«Նախագահը» պետք է լինի փոքրատառ

«Նախագահը» պետք է լինի փոքրատառ
Պետական գերատեսչություններն իրենց հաղորդագրություններում եւ պաշտոնական փաստաթղթերում, ինչպես նաեւ շատ լրատվամիջոցներ իրենց նյութերում «նախագահ» բառը, եթե դա վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտոնին, գրում են մեծատառ։ Եվ դա կոպիտ ուղղագրական սխալ է։ Բայց դեռեւս նախորդ Սահմանադրության մեջ «նախագահ» բառն ամրագրված էր մեծատառով։ Այսինքն՝ սխալը Սահմանադրությունից էր գալիս։ Լեզվի տեսչությունում էլ են ընդունում, որ այս բառը պետք է գրել փոքրատառով, քանզի այն հասարակ անուն է, բայց երբեւէ չեն փորձել կամ համարձակվել դիմել նախագահական՝ շտկելու ուղղագրական այդ սխալը։ «Նախագահ» բառն էլ գերատեսչությունները, պարտադրված կամ սիրով, մեծատառ են գրում, քանի որ այն վերաբերում է Սերժ Սարգսյանին։ Նոր Սահմանադրությամբ, սակայն, «նախագահը» դարձել է փոքրատառ, քանի որ երկրի նախագահն այլեւս այն ուժեղ դեմքը չի լինելու, ինչ Սերժ Սարգսյանն է այսօր՝ ի պաշտոնե։ Չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ վաղն էլ «վարչապետ»-ը գրվի մեծատառով, երբ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ Ինչ խոսք, հիանալի «տրամաբանություն» լեզվական կանոններում։



Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանին հարցրինք՝ «նախագահ» բառը, ի վերջո, մեծատա՞ռ պետք է գրել, թե՞ փոքրատառ, թե՞ կախված է նրանից, թե ով է նախագահը։



«Չէ, չէ, ով է նախագահը՝ չէ։ Ես կարծում եմ՝ «նախագահը» պետք է լինի փոքրատառ։ Չնայած՝ շատ լեզուներում ու նաեւ անգամ շատ լեզվաբանների կարծիքով, պետք է գրել մեծատառ։ Բայց դա սովորական բառ է, ցանկացած «նախագահ» պետք է գրել փոքրատառ»,- ասաց նա։



-**Նկատե՞լ եք, որ նախորդ Սահմանադրության մեջ «նախագահ» բառը գրվում էր մեծատառ, իսկ նոր Սահմանադրության մեջ այն փոքրատառ է**։



-Չէ, ես ուշադիր չեմ եղել՝ ճիշտն ասած։ Մեզ ուղղակի հարցումներ են արել տարբեր լրատվամիջոցներից եւ կազմակերպություններից, թե ինչպես պետք է գրել, ես ասել եմ, որ ստեղ որեւէ բան չկա, որեւէ երկրում «նախագահ» բառը մեծատառով չի գրվում, եւ այստեղ որեւէ հիմք չունենք մեծատառ գրելու։ Շատերը մատնանշում էին Սահմանադրության, այսպես կոչված՝ գրությունը։ Ես կարծում եմ՝ էստեղ որեւէ բան չկա, անուն-ազգանունը, բնականաբար, պետք է գրել մեծատառ, «նախագահ»-ը՝ փոքրատառ։



-**Իսկ տեսչությունը երբեւէ քայլ ձեռնարկե՞լ է, որ, ինչպես պետական գերատեսչությունների հաղորդագրություններում, այնպես էլ Սահմանադրության մեջ այդ ուղղումը մտցվի**։



-Գիտե՞ք, մենք, բնականաբար, Սահմանադրության հետ կապված, անընդհատ տեղյակ ենք եղել, կարդացել ենք, ընթերցել ենք էդ կարծիքները, տեղեկացրել ենք սահմանադրական հանձնաժողովին, եւ նրանց կողմից էլ քիչ չեն եղել հարցումները։ Այսինքն՝ աշխատանքային գործունեություն մեր միջեւ եղել է, եւ եթե Դուք նայեք, Սահմանադրությունը լեզվական առումով բավականին հղկված է։



-**Տեսչությունն ի զորո՞ւ է «նախագահը» դարձնել փոքրատառ նախագահական կառավարման երկրում**։



-Չէ, ի զորու չէ, մենք ընդամենը կարող էինք արտահայտել մեր կարծիքը։ Ի զորու է այն մարմինը, որն ընդունում է այդ օրենքը եւ օրենքում մատնանշում։ Նրանք պետք է հաշվի առնեն՝ արդյոք մասնագետները կամ, տվյալ պարագայում, տեսչությունն ինչ կարծիք ունի։



-**Իսկ հաշվի առե՞լ են ձեր կարծիքը**։



-Ես կարծում եմ, որ… համենայնդպես, մեզ այդպիսի հարցում չի եղել «նախագահ» բառի հետ կապված, բայց մենք ուղղակի քննարկել ենք։ Ես, օրինակ, կարծիք եմ արտահայտել՝ «նախագահը» պետք է լինի փոքրատառ։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**