Կառավարությունը հարմար տեղ չի գտել, դրա համար էլ «կառավարական դաչայում» է տուն տվել

Կառավարությունը հարմար տեղ չի գտել, դրա համար էլ «կառավարական դաչայում» է տուն տվել
Ինչպեսեւ սպասվում էր՝ ակտիվ հանրությունը Սերժ Սարգսյանի նոր «բնակարանամուտը» ծափերով չընդունեց։ Եվ ոչ այնքան այն պատճառով, որ Հայաստանում տասնյակ անտուն-անօթեւան ընտանիքներ կան, իսկ երկրի նախագահն իրեն է վերցնում կալվածքներ, այլ այդ քայլն ընդունվել է որպես քաղաքական ուղերձ առ այն, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնալու է բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված «կառավարական դաչայում» ու այդպիսով նաեւ կառավարելու է իշխանական բուրգը։



Հիշեցնենք, որ, կառավարության որոշմամբ, նախօրեին նշված տարածքի վեցերորդ մասնաշենքը՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, սեփականության իրավունքով հանձնվեց Սերժ Սարգսյանին։ Դա այն ծառայողական առանձնատունն է, որտեղ դեռեւս 1993 թվականից ապրում է Սարգսյանը՝ պաշտպանության նախարարի, վարչապետի, ապա նախագահի պաշտոններում։ Հիշեցնենք նաեւ, որ պաշտոնաթող նախագահներին օրենքով ոչ միայն բնակարան, այլեւ ավտոմեքենա, թիկնապահներ են հասնում։ Նկատենք, որ նախորդ երկու նախագահներից ոչ մեկի մտքով չի անցել մնալ «կառավարական դաչայում»։ Առաջինը Ծիծեռնակաբերդի բարձունքում է տեղավորվել, երկրորդը՝ Իսակովի պողոտայում։



Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը նախ հորդորեց վերջ դնել իրարանցմանը եւ գնահատել փաստը, որ Սարգսյանը, 1993թ. սկսած, պետական բարձր պաշտոններ է զբաղեցնում, սակայն Երեւանում այդպես էլ բնակարան ձեռք չի բերել, ապա ասաց, որ կառավարությունն է նպատակահարմար գտել «կառավարական դաչայում» Սերժ Սարգսյանին տուն հատկացնել։ Իսագուլյանը հիշում է, որ նախորդ երկուսի դեպքում էլ միանշանակ չեն ընդունվել որոշումները․ «Հիշո՞ւմ եք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ ասում էին՝ այդ ինչպե՞ս միակ սեւ շենքը, այդ բարձունքին, տալիս եք իրեն, ինչե՜ր էին ասում։ Քոչարյանի ժամանակ էլ ասում էին, որ դա ոստիկանության ընդունելությունների տունն էր։ Էլի մեծ աղմուկ բարձրացավ։ 93 թվականից Սերժ Սարգսյանն այդտեղ է, հետեւաբար՝ կառավարությունն էլ որոշել է դա տալ իրեն․ դրանից հեռուն գնացող հետեւություններ պետք չէ անել։ Հավատացեք, հիմա եթե Քոչարյանին առաջարկեին իրեն հատկացված տարածքը թողնել եւ գալ «կառավարական դաչա», չէր անի, որովհետեւ շատ լավ տարածք է, ինչպես որ շատ լավ տարածք է առաջին նախագահինը»։



Սակայն փաստ է, որ «դաչայում» ապրել եւ ապրում են գործող բարձրաստիճան իշխանավորներ։ «Ես իսկապես չգիտեմ, թե կառավարությունն ինչ է մտադիր անել այդ հատվածում, բայց ենթադրում եմ, որ երեւի փոփոխություններ կանեն»։ Հետեւաբար, արդարացվա՞ծ են շատերի մտահոգությունները, որ Սերժ Սարգսյանն այս քայլով ուզում է ասել, որ ինքն ընդմիշտ մնալու է բարձրաստիճանների համար նախատեսված տարածքում՝ դրանից բխող հետեւանքներով։ «Ես Ձեզ կարող եմ հանգստացնել, որ ամենեւին էլ դա չի նշանակում։ Ընդամենը նշանակում է, որ կառավարությունն այս պահին հարմար այլ տարբերակ չի ունեցել եւ այդ տարածքն է հարմար գտել՝ հետագայում պաշտոնաթողների համար հատուկ վայր ստեղծելու մտադրությամբ»։



«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ **Սուսաննա Մուրադյանի** բնորոշմամբ՝ ինչպես Սերժ Սարգսյանն է մեր երկրի համար «աննախադեպ ղեկավար», այնպես էլ նրա գործողությունները նախադեպ չունեն։ «Իրենից առաջ որեւէ մեկն այնչափ վնաս չի տվել երկրին, երկրի ժողովրդին, երկրի վարկին։ Այնուամենայնիվ, նույնիսկ արժանավոր մեկի մտքով անգամ չի անցել ծառայության ընթացքում իրեն ամրակցված ապրելատեղը, բնակարանը սեփականաշնորհել, մինչդեռ այս վերջինի ագահությունը թույլ չտվեց զերծ մնալ այդ գայթակղությունից՝ համատարած դժգոհության ֆոնին»։ Մուրադյանի խոսքով՝ Սարգսյանն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» սկզբունքով․ «Որեւէ մեկը չի կասկածում, որ սա իր՝ մեզ պարտադրած տարիներին ահռելի հարստություն է կուտակել, եւ ոչ մեկն այդպիսի բնակարան չէր կարող գնել, բայց այս դեպքում մեկ անգամ եւս համոզվում ենք, որ որքան ցածր է մարդու պարկեշտությունը, ինտելեկտը, իրավիճակը սթափ գնահատելու ունակությունը, այնքան հզոր են բնազդները, այս դեպքում՝ ագահությունը, ընչաքաղցությունը, ամեն գնով ամեն բանի տիրանալու մոլուցքը։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ վերոնշյալ պերսոնան անվերջ փորձում է մեր ժողովրդի համբերությունը՝ տեսնի, թե էլ ինչի կարող ենք դիմանալ։ Որեւէ մեկը, ում պատճառով պաշտոնական թվերով 380 հազար մարդ իր հողն ու տունը թողնելով գլխապատառ փախել է, չէր համարձակվի, բարոյական իրավունք չէր ունենա պետական ծառայողական բնակարանը սեփականություն դարձնել մի քաղաքի սրտում, որտեղ քեզ, մեղմ ասած, չեն սիրում, չեն ընդունում»։







**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**