Ինչպես հաշտվեցինք

Ինչպես հաշտվեցինք

30 եւ ավելի տարի Արցախ գոչած, Արցախի անկախության համար պայքարած ազգը մի տեսակ շատ հեշտ հաշտվեց այն կորցնելու գաղափարի հետ: Չէ, անշուշտ, անհատական մակարդակով մարդիկ տառապում են, ողբում այս կորուստը, նեւրոզներ ու սրտի տագնապներ ունենում, չեն գտնում իրենց տեղը եւ իրենց ապրած կյանքն անիմաստ են համարում: Բայց սրա հետ միասին` հավաքական առումով, հանրությունն արագ հաշտվեց այս իրողության հետ` համարեց, որ այլ ելք ու ճար չկա: Գտավ, որ մենք բավարար չափով պայքարել ենք` չենք հասել հաջողության եւ պետք է հաշտվենք պարտության մտքի ու Արցախը կորցնելու իրողության հետ: Համարեց, որ Արցախի համար տրված զոհերը «հանուն ոչնչի» էին, ուստի չարժե շարունակել պայքարը եւ նոր զոհեր տալ: Մտածեց, որ հետագա պայքարը կնշանակի սովամահության մատնել 100 հազարից ավելի մարդու, եւ ավելի ճիշտ է նրանց արտագաղթը կազմակերպելն ու մի ամբողջ երկիր, այն էլ` երկիր դրախտավայր, վայրի, արյունարբու ագրեսորին հանձնելը:

Գուցե համարեց, որ եթե 30 տարվա մեջ մենք չենք կարողացել հասնել Արցախի անկախության ճանաչմանը եւ մեր հաղթանակն ամրագրելուն, ուրեմն առաջիկայում էլ դա հնարավոր չի լինելու անել, եւ ճիշտը պարտության հետ հաշտվելն է: Կամ էլ մտածեց, որ 90-ականներին բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակ էր` այն ժամանակ հնարավոր էր պայքարել եւ ապացուցել, որ արցախյան հողը հայկական է, ու հայերը պետք է ազատ ապրեն այդ հողի վրա, հիմա` ոչ: Կամ՝ գիտակցեց, որ նման թուլամորթ իշխանություն ունեցող ժողովուրդն անզոր է պայքարել անկախության համար, նրան միանգամայն արժանի է խեղճուկրակ, մի բուռ հողի վրա ծվարած ապրելը կամ էլ աշխարհե աշխարհ` գաղթականի ցուպը ձեռքին դեգերելը: Դժվար է ասել, թե մեր հասարակությունն ինչպես եկավ հասավ այս օրվան: