Ինչո՞ւ են թանկացնում Հրազդանի մանկապարտեզների վարձավճարները

Ինչո՞ւ են թանկացնում Հրազդանի մանկապարտեզների վարձավճարները
Դեկտեմբերի 15-ին Հրազդանի ավագանու որոշմամբ քաղաքի մանկապարտեզների վարձավճարները 2018թ.-ին սահմանվեց 6000դրամ՝ 4400-ի փոխարեն: Արդեն մի քանի օր է տարբեր մանկապարտեզների ծնողներից ահազանգ ենք ստանում, նրանք խնդրում են հարց բարձրացնել՝ ինչո՞ւ է թանկանում վարձավճարները, երբ շար համայնքներում մանկապարտեզները անվճար են. «Հրազդանի մանկապարտեզները վերանորոգված չեն, կան մանկապարտեզներ, որ շատ վատ վիճակում են գտնվում, փայտե վառարաններով են ջեռուցում, ինչի՞ համար են ուզում վարձը թանկացնել, առանց այն էլ մենք դժվարությամբ ենք վճարում 4400 դրամը: Ասում էին, որ միայն Հրազդանում է վարձավճարները էժան, ահա խնդրեմ: Թող քաղաքապետարանը հիմանվորի ինչի հետ է կապված թանկացումը, եթե սննդի հետ է, ապա միայն Հրազդանում է այն թանկացնում, ոչ գազի փող է վճարում, որ ասես ծախս է անում, ձմռվա 2 ամիսն էլ չեն աշխատում»,- դժգոհում էին ծնողները:



Ի վերջո, Երեւանում եւ մի շարք համայնքներում մանկապարտեզներն անվճար են, ինչո՞վ է Հրազդանում պայմանավորված մանկապարտեզների վարձավճարների թանկացումը: 16 տարվա ընթացքում քանի՞ մանկապարտեզներ եք վերանորոգել, եւ քանի՞ տարի է հարկավոր Ձեզ մնացած մանկապարտեզները վերանորոգելու համար: Մանկապարտեզի վարձավճարների թանկացման հետ կապված աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա՞ն: Այս եւ այլ հարցերի պատասխանները փորձեցինք անձամբ քաղաքապետից ստանալ, սակայն քաղաքապետ Արամ Դանիելյանը սովորույթի համաձայն խուսափեց եւ ասաց, որ հարցերը իր նոր խորհրդական՝ Մարզպետ Գարեգինյանի միջոցով իրեն ուղարկենք: 2 անգամ քաղաքապետարան այցելեցինք, սակայն հարցերի գրավոր պատասխանը չստացանք: Քաղաքապետն այս անգամ էլ ասաց, որ հարցերը էլեկտրոնային տարբերակով ուղարկենք: Հուսանք, որ քաղաքապետի պատասխանը շատ չի ուշանա:



**Նելլի Կարապետյան**