Լրագրողները՝ ավելորդ օղա՞կ

Լրագրողները՝ ավելորդ օղա՞կ
Իսկ երաժիշտներ, կոնկրետ` սազանդարներ, կարո՞ղ են մասնակցել ՀՀ կառավարության կամ Երևանի ավագանու նիստերին: Նրանց ներկայությունից մեր կառավարության անդամները կամ Երևանի ավագանին, կարծում եմ, շատ չեն նեղվի, կամ առնվազն այնքան չեն նեղվի, ինչքան լրագրողների ներկայությունից: Նիստերի հետո էլ այդ սազանդարները կգան ու կգովեն իմաստնության սահման վարչապետի և վիշապաքաղ քաղաքապետի ընդունած հանճարեղ որոշումները:



Մամուլի հետ աշխատելու այս մեթոդն, ի դեպ, այսօր էլ հաջողությամբ գործում է Հյուսիսային Կորեայում: Էդուարդ Շարմազանովը, սակայն, շատ անհաջող օրինակ է բերում` նշելով, որ Գերմանիայից մինչև Անգլիա, կառավարությունների նիստերը փակ են` ինչ լրագրող, ինչ բան…: Այո, երևի Գերմանիայից մինչև Անգլիա ընտրություններ են կազմակերպվում, կառավարություն են ձևավորում և վարչապետ նշանակում ճիշտ հայկական ձևով: Պարոն Շարմազանով, Գերմանիայից մինչև Անգլիա, ընտրություններից հետո ժողովուրդն ընդհանրապես մոռանում է կառավարությանն էլ, վարչապետին էլ, քաղաքապետին էլ: Ընտրություններից հետո այդ երկրներում սկսում են աշխատել օրենքները և ոչ մեկի մտքով չի անցնում աչքերը չորս արած հետևել, թե կառավարությունում կամ մեկ այլ պետական օղակում ինչով են զբաղված պաշտոնյաները:



Մեզ ասում են` տեղեկատվություն ստանալու շատ այլ ձևեր կան, և պարտադիր չէ, որ լրագրողը կառավարության նիստին տեղավորվի երկու նախարարի արանքում: Լավ, իսկ որո՞նք են այդ ձևերը` պաշտոնական հաղորդագրություննե՞րը, մամուլի խոսնակների ճռվողյո՞ւնը, երևելի այրերի ու տիկնանց ֆեյսբուքյան գրառումնե՞րը, հատուկ ընտրված TV-նե՞րը… Սրանք ձեռ են առնում մեզ. ասում են` հարցերը գրավոր ուղարկեք, կպատասխանենք: Այո, հիշում եմ, ես մի անգամ գրավոր հարց եմ ուղարկել և խիստ հանգամանալից պատասխան եմ ստացել մի շատ հարգարժան պաշտոնյայից, որ նամակի մեջ գրել էր ամեն ինչի մասին, բացի իմ հարցից:



Լրագրողների ճանապարհը փակելը որոշ դեպքերում արդարացնում են նաև ուղիղ հեռարձակման առկայությամբ: Ասում են` հանրությունը տեղեկացվում է, էլ դո՞ւք ինչու պետք է մասնակցեք: Դիտեք ուղիղ հեռարձակումն ու գրեք ձեր գրելիքը: Պարոնայք, դուք այդ ինչքան հետամնաց եք: Այսօր լրագրող աղջնակն իր հեռախոսով ուղիղ եթեր է ապահովում որտեղից ասեք, ու նրան պետք չէ դիտել ձեր հատուկ ռակուրսով ուղիղ եթերը: Հասկացեք, լրագրողները թութակ չեն, որ հաջորդ օրվա թերթի մեջ գրեն այն մասին, ինչ դուք արդեն ցուցադրել եք այսօր: Լրագրողը, մինչ դուք ուղիղ հեռարձակում եք նիստը կամ մի ուրիշ բան, ուշիուշով հետևում է ձեր ամեն մի շարժումին, քնա՞ծ եք նիստին, թե «շարիկ» եք խաղում, վերջապես` ինչ եք հագել, մեյքափ, պեդիկյուր, սանրվածք… Այս ամենը հետաքրքիր է լրագրողին ու ընթերցողին և շատ կարեւոր` ձեր էությունը հանրությանը ցուցադրելու համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ նիստին մասնակցող լրագրողը կարող է դուրս վազել դահլիճից, որպեսզի աստիճանների վրա «բռնացնի» նիստից ծլկողին, նրան ուղղի իրեն հետաքրքրող հարցերը: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե լրագրողներն ինչ շոկ են ապրում, երբ ԱԺ-ում հանկարծ տեսնում են տարիներով նիստի չեկած մի պատգամավորի:



