Ինչու է Ադրբեջանն ուզում բացել Սյունիքի միջանցքը, իսկ Թուրքիան չի բացում հայ-թուրքական սահմանը

Ինչու է Ադրբեջանն ուզում բացել Սյունիքի միջանցքը, իսկ Թուրքիան չի բացում հայ-թուրքական սահմանը

Հուլիսի 1-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քլըչը Վիեննայում պայմանավորվել էին ամենասեղմ ժամկետում բացել սահմանը երրորդ երկրների համար: Այդ պայմանավորվածությունից անցել է գրեթե երկու ամիս, բայց սահմանը բացված չէ եւ առաջիկայում չի էլ բացվի, եթե, իհարկե, Հայաստանը չկատարի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախապայմանը եւ չբացի, այսպես կոչված,  «Զանգեզուրի միջանցքը»: Միայն թե այդ դեպքում հայ-թուրքական սահմանի բացումը կկորցնի տարածաշրջանային որեւէ նշանակություն, Հայաստանի կազմալուծումն աննախադեպ կարագանա, իսկ ճանապարհը կկապի ոչ թե երկու երկրների, այլ կունենա գյուղամիջյան ճանապարհի նշանակություն, որը կկապի սահմանի երկու կողմում գտնվող հայաբնակ եւ թուրքական գյուղերը:

Հայաստանում ընդունված չէ խոսել այն պատճառների մասին, թե ինչու է Թուրքիան սահմանի բացումն անմիջականորեն կապում Ադրբեջանի հետ փաստացի ցամաքային սահման ունենալու հետ: Իրականում, թուրքական նախապայմանը ոչ թե ադրբեջանական քմահաճույքին ենթարկվելու պատրաստակամություն է, այլ սեփական շահերը հետապնդելու եւ ստեղծված իրավիճակից առավելագույնը օգտվելու հնարավորության իրացում: Հայ-թուրքական սահմանի բացման հարցում հիմա ամենաշահագրգիռ կողմերից մեկը Ռուսաստանն է:

Ռուսաստանը, որը Թուրքիային մշտապես համարել է ռազմավարական մրցակից Հարավային Կովկասում, Միջին Ասիայում եւ սեւծովյան ավազանում, հիմա տակտիկական դաշինք է կնքել Թուրքիայի հետ՝ արեւմտյան պատժամիջոցները շրջանցելու համար: Թուրքիան եւս Ռուսաստանին համարում է ռազմավարական մրցակից, բայց կարծում է, որ ստեղծված իրավիճակում կարող է օգտվել Ռուսաստանի դժվարություններից եւ նրան ստիպել որոշակի զիջումների գնալ՝ բավարարելու իր որոշ պահանջներ: Դրանցից մեկը Հայաստանի հաշվին Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ստեղծելու հարցի լուծումն է, որը կարող է իրականանալ, եթե Հայաստանն իր համաձայնությունը տա «Սյունիքի միջանցքը» բացելու հարցում:

Առաջին հայացքից թվում է, թե Ռուսաստանը պետք է ամեն կերպ դեմ լինի «Սյունիքի միջանցքի» բացմանը կամ, ավելի հստակ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային սահմանի ստեղծմանը: Բայց Թուրքիան գտել է Ռուսաստանին համոզելու տարբերակ՝ ցույց տալու, որ նման միջանցքի բացումը շահավետ կլինի նաեւ Ռուսաստանի համար: Ռուսաստանը ցամաքային ճանապարհ չունի Թուրքիայի հետ, եւ հիմա այդ կապն իրականացվում է Վրաստանի միջոցով: Ռուսաստանին պետք է այլընտրանք՝ Թուրքիայի արեւելյան նահանգներ դուրս գալու, այդպիսով նաեւ Իրանի, Իրաքի եւ Սիրիայի հետ ցամաքային ճանապարհ ստեղծելու համար: Թուրքիան եւ Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկում են այդ նույնն անել ոչ թե Վրաստան, Հայաստան, Թուրքիա ճանապարհով, այլ «Սյունիքի միջանցքով»: Եթե Թուրքիան եւ Ադրբեջանն ունենան ընդհանուր սահման, այդ դեպքում ռուսական բեռնատարներն Ադրբեջանի տարածքով կարող են անմիջականորեն կապվել Թուրքիայի հետ: Սա նաեւ էապես կհեշտացնի լոգիստիկան, քանի որ երկու երկրի` Վրաստանի եւ Հայաստանի սահմանը հատելու փոխարեն ռուսական բեռները կհատեն ընդամենը Ադրբեջանի սահմանը եւ առանց ավելորդ խոչընդոտների կհայտնվեն Թուրքիայի տարածքում:

