Երուսաղեմի Սբ. Հարության տաճարի փակման լույսն ու ստվերը… փողեր, փողեր, փողեր

Երուսաղեմի Սբ. Հարության տաճարի փակման լույսն ու ստվերը… փողեր, փողեր, փողեր
Արդեն մի քանի օր է, ինչ երեք կրոնների մայրաքաղաք Երուսաղեմը միջազգային բոլոր լրատվամիջոցների լրահոսի թոփ թեմաներում է ընդգրկված: Խնդիրը Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների հետ կապված խնդիրն է, որն առաջացել է Երուսաղեմի քաղաքապետարանի ընդունելիք նոր որոշման արդյունքում:



Ինչպես նշում են orthodoxie.com-ը եւ AFP-ն, այդ որոշումը, որի նախագծի մասին հայտնի է դարձել փետրվարի սկզբին, նախատեսում է, որ Երուսաղեմում գործող քրիստոնեական եկեղեցիները կենթարկվեն որոշակի հարկման: Մասնավորապես, ինչպես իսրայելական պաշտոնական հայտարարություններից կարելի է դատել, համաձայն Երուսաղեմում գործող դրության, որը հիմնված է միջազգային օրենքի, տեղի բազմադարյա ավանդության եւ ստատուս-քվոյի սկզբունքի վրա, մինչ այժմ Երուսաղեմում գործող քրիստոնեական եկեղեցիները՝ Հայ առաքելական, կաթոլիկ եւ հույն, ազատված են եղել հարկերից, սակայն Երուսաղեմի քաղաքապետարանը որոշել է, որ բոլոր այն հողատարածքների դիմաց, որոնք հասույթ են բերում, այսինքն՝ եկամտաբեր են, իսկ դրանք բավականին շատ են, պետք է հարկվեն: Դրանք առեւտրային հաստատություններ են, բնակելի շենք-շինություններ, գրասենյակային տարածքներ եւ այլն, որոնք շահագործվում են քրիստոնեական եկեղեցիների կողմից եւ, պարզ ասած` եկամուտներ ապահովում կրոնական կառույցների համար: Ուշագրավ է այն, որ Երուսաղեմի քաղաքապետարանն արդեն մանրամասնել է, որ այն բոլոր տարածքները, որոնք ունեն պաշտամունքային նշանակություն, ասենք՝ որոնց վրա եկեղեցիներ, տաճարներ, մատուռներ են կառուցված կամ այլ սրբավայրեր, կպահպանեն հարկերից ազատված լինելու դրությունը՝ ըստ ընդունված եւ գործող կարգի:



Բացի այս, Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, քննարկվում է նախագիծ, որը հնարավորություն կտա բռնագրավել Երուսաղեմում եկեղեցիների կողմից վերջին տարիներին անշարժ գույքի ընկերություններին վաճառված հողը: Հենց այս ամենն էլ շարժել է Երուսաղեմում գործող քրիստոնեական եկեղեցիների ղեկավարների զայրույթը, եւ արդեն քանի օր է՝ փակ է համաքրիստոնեական գլխավոր սրբավայրը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, որը, ըստ քրիստոնեական ավանդության, գտնվում է այն վայրում, որտեղ ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մարմինը՝ մինչ Հարությունը: Նույնիսկ դեռ պարզ չէ, թե համաքրիստոնեական գլխավոր տոնի՝ Սուրբ Զատկի օրերին արդյոք Սուրբ Հարության տաճարը կբացի՞ դռները, թե՞ ոչ: Հետաքրքրականն այն է, որ մշտապես իրար հետ անհամաձայնության մեջ գտնվող Երուսաղեմում գործող եւ Սուրբ Հարության տաճարի իրավատեր եկեղեցիներն այս հարցում եղբայրական այնպիսի միակամություն եւ համախորհուրդ կեցվածք են որդեգրել, որն առնվազն զարմանք կարող է հարուցել: Սակայն ավելի ուշադիր լինելու դեպքում կարելի է հասկանալ, որ պարզապես այստեղ համընկել են քրիստոնեական եկեղեցիների պետերի շահերը, եւ երեկվա հակառակորդները, որոնք կարող էին, ասենք, ծեծկռտուքներ հրահրել նույնիսկ արարողությունների ժամանակ, մի մեխի կամ մի թիզ հողի համար իրար կոկորդ կրծել, այսօր դարձել են դաշնակիցներ: Այս ամենը, սակայն, այնքան էլ միանշանակ չէ, որքան կարող է թվալ եւ մեկնաբանվել համաքրիստոնեական եղբայրության տեսանկյունից:



