ մի հստակ բան չի ասում, բոլորն անորոշության մեջ են: Մարտի 11-ին մարզի շատ գյուղական համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնք անցան հիմնականում մեկ թեկնածուով, փաստեցին, որ այս համայնքներում ավելի լուրջ ընտրությունների են սպասում՝ խոշորացված համայնքների ընտրություններին: Շատ համայնքների ղեկավարներ չգիտեն՝ մտնե՞լ նախընտրական բարեգործությունների փուլ, թե՞ խնայել նյարդերն ու միջոցները: Մի խոսքով՝ Արարատում տարբեր առումներով անորոշություն է: Իսկ անորոշությունը չի կարող արդյունավետ աշխատանք ապահովել: Մարզում կան լուծման ենթակա շատ խնդիրներ, որոնք լուծողներն այսօր նստած «գիր ու ղուշ» են գցում, որ գուշակեն վաղվա իրենց գլխի գալիքը:





**Նաիրա ՎԱՆՅԱՆ**