Իրանի կայունությունը նաև մեր կայունությունն է

Իրանի կայունությունը նաև մեր կայունությունն է
Վրաստանում, Ուկրաինայում, որոշ չափով նաև Մոլդովայում հաջողված գունավոր հեղափոխությունները ոչ մի կերպ արաբական և այլ մահմեդական երկրներ չեն արտահանվում: Պահանջարկ չկա: Ամեն ինչ հստակ է: Սիրիայում ոչինչ չստացվեց, Իրաքում, Եգիպտոսում, Լիբիայում միապետներ գահընկեց արվեցին, սկայն այդ երկրներն այսօր ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է համարել ազատ և ժողովրդավարական երկրներ: Իսկ ի՞նչ է կատարվում Աֆղանստանում և կամ, կարելի՞ է, արդյոք, մահմեդական աշխարհում ժողովրդավարության կղզյակ համարել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և ԱՄՆ մերձավոր դաշնակից Սաուդյան Արաբիան: Արևմտյան ժողովրդավարությունը չի աշխատում այս տարածաշրջանում և բռնի ուժով այն տարածելու որևէ փորձ հանդիպում է կատաղի դիմադրության: Ամերիկյան գերտերությունը կարող է խաղալ մահմեդական զանազան հոսանքների միջև եղած հակասությունների ու հակամարտությունների վրա, սակայն այդ հասարակություններին պարտադրել իր պատկերացրած ժողովրդավարությունը` երբեք: Ամերիկացի զինվորները կարող են տասնյակ տարիներով չհեռանալ Իրաքից կամ Աֆղանստանից, բայց բավական է հեռանան 10 օրով և ամեն ինչ այնտեղ կվերադառնա ի շրջանս յուր: Սա աքսիոմ է, և ԱՄՆ-ում ու ողջ աշխարհում բոլորն են հասկանում դա: Նույն իրավիճակն է նաև Հյուսիսային Կովկասում, որտեղ Ռուսաստանն իր շահերը պաշտպանում է մեծագույն ջանքերի և իր նշանակած «միապետների» շնորհիվ:



Դեկտեմբերի վերջին Իրանում սկսված բողոքի ակցիաները որոշ շրջանակներ շտապեցին գունավոր հեղափոխություն կամ հեղափոխության փորձ որակել, ինչը, մեր կածիքով, սխալ էր շատ առումներով: Նախ` Իրանում գունավոր հեղափոխություն ողջունողները շատ վատ են պատկերացնում, թե ինչ է նշանակում երեքհազարամյա պետականություն ունեցող ազգը, ինքնաբավ տնտեսությամբ և 70 միլիոն բնակչությամբ լայնարձակ երկիրը, մի երկիր, որ ունի հզոր հակաօդային պաշտպանություն, բանակ և նավատորմ, որ ի զորու են ոչ միայն պաշտպանել սեփական սահմանները, այլև հրթիռային ճշգրիտ հարվածներ հասցնել երկրի սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռու: Եթե շատ երկրներ, Աֆղանստանին հարվածներ հասցնելու համար, իրենց օդանավակայանները սիրով տրամադրում էին ԱՄՆ օդուժին, ապա Իրանի պարագայում այդ երկրները կփորձեն ավելի շրջահայաց լինել: Այս ամենը հաշվի չառնելով` նետվել Իրանում գունավոր հեղափոխություն անելու, նշանակում է նետվել դժոխքի կրակների մեջ, ինչին, վստահաբար, պատրաստ չեն ոչ ԱՄՆ-ը, ոչ Եվրոպան և ոչ էլ նույնիսկ որևէ գերբնական ուժ:



ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոն այս օրերին Իրանը որակեց «անցյալին միտված կրոնապետություն»: Եթե կրոնապետության առումով ԱՄՆ թիվ մեկ հետախույզը նույնիսկ ճիշտ է, ապա դժվար է համաձայնել, որ Իրանը հետադիմական և անցյալին միտված պետություն է: Այդ նույն կրոնապետությունն այսօր ամեն ջանք գործադրում է պատժամիջոցներից ազատագրվելու, աշխարհի հետ հարաբերվելու, իր հարստություններն արտահանելու, խաղաղ ատոմի և գիտության զարգացման համար: Եթե Պոմպեոն «անցյալին միտված» ասելով նկատի ունի Իրանցի կանանց հագուկապը և տղամարդկանց հետ իրավահավասարության բացակայությունը, ապա նա առնվազն պարտավոր է մի հայացք նետել այն մահմեդական երկրներին, որոնք, այսպես ասած, ժողովրդավարացվել են ամերիկյան ձևով ու այժմ «միտված են ապագային»:



Նկատենք, որ Իրանում ծայր առած բողոքի ակցիաներին աջակցելու մասին հայտարարեցին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և նրանց մանկլավիկ մի քանի երկրներ միայն: ԵՄ-ն, Ռուսաստանը, Չինաստանը շատ ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերեցին`Իրանի իշխանություններին կոչ անելով խաղաղությամբ կարգավորել խնդիրը: Նույն ԵՄ-ն ավելի վաղ քննադատել էր ԱՄՆ նախագահի որոշումը` վերանայել մեծ դժվարությամբ ձեռք բերված Իրանի միջուկային ծրագրի հետ կապված համաձայնությունները և կասեցնել այդ համաձայնագրով Իրանի դեմ պատժամիջոցների վերացման գործընթացը: Պատճառը, բնականաբար, ԵՄ շահերն են, աշխարհամասի համար Իրանի էներգետիկ ռեսուրսները հասանելի դարձնելու ձգտումը, ճանապարհների բացումը, ինչը նաև կնպաստի ժամանակի հետ Իրանի աստիճանական ժողովրդավարացմանն ու ազատականացմանը: Ի տարբերություն ԵՄ-ի, ԱՄՆ-ը, կարծես, ցանկանում է ամեն ինչ և միանգամից և, կարող ենք չկասկածել, որ վերջին հուզումները, որպես պատրվագ, Վաշինգտոնը դեռ կօգտագործի` Իրանի դեմ պատժամիջոցներն ավելի խստացնելու և երկարաձգելու համար:



