Ինչու՞ Գոռ Վարդանյանը նախընտրեց դառնալ Երեւանի քաղաքապետի խորհրդական

Ինչու՞ Գոռ Վարդանյանը նախընտրեց դառնալ Երեւանի քաղաքապետի խորհրդական
Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, որը հանրությանը հայտնի է որպես կարատեիստ, անցած շաբաթ իր մասին հիշեցրեց Երեւանի ավագանիում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, երբ գրկելով դուրս էր շպրտել ավագանու նիստին կոյուղաջրի տարայով ներկայացած «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին։ Գոռ Վարդանյանին էլ հանրության ակտիվ շրջանակները դատապարտում են կնոջ նկատմամբ բռնություն կիրառելու, իր դիրքը չարաշահելու համար։



Ժամանակին Գոռ Վարդանյանի հիմնադրած արեւելյան մարզաձեւի «Ֆուլ կոնտակտ կարատե» դպրոցը հաճախած սաների ծնողներից մեկն օրերս մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց․ «Երկու որդիներս էլ ժամանակին հաճախել են Գոռ Վարդանյանի դպրոցը, լավ մարզվել։ Նա լավ ուսուցիչ էր, որդիներս ֆիզիկական եւ հոգեբանական լավ դաստիարակություն են ստացել նրա ղեկավարած դպրոցում, ինչն էլ օգնել է նրանց, երբ հետագայում զինծառայության են անցել Լեռնային Ղարաբաղում։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Գոռ Վարդանյանն իր մասնագիտությունը, գործունեության ոլորտը, որտեղ իրեն դրսեւորել է բավականին լավ, փոխարինեց Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնով։ Ինչո՞վ էր նա զբաղվում քաղաքապետի խորհրդականի պաշտոնում, ի՞նչ է արել նա որպես խորհրդական։ Իսկ, որպես կարատեի ուսուցիչ, նա հաջողված էր»։