ՀՀ կառավարության օրինակին որոշել է հետեւել նաև Երևանի ավագանին ու իր նիստերը փակել լրագրողների առաջ: Երևի լրագրողները շատ ծանր կտանեն այս նորությունը: Բայց ոչինչ, եթե որոշել եք փակ նիստ անել, ուրեմն արեք, գնացեք մինչև վերջ: Պարզապես ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կմեկնաբանվեր օրեր առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած խայտառակությունը, եթե այնտեղ լրագրողներ չլինեին, իսկ նիստն էլ լիներ այնքան փակ, ինչքան Տարոն Մարգարյանի սիրտը կուզեր: Նիստից հետո քաղաքապետարանի մամլո ծառայությունը, հավանաբար, կգրեր. «Տեղի ունեցավ Երևանի ավագանու հերթական նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ եղավ նաև Նուբարաշենի բարեկարգման և քաղաքացիների հարմարավետության ապահովման հարցերին: Նիստին ակտիվորեն մասնակցեցին և իրենց շահեկան առաջարկներով հանդես եկան «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամները, որոնք նաև հայտարարեցին, որ եղել են Նուբարաշենում և այնտեղից կոյուղաջրի նմուշներ են բերել քաղաքապետին կից հատուկ ծառայություններին հանձնելու և լաբորատոր ստուգման ենթարկելու համար»: Այսքան բան: Բայց դուք տեսա՞ք ինչ արեցին լրագրողները: Ինչ ասես` չգրեցին, ինչ ասես ցույց չտվեցին… էլ մազ քաշել, էլ բոքսել, էլ պինդ գրկել, էլ ձեռ գցել… Եվ, պատկերացրեք, այդ ամենը լրագրողների երևակայության արդյունք չէր:



Հետաքրքիր է, թե երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն ինչպես կարձագանքեն մեր մյուս քաղաքների, օրինակ` Գյումրու, Վանաձորի, Հրազդանի քաղաքապետարանները: Իսկ մարզպետները վաղը չե՞ն պահանջելու իրենցից որոշակի հեռավորության վրա պահել լրագրողներին: Հետո էլ կգա չաղ օրենքի հերթը, որով լրագրողները կհայտարարվեն ավելորդ օղակ` ՀՀ իշխանությունների և ժողովրդի` փոխադարձ սիրո և հարգանքի հիմքի վրա կառուցված հարաբերություններում:



Առաջ գոռալով` հետ-հետ ենք գնում, պարոնայք: Հավանաբար որոշել եք լրագրողներին ինչ-որ կեպ հաղթել ու հօդս ցնդեցնել այն «թյուր» կարծիքը, որ եթե Հայաստանում մի կայացած բան կա, ապա դա մամուլն է: Բայց ասեմ, եթե մեր մամուլը չլիներ, մեր լրագրողների աշխատանքը չնկատվեր ժողովրդավարության և ազատ խոսքի միջնաբերդերում, Հայաստանը գուցե բոլոր ասպեկտներով հավասարվեր Ադրբեջանին և նույնիսկ «մասամբ ազատ» երկիր չհամարվեր:



**Էդիկ Անդրեասյան**