Կապանի համայնքապետը բժիշկ, հետն էլ՝ ՀՀԿ-ական տեղակալ ունի

Կապանի համայնքապետը բժիշկ, հետն էլ՝ ՀՀԿ-ական  տեղակալ ունի
ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը դեկտեմբերի 19-ից նշանակվել է համայնքի ղեկավարի տեղակալ: Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը, ինչպես տեղեկանում ենք նրա համապատասխան որոշումից, այդ նշանակումը կատարելիս հաշվի է առնել Ռ. Սարգսյանի անձնական դիմումը: Նշենք, որ Սարգսյանը 2002-2008թթ. ղեկավարել է ՀՀԿ Կապանի տարածքային կազմակերպությունը, եղել է ԿԳՆ «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը: Նա Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից 2017 թ. հունվարին նշանակվել էր «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ԺՊ, մի քանի ամիս անց, սակայն, մարզպետը նրան ազատել էր աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրեն նշանակել Կարեն Մելքոնյանին:



Նշենք, որ «Կապան» ԲԿ-ի նախկին տնօրենը Սմբատ Օրբելյանն էր, որին մարզպետն աշխատանքից ազատեց՝ հիմք ընդունելով իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը: Նա առողջապահության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի հայրն է: Ակնկալվում էր, որ մարզի առողջապահության ոլորտում ընթացող օպտիմալացման համատեքստում Ռ. Սարգսյանի համար մարզպետը մի հարմար պաշտոն կգտնի, սակայն, փաստորեն, պաշտոն չգտնվեց, եւ Սարգսյանը դարձավ խոշորացված Կապան համայնքի ղեկավարի տեղակալ:



Նկատենք, որ Կապանում վերջին ՏԻՄ ընտրություններից առաջ խոսվում էր, թե Սարգսյանը որոշել է առաջադրվել համայնքի ղեկավարի թեկնածու, սակայն, ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով, փոխել է որոշումը՝ ձեռնպահ մնալով Հայրապետյանի համար «կոնկուրենցիա» ստեղծելուց: Գուցե հենց այդ ժամանակ էլ նրա տեղակալ նշանակվելու պայմանավորվածությունն է ձեռք բերվել։