Որևէ երկրում կամ տարածաշրջանում ստեղծել խառնակ վիճակ և շահ ստանալ դրանից: ԱՄՆ այս քաղաքականությունն այլևս գաղտնիք չէ ոչ մեկի համար: Իրանի դեպքում ԱՄՆ-ին դա չի հաջողվել իրան-իրաքյան պատերազմից ի վեր: Այդ ընթացքում եղել են հարաբերությունների ջերմացումներ և սրումներ, սակայն ներթափանցել Իրան ԱՄՆ-ին չի հաջողվել: Թույլ տվեք սա էլ վերագրել Իրանի պետական բարդ կառուցվածքին, որի մի շերտը վերահսկում է մյուսին` ստեղծելով հավասարակշռության մեծ ներուժ: Տեսեք, թե ինչ հետաքրքիր բան կատարվեց վերջին ցույցերի հետ կապված: Իրանի իշխանություններն ու քաղաքական շրջանակները հայտարարեցին, որ ցուցարարների պահանջներն արդար են և հետևանք են պատժամիջոցների հետ կապված աննախադեպ թանկացումների: Եթե չլինեին ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի հայտարարություններն այդ ակցիաներին աջակցելու մասին, Իրանը նույնիսկ չէր էլ հայտարարի, որ դրանք կազմակերպվել ու հրահրվել են դրսի ուժերի և, մասնավորապես, ԿՀՎ-ի կողմից: Մենք նույնիսկ չենք կարող բացառել, որ այդ ցույցերը Իրանի իշխանություններն են կազմակերպել` ցույց տալու համար, թե ինչի կարող են հանգեցնել անվերջանալի պատժամիջոցներն ու տնտեսության զարգացման արհեստական զսպումները: Ի վերջո, Իրանի կայունությունը կարևոր է ոչ միայն Իրանի համար, այլև ողջ տարածաշրջանի և էներգակիրների համաշխարհային շուկաների և դրանով հանդերձ գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում:



Իրանի կայունությունը, կարելի է ասել, Իրանից ոչ պակաս անհրաժեշտ է նաև Հայաստանին: կարծում ենք կարիք չկա լրացուցիչ անգամ կարևորել ևս մեկ պատուհանի դերը մի տան համար, որն ընդամենը մեկ դուռ ունի, որ նաև միակ լուսամուտի դեր է կատարում: Բայց, արի ու տես, որ Հայաստանում էլ գտնվեցին տաք գլուխներ, որոնք Իրանում «գունավոր հեղափոխություն անելու գործում» առաջ անցան ԿՀՎ-ից և Սպահանի թեմի առաջնորդի հանդիպումը քաղաքապետի հետ գնահատեցին որպես հայ համայնքի կյանքը միտումնավոր վտանգելու փորձ: Ցավում ենք, իհարկե, բայց պետք է նշենք, որ այդ մասին գրել էր 1in.am-ը`չմոռանալով ընդգծել Դաշնակցության «ակտիվ դերակատարությունն» այդ վտանգավոր խաղում: Երանի թե այս կայքի ղեկավարը նույնքան խելացի լիներ, որքան ցույց է տալիս: Այդ դեպքում նա հաստատ այլ կերպ կմեկնաբաներ իրավիճակը և ավելորդ տխմարություններ չէր գրի այդ հանդիպման և Իրանի հայ համայնքի կյանքում Դաշնակցության դերակատարության մասին:



Ասելիքս կուզենայի ավարտել` մեջբերելով Թեհրանից Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանի` «Արմենպրեսին տված մեկնաբանություններով, որոնք թերևս ուսումնական ձեռնարկի դեր կարող են կատարել մեր վայ «իրանագետների» համար:



«Հասարակության շրջանում առկա դժգոհությունը հիմք ունի, երկրում իրապես սոցիալ-տնտեսական խնդիր կա: Դա առաջացավ նաև Իրանի նկատմամբ անարդարացիորեն տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հետևանքով:



Իրանում բողոքներ վերջին տարիներին միշտ էլ եղել են: Ես ականատես եմ եղել, որ խորհրդարանին հարող փողոցներում, հրապարակներում տարբեր խմբեր տնտեսական, սոցիալական հարցերով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Այս անգամ բողոքի ակցիաներին մի քիչ քաղաքական բնույթ հաղորդվեց, ինչն արտառոց էր: Այժմ բոլորը մտահոգված են, փորձում են առկա հարցերին լուծումներ տալ, որ նման իրավիճակ չկրկնվի:



Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա ասեմ, որ յուրաքանչյուրն ազատ իր տեսակետն է արտահայտում: Տնտեսական հարցերն առնչվում են Իրանի բոլոր քաղաքացիներին, այդ թվում հայերին: Իրանի նկատմամբ գործադրվող այդ նույն տնտեսական պատժամիջոցների արդյունքում զգալիորեն տուժեց Իրանի շատ քաղաքացիների, այդ թվում հայերի փոքր և միջին բիզնեսը:



Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հույս ներշնչեցին, որ պատժամիջոցները կվերացվեն, տնտեսական իրավիճակը կբարելավվի, սակայն տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ոչ միայն չի ցանկանում մեղմացնել, այլ փորձում է ավելացնել պատժամիջոցները»:







**Էդիկ Անդրեասյան**