Արմեն Սարգսյանն ինձ, մեղմ ասած, զարմացրեց, այդ որակի պատասխաններ չէի սպասում

Արմեն Սարգսյանն ինձ, մեղմ ասած, զարմացրեց, այդ որակի պատասխաններ չէի սպասում
_Հարցազրույց քաղտեխնոլոգ __**Վիգեն Հակոբյանի**__ հետ։_



**- Պարոն Հակոբյան, Ազգային ժողովը երեկ Արմեն Սարգսյանի հարցն էր քննարկում։ Նիկոլ Փաշինյանը, ով շարունակ նրա քաղաքացիության մասին տեղեկանքն է պահանջում, հայտարարեց, որ նա գալիս է ոչ լեգիտիմության ահռելի ականը տակը դրած, որ կառավարելի լինի: Մենք գիտենք, որ նման տեղեկանքները Հայաստանի Հանրապետությանը մշտապես ուղեկցում են, հիշենք Ռոբերտ Քոչարյանի պարագան: Քրոնիկ ոչ լեգիտիմության խնդիր կա ՀՀ բոլոր ընտրությունների պարագայում:**



Նիկոլի հետ համաձայն եմ այն առումով, որ ցանկացած նման երեւույթ, երբ նման պաշտոններ զբաղեցնող անձանց լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, դա իսկապես դանդաղ գործողության ռումբ է, որը կարող է խոցելի դարձնել կոնկրետ պաշտոնյային եւ ոչ միայն նրանց, այլ, եթե նա նախագահ է՝ արտաքին աշխարհի համար: Եվ, բնականաբար, կառավարելի դարձնելու համար, որովհետեւ մարդն ինչքան խոցելի է, նրան այնքան հեշտ է կառավարել: Ինչ վերաբերում է նրան, որ դա արդեն տրադիցիա է դառնում, ապա կարծում եմ՝ խնդիրն այն է, որ, երբ մարսում են հանգիստ, դառնում է նախադեպ: Դրա համար էլ իշխանությունները շատ հանգիստ գնում են այդ քայլին: Եվ չեմ բացառում, որ կան ուժեր՝ արտաքին, որոնք կցանկանային, որ նման՝ լեգիտիմության հետ հարցեր լինեին:



Եվ երբ նա ասում էր՝ բերեք էդ թղթերը, էս հարցը լուծենք, գնանք առաջ, ու համառորեն դա չի արվում, դա վկայում է այն մասին, որ բոլոր այն կասկածները, որ կային տեղեկատվական արտահոսքերի միջոցով, կարող են իրականություն դառնալ: Քաղաքացիությանն առնչվող տարբեր կասկածներն առաջացել են տարբեր փաստաթղթերի տակ իր ստորագրությունների հետ կապված, եւ ինքը, ըստ իս, ոչ համոզիչ էր իր բացատրություններում, որ չի նայում, ինքն է ստորագրում: Նիկոլն էլ ասում էր, որ նախագահ լինելու դեպքում էլի՞ անպատասխանատու ձեւով ստորագրելու ես փաստաթղթեր՝ առանց կարդալու: Իսկ իրավաբանական թեմայի հետ կապված մյուս մասի մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ իրավաբան չեմ՝ ասելու, թե որքանով է այսօրվա Սահմանադրության պահանջներին համապատասխանում ընտրությունների անցկացումը ոչ թե առաջնային մանդատով, այլ ԱԺ-ի կողմից անցկացնելը:



**- Շատերի համար հիասթափեցնող էր քննարկումը, իրավաբաններից մեկն անգամ Ֆեյսբուքում գրեց, որ Կահիրեի եգիպտական թանգարանից հայտնում են, որ Արմեն Սարգսյանին այսօր ձոնված ելույթներից հետո Ռամզես II-ի մումիան ակնհայտ ջղաձգվել է:**



Ճիշտն ասած՝ իր այդ պատասխանը, որ դա ինչ-որ մեկի անփութությունն է, կամ ինքը չի նայել, թե ինչ է ստորագրել, ինձ էլ բավականին զարմացրեց: Մեղմ ասած՝ զարմացրեց: Որովհետեւ այդ առումով իրենից այլ խոսք էի սպասում՝ հաշվի առնելով, որ այս հարցը տեւական ժամանակ շոշափվում է, եւ կարելի էր շատ ավելի լավ պատրաստվել, հիմնավոր խոսել, թե ինչի հետ է կապված այս անորոշությունը, այս անհասկանալի իրավիճակը: Եթե այլ գործիչ լիներ, այլ իմիջով, PR-ով, իր մասին ինչ են ասում՝ որ փորձված, կրթված, թրծված, արեւմտյան ստանդարտներին ու ժողովրդավարությանը համապատասխանող մարդ եւ այլն: Մի խոսքով՝ ոչ տեղական ռազլիվի գործիչ, բայց արի ու տես․․․



**- Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն այլեւս կարելի՞ է փակված համարել, որովհետեւ շատերը դեռ ինչ-որ կասկածներ ունեն եւ անգամ քաղաքական դաշտում այս հարցով գրազներ են գալիս, թե բազմաքայլ կոմբինացիաների սիրահար Սերժ Սարգսյանը վարչապետ չի դառնա ու կզարմացնի հասարակությանը՝ այլ պաշտոն զբաղեցնելով:**



Բոլոր այն քայլերը, հայտարարությունները, գործողությունները, օրենսդրական փոփոխությունները, որ արվում են՝ համապատասխանեցնելով Սահմանադրությանը, խոսքն ԱԽ կազմի մասին է, կառավարության, իհարկե, դրանք բոլորն աստիճանաբար դառնում են թափանցիկ ակնարկներ, թե ինչ սխեմա է իրականացվելու վարչապետի հետ կապված՝ որ Սերժ Սարգսյանն է վարչապետի թեկնածուն լինելու, ինչի վերաբերյալ ավելի հանգամանալից կլսենք արդեն նախագահի ընտրություններից հետո:



**- Ասացի՝ տեխնիկայի հարց է, այնուամենայնիվ, ինչպե՞ս կձեւակերպեն, պետության շահն ի՞նչ է պահանջելու:**



Եթե որոշումն արդեն կա, ապա հիմնական հիմնավորումները լինելու են անվտանգությանն առնչվող խնդիրների վերաբերյալ: Համենայնդեպս, տնտեսական հիմնավորումներից ելնելով՝ ներկայիս վարչապետին պաշտոնանկ անելու առիթ չկա: Եթե Սերժ Սարգսյանն ինքը հայտարարում է, որ տնտեսական աճ կա, հաջողություններ:



**Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ**