Քաղաքապետերի մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ

Քաղաքապետերի մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ
Հանրապետության համայնքապետարանների պաշտոնական կայքերն ունեն «ԶԼՄ-ները՝ մեր մասին» կամ «Մեդիա» էջեր, որոնցում, ինչպես անունն է հուշում, պետք է տեղադրվեն ԶԼՄ-ներում հրապարակված կամ եթեր գնացած նյութերը՝ տվյալ համայնքապետարանների մասին: Հետեւելով դրանց՝ տպավորություն է ստեղծվում, թե դեռեւս ապրում ենք նախորդ՝ սովետական կարգերում, երբ ՀԿԿ քաղկոմին եւ քաղխորհրդին պատկանող պաշտոնաթերթերը վառ գույներով ու վարդագույն ակնոցով դիտարկում-ներկայացնում էին տվյալ քաղխորհրդի ու նրա նախագահի կատարած լավ-լավ գործերը: Քննադատական նյութերը գրվում էին միայն վերադասի իմացությամբ ու թույլտվությամբ: Փոխվել են ժամանակները, ներկայիս համայնքապետերը չունեն նախորդ հասարակարգի իրենց գործընկերների բախտը եւ ապահովագրված չեն ո՛չ լրագրողներից, ո՛չ լրատվամիջոցներից: Բավական է մի «փոքր» օրինազանցություն, կամ մեկին «մի թեթեւ մուշտի տան», հայաստանյան լրատվամիջոցներն այնպիսի աղմուկ են բարձրացնում, որ քաղաքապետին «խայտառակում են»:



Ո՞վ չգիտի, որ քննադատական հրապարակումներից ոչ մի քաղաքապետ զերծ չի մնացել: Բայց այլ տպավորություն է, երբ բացում ենք համայնքապետարանների պաշտոնական կայքերը, որտեղ խիստ «սովետական» նյութեր են. քաղաքապետն այսինչ պարգեւը շնորհեց այնինչ մարդուն, այսինչը շնորհակալություն հայտնեց ու գովեց քաղաքապետին, կեցցե մեր քաղաքապետը, ծաղկեցրեց մեր քաղաքը, բացվեց այսինչ կենտրոնը եւ այլն։ Լավ, բա մնացածը, գոնե օբյեկտիվության պատրանք ստեղծելու համար կարելի է մեկ-երկու կառուցողական-քննադատական նյութ էլ տեղադրել՝ թեկուզ ձեր հերքում-պատասխանն էլ հետեւից, ինչպես անում է ՊԵԿ-ի պաշտոնական կայքը, որն ունի «Պարզաբանումներ ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ» էջը, որտեղ ներկայացնելով հրապարակման բովանդակությունը՝ միանգամից մեկնաբանում եւ հերքում են այն իրողությունները, որոնց հետ ՊԵԿ-ը համաձայն չէ: Ընթերցողը միանգամից երկկողմանի ինֆորմացիա է ստանում, թե ինչ է հրապարակվել կառույցի մասին, եւ ինչպես է դրան վերաբերվում վերջինս:



Եվ այսպես, սկսենք մայրաքաղաքից: Քանի որ Երեւանի քաղաքապետարանի կայքը բոլորովին այլ կառուցվածք ունի, այն չունի քաղաքապետի մասին ԶԼՄ-ների հրապարակումները ներկայացնելու պարտադիր պահանջ: Կայքը բավարարվել է միայն «Մայրաքաղաք» ծրագրով՝ այն կայքում տեղակայելով: ԶԼՄ-ների հրապարակումները կայքում տեղակայելու պարտադրանքից ազատված են նաեւ Գյումրու եւ Վանաձորի քաղաքապետարանների կայքերը: Բայց, ահա, որոշ քաղաքապետարաններ հայտնվել են անելանելի վիճակում:



Արտաշատի քաղաքապետարանի «ԶԼՄ-ները՝ մեր մասին» էջն ընդհանրապես չի բացվում: Հավանաբար, նորընտիր քաղաքապետի քաղաքական խանդը թույլ չի տալիս իր նախորդի՝ Արգամ Աբրահամյանի մասին հրապարակումները թողնել կայքում, եթե, իհարկե, այդպիսիք եղել են: Արարատի համայնքապետարանի կայքի համապատասխան էջը լիովին դատարկ է։ «Գրանցումների քանակը՝ 0»,- նշված է համապատասխան էջում: Թեեւ հարկ է նշել, որ Արարատի ներկայիս քաղաքապետն ու քաղաքապետարանն առանձնապես չեն էլ հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Ժամանակին, երբ Հովիկ Աբրահամյանի մտերիմ Հակոբ Թովմասյանին հաջորդեց այն ժամանակվա ոստիկանապես Ալիկ Սարգսյանի մտերիմ, նույնպես հանգուցյալ Աբրահամ Բաբայանը, նախկին եւ ներկա քաղաքապետների ու նրանց «վերադասների» միջեւ առկա լարվածության ու հակամարտության «շնորհիվ» Արարատ քաղաքը հաճախ էր հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Բաբայանն իր նախորդի սխալների ու ապօրինությունների մասին շատ էր ուզում իմանալ, իսկ առաջինն իմանում էր շեֆի՝ Ալիկ Սարգսյանի ղեկավարած կառույցը՝ ոստիկանությունը, ապաեւ՝ մամուլը: Թովմասյանն էլ դրանց հակադարձում էր իր փաստարկներով ու դարձյալ ստիպված՝ մամուլով: Ու Արարատ քաղաքի անունը հաճախ էր հայտնվում մամուլի էջերում: Հիմա գործող քաղաքապետը, հավանաբար, ո՛չ ընդդիմախոս ունի, ո՛չ էլ նրա անունն առանձնապես շոշափվում է մամուլով:



