Սերժ Սարգսյանի մասին հարցից հետո պարզվեց՝ «շատ վռազ» էր

Սերժ Սարգսյանի մասին հարցից հետո պարզվեց՝ «շատ վռազ» էր
ՀՀԿ-ի առաջարկած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Նրանց մեջ է եղել նաեւ ասորական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր **Արսեն Միխայլովը**։



Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Սարգսյանն իրենց հետ զրույցում ծանոթացել է ազգային փոքրամասնությունների խնդիրներին եւ դրանց լուծմանը։ «Ինքն ասաց՝ եթե ես որոշեմ լինել նախագահ, սիրով բոլորիդ հետ կհանդիպեմ ձեր օֆիսներում, ձեր համայնքներում»,- ասաց Միխայլովը։



-**Անձամբ Ձեզ ի՞նչ խնդիր էր հուզում, որի մասին հայտնեցիք Արմեն Սարգսյանին**։



-Խնդիրը… հիմնականում մենք քաղաքական խնդիր չունենք, այլ՝ կրթամշակութային խնդիր եւ, իհարկե, նաեւ սոցիալական խնդիրներ, զուտ էթնիկ մշակույթի պահպանման խնդիրներ․ դրանք են մեր խնդիրները…



-**Այսինքն՝ ակնկալում եք, որ Արմեն Սարգսյանը, եթե դառնա նախագահ, հետեւողակա՞ն կլինի այդ խնդիրների լուծման հարցում**։



-Գիտե՞ք ինչ, մենք բավականին երկար ճանապարհ է, որ կարողանում ենք էդ խնդիրները ներկա իշխանության հետ լուծել եւ, որոշ դեպքերում, ահագին գործեր ենք արել մեր կրթամշակութային համակարգում։ Եվ կարծում եմ, որ եթե Արմեն Սարգսյանն ուզենա մեզ հետ ավելի խորը քննարկի եւ ուսումնասիրի մեր խնդիրները, սիրով մենք կներկայացնենք իրեն եւ միասին կփորձենք լուծել։



-**Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է, Դուք կողմ կլինե՞ք նրա թեկնածությանը**։



-Իմ տպավորությունը շատ նորմալ է, եւ, ուսումնասիրելով նրա կենսագրությունը, ես, իհարկե, կողմ կքվեարկեմ իր թեկնածությանը, եթե ինքը համաձայնի առաջադրվել։



-**ՀՀ նախագահից բացի, ապրիլին ընտրելու եք նաեւ նոր վարչապետ։ Ամենայն հավանականությամբ՝ Սերժ Սարգսյանը կառաջադրվի։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրա**ն։



-Ես նորմալ եմ վերաբերվում ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ մյուս բոլոր թեկնածուներին։ Իսկ ով է լինելու վարչապետը, եւ ում թեկնածությունն է լինելու, ժամանակը կգա, բարին էլ՝ հետը։



-**Ընդդիմությունից ու հասարակական սեկտորից մի զգալի հատված, սակայն, դեմ է, որ Սերժ Սարգսյանը շարունակի երկիրը կառավարել նաեւ վարչապետի պաշտոնում։ Կարծում են, որ նրա օրոք երկիրը բազմաթիվ ձախողումներ է գրանցել թե՛ սոցիալ-տնտեսական առումով, թե՛ քաղաքական**։



-Դե, դա արդեն ընդդիմության խնդիրն է երեւի։ Ես չէի ասի, որ տենց ա։



-**Դուք լա՞վ եք ապրել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին**։



-Կարող եմ ասել, որ որոշ հարցեր, որ ես հիշատակեցի՝ կրթամշակութային հարցեր, հենց Սերժ Սարգսյանի օրոք են լուծվել։



-**Բացի ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրներից, սոցիալ-տնտեսական, քաղաքական առումով նկատի ունեմ՝ բազմաթիվ քաղաքական ճնշումներ են եղել նրա օրոք, 100 հազարավոր մարդիկ են արտագաղթել այս տասը տարիներին, մարդիկ նույնիսկ սովից ինքնասպան են լինում, արցախյան հարցում որեւէ դրական տեղաշարժ չունենք, նրա օրոք ապրիլյան պատերազմ եղավ, եւ տվեցինք 100 զոհ ու տարածքի կորուստ, որի տակ կոռուպցիոն պատճառներ են թաքնված եւ այսպես շարունակ**։



-Կներեք, ես շատ վռազ եմ, էդ հարցերին չեմ կարա պատասխանեմ։



-**Մի նախադասությամբ միայն**։



-Ես կարծում եմ, որ դա էդքան էլ ուռճացված չէ, ինչպես Դուք եք ներկայացնում (երեւի ուզում էր ասել՝ ուռճացված է)։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**