Ռուսաստանի իշխանություններին թվում է, որ «Սյունիքի միջանցքի» բացումն իրենց համար բավական գրավիչ է, քանի որ իրենք կարճ եւ հարմարավետ ճանապարհ են ստանում՝ Արեւելքի շուկաներ դուրս գալու համար: Ճիշտ է՝ այն որոշակի վտանգներ է պարունակում. միջանցքի ստեղծումը հնարավորություն կտա Թուրքիային՝ Ադրբեջանի միջոցով դուրս գալ Միջին Ասիա՝ ավելի ուժեղացնելով իր ազդեցությունը թուրքալեզու պետությունների նկատմամբ, իսկ Ադրբեջանն այդ միջանցքով իր նավթը, գազը եւ էլեկտրաէներգիան անմիջականորեն կհասցնի եվրոպական շուկաներ: Ռուսաստանը հույս ունի, որ այդ միջանցքի վրա իր զորքերի ու Սյունիքում ռազմաբազայի առկայությունը թույլ կտա այն պահել մշտական հսկողության տակ, իսկ անհրաժեշտության դեպքում ընդհանրապես փակել: Մինչդեռ, եթե այդ միջանցքով ձգվեն ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհներ, գազի, նավթի, էլեկտրաէներգիայի տարանցման ենթակառուցվածքներ, ապա այն փակելը հավասարազոր կլինի Թուրքիային եւ Ադրբեջանին պատերազմ հայտարարելուն, ինչին Ռուսաստանը թերեւս ոչ մի պարագայում չի գնա: Թուրքիան կարող է հաշվել, որ ուկրաինական պատերազմից թուլացած ու գերտերության կարգավիճակ ունենալու ամբիցիաներից հրաժարված Ռուսաստանը կարող է ընդհանրապես դուրս գալ Հարավային Կովկասից՝ այն ամբողջովին հանձնելով իր տնօրինմանը:

Դժվար է, ի վերջո, ասել, թե Ռուսաստանն ինչ որոշում կկայացնի: Մեզ համար պետք է պարզ լինի մեկ բան. ինչպես 2010 թվականի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ցյուրիխյան համաձայնագրերն էին Թուրքիայի համար իմիտացիա՝ իր աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար, այնպես էլ հիմա Թուրքիան որեւէ ցանկություն եւ նպատակ չունի՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բացել հայ-թուրքական սահմանը: Եթե սահմանի բացումը պետք է լինի Սյունիքն Ադրբեջանին հանձնելու գնով, ապա դրանից հետո Հայաստանը, որպես պետություն, ընդհանրապես կդադարի գոյություն ունենալուց, եւ թուրքական սահմանի բացումը տեղի կունենա առանց մեր կամքն ու ցանկությունը հաշվի առնելու: Առանց Սյունիքի Հայաստանը կկորցնի որեւէ աշխարհաքաղաքական նշանակություն, շատ արագ կվերածվի թուրքական վիլայեթի, եւ, ինչպես նշեցինք, այդ ճանապարհը կծառայի Արաքսի երկու կողմերում գտնվող թուրքաբնակ եւ հայաբնակ գյուղերի միջեւ որպես գյուղամիջյան հաղորդակցության միջոց:

Ավետիս Բաբաջանյան