Վեդու քաղաքապետարանի կայքը բացելիս պարզվում է, որ Վեդին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվում է մի քանի տարին մի անգամ․ մեկ անգամ՝ 2011-ին, երկրորդ անգամ՝ 2013-ին, վերջին անգամ՝ 2017-ի ապրիլին: Հավանաբար, մեկ էլ 2020-ին Վեդիի անունը կհայտնվի մամուլի ուշադրության կենտրոնում: Այլ իրավիճակ է Ապարանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում. մի քեֆ, մի ուրախություն, զուռնա-դհոլ, Աղվան Գառնիկիչի գլխավորությամբ շուրջպար, խարույկ: Ի՞նչ Ապարան՝ առանց հերթական խաչի տեղադրման՝ Սուրբ խաչ հուշարձանին: Արդեն 21 գյուղական համայնք ընդգրկող Ապարան խոշորացված համայնքի կայքը չի շրջանցում նաեւ համայնքի խնդիրները լուսաբանող հրապարակումները. հեղեղումներ, վնասված տներ, այգիներ: Կայքը չի խուսափել տեղադրել անգամ մի հրապարակում, որն ունի շատ խոսուն վերնագիր՝ «Ապարանի նոր ղեկավարը մաքրում է նախկինի հետքերը»: Կայքում տեղադրված հրապարակումները հղումներ են ամենատարբեր լրատվամիջոցներից: Բայց այստեղ նույնպես չկա համայնքապետին ու նրա ղեկավարին քննադատող որեւէ հրապարակում: Մարտունու քաղաքապետարանի կայքը նույնպես բազմազան է լրատվամիջոցների լուսաբանման առումով, բայց դարձյալ ոչ մի քննադատական հրապարակում:



Լրատվամիջոցների բազմազանության առումով բավականին միօրինակ է Մասիսի քաղաքապետարանի կայքը, տպավորությունն այնպիսին է, թե միայն Slaq.am կայքն է տեսնում քաղաքապետի կատարած աշխատանքները, բնականաբար՝ միայն դրական նշանով: Այստեղ, սակայն, ի տարբերություն Արտաշատի համայնքապետարանի կայքի, չեն «խանդել» երբեմնի քաղաքապետ Դմիտրի Նազարյանին, եւ նրա հետ հարցազրույցը դեռեւս առկա է կայքում: Եթե հեռավոր քաղաքների ղեկավարների բախտը բերել է, եւ նրանց կատարած ոչ բոլոր քննադատելի արարքների մասին են լրագրողներն իմանում ու բարձրաձայնում, ապա Մասիսի նախկին ու ներկա քաղաքապետների բախտը չի բերել. քանի որ Մասիսը գրեթե «կպած է» մայրաքաղաքին, բավական է քաղաքապետը մի հատ «փռշտա»՝ դրա ձայնը լսվում է Երեւանում, ու ամբողջ լրատվական դաշտը խառնվում է իրար: Մինչդեռ կայքում դրանց մասին ոչ մի ձայն…



Գորիսի քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում կա ընդամենը երկու հրապարակում, որոնցից վերջինը՝ 2015 թ․-ին, նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի հարցազրույցը «Պառլամենտ» ամսագրում:



Ի դեպ, կան նաեւ «այսինչ քաղաքապետի ասուլիսը՝ այնինչ ակումբում» հրապարակումներ կամ տեսանյութեր, բայց պարզվում է, որ այդ «ասուլիս» կոչվածները մեկ կամ երկու լրագրողի ներկայությամբ են եղել եւ ավելի շատ հիշեցնում են Տիգրան Կարապետիչի ինքնահարցազրույցները:



**ՀԳ**. Հարկ է նշել, որ համայնքապետարանների կայքերի մեծ մասն աչքի է ընկնում կիսագրագետ, ուղղագրական եւ ոճական սխալներով, ինչից կարելի է կարծիք կազմել նաեւ տվյալ համայնքապետի գրագիտության ու ինտելեկտի մասին: Դրանց կանդրադառնանք առաջիկայում:





**Նաիրա ՎԱՆՅԱՆ**