Ավետարան՝ ըստ Շարմազանովի

Ավետարան՝ ըստ Շարմազանովի
Անլուրջ հարցազրույց․



-**Պարոն Շարմազանով, Ձեզ չի՞ թվում, որ կյանքը ՀՀ-ում տարբերվում է ՀՀ Սահմանադրությունում ձեւակերպված նորմերից**։



-Բաց չէ՞ որ կա ավելի մեծ Սահմանադրություն՝ Աստվածաշունչը, որին մենք պարտավոր ենք հետեւել։



-**Պրն Շարմազանով, Հայաստանը համակված է կոռուպցիայի ախտով, սակայն իշխանությունները ոչ մի լուրջ քայլ չեն անում այն կանխելու համար**։



-Չէ՞ որ Քրիստոսն ասել է․ «Մի դատիր, որ չդատվես»։ Մի՞թե մենք Աստված ենք, որ դատենք։ Ողջերին եւ մեռածներին դատելու իրավունք ունի միայն Քրիստոսը՝ իր երկրորդ գալստյանը։



-**Պրն Շարմազանով, հանրապետության բնակչության կեսից ավելին տառապում է աղքատության ճիրաններում**։



-Դրանք աղքատներ չեն, նրանք դրախտի ապագա բնակիչներն են, չէ՞ որ Քրիստոսն ասել է․ «Երանի չքավորներին, աղքատներին, զրկվածներին, քանզի նրանցն է երկնային արքայությունը»։



-**Պրն Շարմազանով, ինչո՞ւ է ՀՀ-ում կենսաթոշակների չափը սպառողական զամբյուղից կրկնակի քիչ։ Ինչո՞ւ մարդիկ հավատ չունեն վաղվա օրվա նկատմամաբ**։



-Ես այդ կարծիքին չեմ, չէ՞ որ Ավետարանում ասված է․ «Մի՛ մտածեք, թե ինչ պիտի ուտեք վաղը, թռչուններն ու գազանները չեն մտածում, թե ինչ պիտի ուտեն»։



-**Պրն Շարմազանով, ի՞նչու է հայ ժողովուրդն արտագաղթում իր հայրենիքից**։



-Որովհետեւ Քրիստոսն ասել է․ «Թողեք ձեր հայրական տունը եւ գնացեք արդարության հետեւից»։



-**Պրն Շարմազանով, ինչո՞ւ է կրթական համակարգի վիճակն այսքան անմխիթար։ Ինչո՞ւ է մեր իշխանավորների մեծ մասը, մեղմ ասած, թերուս**։



-Նրանք պատշաճ կրթություն չունեն, բայց ունեն «աստվածային հմտություն»։ Մի՞թե Քրիստոսն ավարտել էր Հարվարդի համալսարանը։



-**Պրն Շարմազանով, Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ**։



-Դուք՝ լրագրողներդ, ամեն ինչ նենգափոխում եք։ Չէ՞ որ Քրիստոսն ասել է․ «Երանի արդարության համար հալածվածներին, որ պիտի դրախտ գնան»։ Ուրեմն նրանք քաղբանտարկյալներ չեն, այլ երանելիներ։



-**Պրն Շարմազանով, ինչո՞ւ խոշոր բիզնեսից ստացված հսկայական շահույթները հայտնվում են արտասահմանյան օֆշորային գոտիներում**։



-Ի՞նչ վատ բան կա դրանում։ Քրիստոսն ասել է․ «Շապիկդ ուզում են՝ վերարկուդ էլ տուր»։



-**Պրն Շարմազանով, ինչո՞ւ իշխանությունները, իմանալով ստվերային տնտեսությունում գործող խոշոր բիզնեսմեններին, չեն բերում նրանց հարկային դաշտ**։



-Չէ՞ որ Սուրբ գրքում ասված է․ «Ձախ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ բարեգործություն է անում աջ ձեռքը»։



-**Պրն Շարմազանով, ՀՀԿ-ն իրեն համարում է անփոխարինելի, սակայն չի կարողանում տնտեսական աճ ապահովել**։



-Դրան խանգարում է ժողովուրդը, եթե եւս 1․5 մլն մարդ արտագաղթի, մնացածի համար մենք կապահովենք երկնիշ տնտեսական աճ։



-**Պարոն Շարմազանով, ինչո՞ւ 10 տարի է՝ չեն բացահայտվում մարտի 1-ի ոճրագործության մեղավորները, իսկ տուժածների հարազատները մնացել են իրենց անմխիթար վշտի հետ**։



-Չէ՞ որ Քրիստոսն ասել է․ «Երանի սգավորներին, որ պիտի մխիթարվեն»։



-**Պրն Շարմազանով, Դուք չե՞ք գտնում, որ ժողովրդի ցանկացած ընդվզում իր իրավունքների համար հանդիպում է ՀՀ ոստիկանության բազմահազարանոց ուժերի դաժան դիմակայությանը**։



-Ես այդ կարծիքին չեմ։ Չէ՞ որ Քրիստոսն ասել է․ «Ես չեկա խաղաղություն բերելու, այլ՝ սուր»։



-**Պրն Շարմազանով, այն, որ Դուք հաջողությամբ քողարկում եք ՀՀԿ-ի բոլոր խայտառակ բացթողումները, ժողովուրդը վերագրում է Ձեր բյուզանդական արմատներին**։



-Ճիշտ հակառակը, ես փորձում եմ շտկել ձեր պապերի սխալները, որոնք դարերով թույլ են տվել՝ Քաղկեդոնի ժողովին չմասնակցելու պատճառով։



-**Պրն Շարմազանով, ստացվում է, որ մեր կրոնաբարոյական Սահմանադրությունը՝ Աստվածաշունչ-հրեաշունչը, միշտ արդարացնում է մեր պետաիրավական Սահմանադրությունում մարդու իրավունքների խախտումները**։



-Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Այդ հարցով դիմեք Հիսուս Քրիստոսին՝ նրա երկրորդ գալստյան ժամանակ, եւ մի մոռացեք, որ կրոնաբարոյական Սահմանադրությունը մեր արյան մեջ ներարկվել է 1700 տարի, իսկ պետաիրավականը՝ ընդամենը 25, եւ իմ մեղքը չէ, որ մեկը մյուսին հակասում է՝ գործնականում անհնար դարձնելով իրավական պետության ձեւավորումը ՀՀ-ում։







**Գահակ ԳԵՆԱԴԱՐՁ**