Մարզպետի օգնականն ուզում է, որ իր հայրը նորից գյուղապետ դառնա

Մարզպետի օգնականն ուզում է, որ իր հայրը նորից գյուղապետ դառնա
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի օգնական Սարգիս Ղազարյանը «շեֆի» անունից իր հարազատ գյուղում «մառոզ» է անում: Ինչպես հայտնի է՝ մարտի 11-ին Հայաստանի 30 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, այդ թվում՝ Արարատի մարզի Եղեգավան համայնքում: Մարզպետի օգնականը Եղեգավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանի որդին է։ Հայրը կրկին առաջադրվել է՝ իրեն ձեւական մրցակից կարգելով մեկին: Արամայիս Գրիգորյանի օգնականը՝ համայնքապետի որդին, մարզպետի անունից գյուղում աջուձախ «հաթաթաներ» էր տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին թեկնածություն առաջադրել: Պարզ է, որ ընտրությունն էլ նույն մթնոլորտում է անցնելու։



Մենք զանգահարեցինք մարզպետի օգնական Սարգիս Ղազարյանին՝ լսելու նրա մեկնաբանությունը վերոնշյալի վերաբերյալ։ Նա նախ հետաքրքրվեց. «Ո՞վ է նման տեղեկությունը հայտնել Ձեզ»։ Երբ բացատրեցինք, որ տեղեկություն հայտնողի անունը չենք հայտնում, ասաց․ «Այսինքն՝ ե՞ս եմ ճնշումներ գործադրում… չէ, նման բան չկա, էտի՝ հաստատ… հետո՝ իմ հերն արդեն էս 30 տարի ա՝ գյուղապետ ա, ժողովուրդը շատ սիրում ա իրան, տենց կարիք չկա ինչ-որ շատ ներկայացնելու իրան»։



-**Իսկ մրցակիցներ ունի՞ Ձեր հայրը**։



-Մրցակիցներ՝ չգիտեմ, ոնց որ դրել են իրա դեմ։



-**Ովքե՞ր են դրել**։



-Չգիտեմ, ճիշտն ասած՝ տենց չեմ հետաքրքրվել։



-**Ասում են՝ ձեւական մրցակից կա, որին Դուք եք առաջադրել**։



-Չէ, չէ, նման բաներ չկան։



-**Իսկ մարզպետ Արամայիս Գրիգորյանն ինչ-որ ձեւով աջակցո՞ւմ է Ձեզ։**



-Չէ, ի՞նչ աջակցություն, նորմալ ընտրություններ են լինելու՝ օրինական ձեւով։ Ինտրիգներ-բան չկան, էլի, որ տենց բան եք ման գալիս։ Անտեղի եք փնտրում տենց բաներ։