Քաղաքապետի «երազանքը» կիրականացնի կառավարությունը

Քաղաքապետի «երազանքը» կիրականացնի կառավարությունը
Ազգային ժողովում քննարկում են կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Այս օրենքի կետերից մեկով փոփոխություն է նախատեսվում նաև «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որով իշխանությունը մտադիր է լրագրողներին դուրս հանել Երևանի ավագանու նիստերի դահլիճից։ Եթե օրենքն ընդունվի, ապա այսուհետև լրագրողներն իրավունք կունենան Երևանի ավագանու նիստերը լուսաբանել դահլիճից դուրս՝ էկրաններին հետևելու միջոցով։ Սա այն էր, ինչին փետրվարի 13-ի աղմկահարույց նիստից հետո ձգտում էր Տարոն Մարգարյանը, բայց մամուլում բարձրացած աղմուկից հետո դա նրան չհաջողվեց։



Հիմա, փաստորեն, կառավարությունն է իրականացնում քաղաքապետի «երազանքը»։ Նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընտրվել է այն համակարգը, որը գործում է այս պահին Ազգային ժողովում՝ նիստերը լուսաբանել դահլիճից դուրս։ Այս նախագծով նաև արգելվում է Երևանի ավագանու խմբակցությունների առաջարկով դրսից մարդ հրավիրել՝ մասնակցելու ավագանու նիստերին։



«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում նախ հիշեցրեց, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է քաղաքապետին, որ իր հրավերով ավագանու նիստին մասնակցի Լևոն Բարսեղյանը, բայց մերժում է ստացել։ Հիմա այս օրենքով, ըստ Մարուքյանի, վերախմբագրվել է Երևանի ավագանու մասին օրենքը, որ այլևս ոչ ոք չի կարող այդպիսի հրավերով մասնակցել ավագանու նիստին։



«Մենք չունենք խորհրդարանական կառավարում և ապրիլից հետո էլ չենք ունենալու, որովհետև այդպիսի քաղաքական կամք չկա։ Սահմանադրական հիմքերևը դրված են, բայց օրչենսդրությամբ դրանք սահմանափակվում են ամեն օր։ Եվ սա կոչվում է կեղծ խորհրդարանական երկիր։ Կապրենք, կտեսնենք»,-եզրափակեց Էդմոն Մարուքյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**