Մահից առաջ երգչուհու վերջին խոստովանանքը

Մահից առաջ երգչուհու վերջին խոստովանանքը
2015 թվականին ռոմանսի թագուհի (չեմ վարանում այդպես անվանել) Մարիետա Բադալյանը «խոստովանանք էր արել»՝ քառասուն տարի բեմում երգելուց հետո․



**«Ես էլ չգիտեմ, թե ինչու եմ գրում, բայց դե գրում եմ էլի.... Ժողովուրդն ասում է, երբ հոգս ու ցավ ես ունենում լաց եղիր, մի կուտակիր ներսդ, սիրտդ կճնշի.... Լացե՞լ...հնարավոր է նաև լաց լինեմ...դեռ ինչ որ բան խանգարում է այդ պրոցեսին, դեռ ինչ որ հույս եմ փայփայում, որ , ո՞վ գիտի, միգուցե ինչ որ բան փոխվի, շտկվի.....**



**․․․Իսկ հիմա եկավ պահը, որ ասեմ, որ բարձրյալն ինձ պարգևած ընծան՝ երգելու կարողությունը ետ վերցրեց, ես զրկվեցի լիարժեք շնչելու կարողությունից, արդյունքում , բնականաբար՝ նաև երգելու,,,,**



Այդքանից հետո նրա ապրումները պատկերացնու՞մ եք, որը փորձել էր արտահայտել բառերով։



**«Ես այսօր լսում էի իմ հին ու նոր ձայնագրությունները, լսում էի ու լսում , և այստեղ էր, որ աչքերիցս արցունքներ հոսեցին...և միթե՞ դա հավասար չի՝ կույրի կամ համրի զգացողությանը, երբ մեղեդին ուզում է դուրս գալ ձայնալարերից, բայց կոկորդդ սեղմվում է, և քեզ հիշեցնում, որ իզուր է ամեն ջանք...**



**Եվ միթե՞ սա մահից էլ ավելի հզոր չէ, երբ գիտես, որ քո համար երգելը կյանք է եղել, իսկ հիմա՞... Այն ինձ հետ եղել է և՝ ուրախության և՝ տխրության պահերին, նա ինձ համար պահապահ հրեշտակի դերում է եղել... Ես առողջության հետ միասին կորցրեցի լիարժեք ժպտալու կարողությունից, թերևս, միայն թոռնիկներիս հետ եմ մի պահ վերանում իրականությունից , և դեռ աչքերս ունակ են ժպտալու...»**



Նույն ժամանակ երգչուհու ֆեյսբուքյան էջում արձագանքել էին․



[Մարի Բարսեղյան-Խանջյան](https://www.facebook.com/mari.barseghynkhangyan?fref=ufi&rc=p)



**Սիրելի՛ Մարիետա Բադալյան, իսկական , զգայական ցավ զգացի Ձեր խոսքերից , ցավում եմ, որ դուք առողջության հոգսեր ու ցավ ունեք....Դուք այնքան լավ ու գեղեցիկ , մաքուր ու ազնիվ հույզեր եք պարգևել մեզ, որ Ձեր տվածով գեղեցիկի ու ոգեղենի իրական ու մեծ դղյակ եք կառուցել... Մի՛ վհատվեք....Երաժշտական Ձայնը անսպառ չի լինում, որքան էլ մեր ժողովուրդը մաղթում է՝ Ձայնդ՝ անսպառ....Կարևորը Ձեր առողջությունն է, վերականգնե՛ք այն, ապրե՛ք առողջ և վայելե՛ք կյանքը մեզ պես՝ սովորական մահկանացուներիս պես , որ երբեք չենք երգել ու չենք կարողացել երբէ երգել.... Դուք՝ մտավորականի Ձեր անուշ, ազնիվ ու հուզիչ երգերով շատերի հոգուն բալասան եք եղել...Փորձե՛ք լսել Ձեր երգերն այնպես,ասես ուրիշն է երգում , ու վայելեք նրա երգի՝ աղբյուրի պես զուլալ մաքրությունը.... Ձեր երգը Ձեզ կապաքինի, հավատացնում եմ... Ձեր հաջորդ գրառումը թող լինի լրագրողական գեղեցիկ մի ակնարկ, թե ինչպես Դուք ապաքինվեցիք և տանը , քթի տակ մեղմիկ երգ եք շշնջում ..... Մենք Ձեզ սիրում ենք, իսկ ՍԵՐԸ ՀՐԱՇՔՆԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ.....**



Իսկ այսօր այս լացող եղանակին ականջումս Մարիետայի ձայնն է՝ դեղնած դաշտերին իջել է աշուն։ Նա չկա։ Բայց չերգելը նրա համար ավելի սարսափելի էր․** «Եվ միթե՞ սա մահից էլ ավելի հզոր չէ, երբ գիտես, որ քո համար երգելը կյանք է եղել, իսկ հիմա՞...»**



Հասմիկ Բաբաջանյան