ՀՀԿ-ի հետողորմեան

ՀՀԿ-ի հետողորմեան
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ երեկ պետք է ընդուներ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խմբակցությունն առաջարկում էր երրորդ` ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, ապրանքներ ներկրելիս սահմանի վրա հետաձգել ԱԱՀ-ի գանձումը:



Հանրապետականն առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել նախագծին: Երեկ, սակայն, քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավար **Վահրամ Բաղդասարյանն** անսպասելիորեն հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին. «Օրենքի նախագծի ընդունումն ուղղակիորեն հակասում է ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների կողմից որդեգրված տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաեւ ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին եւ վտանգում է մեր պետության հուսալի գործընկերոջ հեղինակությունը»: «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր **Նաիրա Զոհրաբյանն** ուշադրություն հրավիրեց «քաղաքական կազուսի» վրա. «Այս նախագծի առաջին ընթերցմանը խորհրդարանական մեծամասնությունը քվեարկել է կողմ, էդ հետո նո՞ր հասկացան, որ հակասում է ինչ-ինչ պայմանագրերին: Ընդամենը արձանագրենք, որ, ի դեմս մեծամասնության, մենք գործ ունենք մի անհասկանալի քաղաքական հանրույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը»: **Միքայել Մելքումյանն** էլ հորդորեց նայել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածը, որտեղ, ըստ նրա, սահմանված է, որ իրենց առաջարկած դրույթը վերապահված է ազգային օրենսդրությանը:



ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ՀՀԿ-ին հասցված հարվածն իր վրա վերցրեց. «Առաջին ընթերցման ժամանակ հանձնաժողովում քննարկման ընթացքում կառավարության դիրքորոշումը եղել է նույնը: Կառավարությունն այն ժամանակ էլ էր պնդում, որ այս որոշման ընդունումն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում մեր միջպետական պարտավորություններին: Ես ինքս անձամբ, ուսումնասիրելով այդ փաստաթղթերը, այդ հակասությունը չէի տեսնում: Ավելին, լինելով հանձնաժողովի նախագահ, ես ինքս եմ դարձել այդ նախագծի իրավական կոնստրուկցիայի համահեղինակը: Բայց հետագայում իրավաբանների հետ խորհրդակցելով, հասկանալով, որ այստեղ ունենք լուրջ խնդիրներ միջպետական հարաբերությունների առումով՝ մենք որոշում կայացրինք դեմ քվեարկել»: Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագծի մերժումը պետք է դիտարկել իրավական եւ քաղաքական հարթություններում․ «Իրավական մասն այն է, որ երբ մենք նախաձեռնել էինք այս փոփոխությունը, այն ժամանակ ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ չէր մտել, այն մտել է դեկտեմբերի սկզբին եւ գործում է հունվարի 1-ից։ Մինչդեռ ես նախագիծը շրջանառության մեջ եմ դրել անցած տարվա օգոստոսի 30-ից։ Առաջին ընթերցումը հոկտեմբերի 9-ին էր, եւ այդ ժամանակ, իրենց պնդմամբ, չկար այդ հակադրությունը։ Բայց պետք է արձանագրեմ, որ այս օրենքի ընդունումը բերելու էր բյուջետային որոշ մուտքերի կրճատման՝ ժամանակավոր, որովհետեւ, եթե հետաձգում ենք, բերում է որոշակի ճնշումների։



Բայց իրենք ակցենտը դնում են, որ հակասում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի 58-րդ հոդվածին, որն ասում է, որ այդ տիպի արտոնությունները սահմանում են ազգային օրենսդրությունները։ Իսկ 136 հոդվածի 1-ին մասով հղում է արվում 58-րդ հոդվածին եւ ասում՝ միգուցե առանձնաշնորհներով տալ։ Ես էլ ասում եմ՝ կառավարությունը կարող է վերցնել եւ առանձին ապրանքների համար առանձնաշնորհ տալ։ Այստեղ մենք արձանագրում ենք որոշ գործառույթի զիջում։ Այսինքն՝ եթե ես ուզում եմ իմ երկրի համար մի լավ բան անեմ, հակասում է նրան։ Ընդ որում՝ ֆինանսների նախարարությունն էլ չի թաքցնում, որ սա չեզոք ազդեցություն ունի Ռուսաստան, Ղազախստան, ընդ որում՝ իրենք էլ որ անեն, մեզ համար չեզոք ազդեցություն է ունենալու»,- ասաց Մելքումյանը՝ շեշտելով նաեւ, որ առաջինից երկրորդ ընթերցում որեւէ փոփոխություն չի կատարվել, որը կստիպեր իշխող ուժին հետ կանգնել իր դիրքորոշումից։ Մելքումյանը նախագծին կառավարության ի սկզբանե դեմ դիրքորոշումը պայմանավորեց հետեւյալով․ «Այդ ժամանակ մենք ունեինք ԵԱՏՄ-ի հիմնադիր պայմանագիր՝ 2014 թվականին ընդունված, այ, նրա դրույթներին հակասում էր, իսկ նոր Մաքսային օրենսգրքին, որը հունվարի 1-ից է մտել ուժի մեջ, չի հակասում»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**