Մենք քանիցս անդրադարձել ենք Երուսաղեմում քրիստոնեական ժառանգության, գույքի եւ այլնի հետ կապված խնդիրներին՝ ինքնուրույն նյութերով կա՛մ իսրայելական, կա՛մ այլ աղբյուրներից ու միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից ներկայացնելով հրապարակումներ առ այն, որ, օրինակ, Իսրայել պետության եւ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի միջեւ իրականացվել է գաղտնի գործարք, որով նշանակալի հողատարածքներ, ընդ որում՝ հարյուր միլիոնավոր դոլարների արժողության, պարզապես փոշիացվել են: Ուշագրավ մի հանգամանք․ հոդվածներից մեկը ռուսալեզու օնլայն ռեսուրսը պատրաստել է հենց հայոց վանքից ստացված ահազանգի հիման վրա: «Հրապարակն» անդրադարձել է նաեւ պաղեստինյան քրիստոնյաների` ընդդեմ Երուսաղեմի Հույն եկեղեցու պատրիարք Թեոֆիլոս III-ի դեմ անցած տարի տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնք սկսվել էին այն պատճառով, որ պատրիարքն այն հողերը, որտեղ իրենք էին բնակվում, վաճառել էր Իսրայել պետությանը: Առհասարակ, Թեոֆիլոս III-ի հետ կապված խնդիրները հասել էին այնտեղ, որ օրթոդոքս քրիստոնեական աշխարհում քննարկման առարկա էր դարձել նրան գահազուրկ անելու հարցը: Այս երկու դրվագն արդեն գալիս է ապացուցելու, որ այստեղ գործ ունենք լրջագույն հանցագործությունների, մսխումների, փոշիացումների հետ, եւ եթե հանկարծ Քնեսեթն ընդունի օրենքը, ապա կպարզվի, թե տասնամյակների ընթացքում ինչպես է վատնվել հայոց, հունաց եւ կաթոլիկ պատրիարքությունների անշարժ գույքի զգալի մասը:



Ի դեպ, նույն Երուսաղեմի քաղաքապետարանը ներկայացրել է նաեւ հարկման ենթակա օբյեկտների ցանկը, որտեղ, ընդհանուր առմամբ, ներառված է 887 օբյեկտ, որոնց դիմաց Երուսաղեմում գործող քրիստոնեական եկեղեցիները Երուսաղեմի քաղաքային իշխանություններին պարտք են ոչ պակաս, քան 657 միլիոն հրեական շեքել, որը համարժեք է 190 միլիոն դոլարին կամ 150 միլիոն եվրոյին: Իհարկե, Երուսաղեմի մունիցիպալ իշխանությունները չեն նշել, թե քրիստոնեական եկեղեցիներն այդ պարտքը որքան ժամանակում են կուտակել, սակայն AFP-ն, տարբեր եկեղեցիների առաջնորդներից իրեն փոխանցված տվյալների հիման վրա, հաղորդել է, որ ունեցած պարտքերի պատճառով Երուսաղեմի քաղաքապետարանը սառեցրել է մի քանի եկեղեցիների բանկային հաշիվները:



Այսքանից հետո հարց է առաջանում, թե որքանով բարոյական է Սուրբ Հարության տաճարի դռների փակումն ուխտավորի առաջ, ով ոչ մի առնչություն չունի այդ մութ գործարքների հետ: Ի դեպ, Երուսաղեմում գործող եւ Սուրբ Հարության տաճարի իրավատեր քրիստոնեական եկեղեցիներն այնքան «եղբայրասեր» են, որ Սուրբ Հարության տաճարի բանալիներն արդեն մի քանի հարյուրամյակ գտնվում են մահմեդական ընտանիքի ձեռքում, եւ նրանք են բացում ու փակում Սուրբ Հարության տաճարն ամեն օր:



**ՀԳ․** _Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ տաճարի դռները բացվել են: Երուսաղեմի քաղաքապետարանը բավարարել է հայոց, հունաց եւ լատին պատրիարքների` եկեղեցապատկան կալվածքները հարկման չենթարկելու պահանջը:_



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**