Ինչ են գրելու պատմագետները 60 տարի անց Սերժ Սարգսյանի մասին

Ինչ են գրելու պատմագետները 60 տարի անց Սերժ Սարգսյանի մասին

Պատմություն շարադրել նշանակում է մեկ ընդհանուր տիրույթում հավաքել տվյալ իրադարձության հետ կապված բոլոր հնարավոր աղբյուրները, հետազոտությունները, մամուլի արձագանքները, արխիվային նյութերը, միջազգային մամուլը, արտաքին աշխարհի գիտական-հրապարակախոսական արձագանքները և այլն: Հասկանալի է, որ գործ ունենք հսկայական հումքային պաշարի հետ: Աղբյուրները որպես կանոն կարող են չհամապատասխանել իրար և դրանից ելնելով պատմագետի խնդիրն է մանրազննին հետազոտել դրանք, խճանկարի տրամաբանությամբ հատիկ-հատիկ տեղադրել պատմական տվյալ ժամանակաշրջանի ամեն մի քարը, բերել հավասարակշռության դրանք և կատարել համապատասխան վերլուծություն՝ ստանալով ամբողջական պատկեր: Եվ միայն այս բարդ գործընթացից հետո հնարավոր կլինի տվյալ համալիր հետազոտությունը հանձնել թղթին: Այսինքն ամեն օր նոր փաստեր են հրապարակվում, նոր աղբյուրներ են ի հայտ գալիս և դրանից ելնելով պատմություն գրելը կատակ գործ չէ և ոչ էլ մեխանիկական աշխատանք:

Ասվածի համատեքստում չափազանց հետաքրքիր է, թե 60 տարի անց պատմագետները ինչպես են նկարագրելու 2010-ականների Հայաստանն ու ինչպե՞ս են վերականգնելու Սերժ Սարգսյանի կերպարը:

Այսպիսի օրինաչափություն կա. իրադարձությունների ժամանակակիցները հաճախ չեն կարողանում ճշգրիտ գնահատել գործընթացների էությունը և միայն տասնամյակներ ու հարյուրամյակներ անց պատմագետներն են, որ վերականգնում են ժամանակաշրջանի ամբողջական խճանկարը: Եվ այսպես 60 տարի անց ի՞նչ են գրելու պատմագետները Սերժ Սարգսյանի մասին: Իսկ ի՞նչ աղբյուրներից պետք է նրանք օգտվեն: Աղբյուրներն ինչպես նշեցինք հաճախ հակասական են լինում և իրարամերժ: Սերժ Սարգսյանի դեպքում՝ հատկապես:

Արդի պաշտոնական գրագրությունը նրան ներկայացնում է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, հմուտ դիվանագետ և առհասարակ խոհեմ առաջնորդ:

Ընդդիմադիր հրապարակախոսները ոչնչացնում ու նսեմացնում են նրա կերպարը՝ դիտարկելով որպես բռնապետ ու ձախողված քաղաքական-պետական գործիչ:

Միջազգային մամուլը հիմնականում չեզոք գնահատականներ է հնչեցրել, բայց կան նաև գոհունակ արձագանքներ: Օրինակ՝ Հայաստանի երեք նախագահներից Սարգսյանը ամերիկացիների համար «ամենասիրելին է»

Ժողովուրդը ակնհայտորեն չի սիրում Սերժ Սարգսյանին, իսկ դրա վերաբերյալ աղբյուրները բազմաթիվ են: Այս ամենին էլ եթե ավելացնենք Հայաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ապագայում գաղտնազերծվելու ենթակա տեղեկությունները, գաղտնի փաստաթղթերը, ապա ուսումնասիրող մասնագետը պարզապես շփոթմունքի մեջ կընկնի:

Բոլոր այս աղբյուրներից զատ կա նաև մի նոր աղբյուր, որը տասնամյակներ անց վստահաբար վերածվելու է աղբյուրագիտական արժեքավոր նյութի: Դա ֆեյսբուքն է: Բայց ո՞րն է լինելու Ֆբ-ն ուսումնասիրելու չափորոշիչը:

Ինչպես տեսնում ենք ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, դեռ ավելին՝ խճճված: Շատ բան կախված կլինի նաև 60 տարի անց Հայաստանում ձևավորված քաղաքական ռեժիմի բնույթից: Կարող է այնպիսի իշխանություն ձևավորված լինի, որը քարոզչական նկատառումներից ելնելով կփորձի դեմոնիզացնել արդի Հայաստանը, իսկ հակառակ պարագայում ներկա իրավիճակը կպատկերվի վարդագույն գույներով:

Այսինքն՝ կասկած չկա, որ նույնիսկ տասնամյակներ անց Սարգսյանի կերպարի շուրջ բանավեճերը շարունակվելու են և նույնիսկ շատ ավելի բուռն ու իրարամերժ կերպով։

Շատերի համար հնարավոր է, որ տարօրինակ ակնարկ է, բայց տասնամյակների կտրվածքով իրադարձություններին ու անհատներին դիտարկելը անհրաժեշտություն է: