Սա հեղափոխության բացահայտ հրավեր է

Սա հեղափոխության բացահայտ հրավեր է
Տոներից առաջ սպառողական շուկայում արձանագրված կտրուկ գնաճի վերաբերյալ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ոչ ադեկվատ պատասխան է տվել՝ հարուցելով բնակչության վրդովմունքը:



«Թանկացումն աղքատների վրա չի տարածվում, որովհետեւ նրանք գումար չունեն, որ թանկացած միս ու կարագ գնեն»․ մոտավորապես այս միտքն է հնչեցրել ազգընտիրը՝ սլաքն ուղղելով հասարակության աղքատ հատվածի ուղղությամբ:Պատգամավորի ցինիկ պատասխանը զայրույթի ալիք է բարձրացրել նաեւ մտավորականների շրջանում: Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին զարմացրել է հանձնաժողովի նախագահի, մեղմ ասած՝ աննրբանկատ պատասխանը, որով ուղղակիորեն հարվածում է այն ուժին, շնորհիվ որի ինքն ու իր նմանները հայտնվել են օրենսդիր մարմնում:



«Մեր ժողովուրդն իր հավաքական զգացողության մեջ միշտ իմաստուն է եղել եւ կարողացել է ճիշտ լուծումներ գտնել պատմական տարբեր դրվագներում: Ցավոք, այդ միասնականությունն այսօր տրոհված է, եւ հատվածային մտածողությամբ հասարակությունը, իշխանավոր զավակներից մերժված, համբերությամբ զինված շարունակում է իր բաժին զրկանքները կրել»:



Մտավորականն ավելի քան համոզված է, որ ժողովրդի համբերությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում ապազգային գոյանքների համար: «Դրանք, ընդհանրական շահերը շրջանցելով, իրենց եսակոլոլ գոյությունն ամեն ինչից վեր դասելով՝ շարունակում են լլկել անորոշության, տագնապի, մոլորության մեջ հայտնված մեր հայրենակիցներին»,- ասում է բանաստեղծը:



Նրա կարծիքով՝ Հ. Հակոբյանի վերաբերմունքը ծաղր է սեփական ժողովրդի հանդեպ: Ասում է՝ դրա նմաններն այնքան վստահ են իրենց անպատժելիության մեջ, որ չեն էլ փորձում թաքցնել արհամարհանքն ու ծաղրը ժողովրդի նկատմամբ: «Հակոբյանի ցինիկ հայտարարությունը հերթական նվաստացնող հայտն էր. դա Կոմիտասի, Թումանյանի, Անդրանիկի ցեղակիցը չէ՛, մենք նույն ազգից լինել չե՛նք կարող»,- ասում է բանաստեղծն ու զարմանում տխրահռչակ պատգամավորի նույնքան ցինիկ արձագանքից: «Ի՞նչ եմ ասել որ…»: Ոչ պակաս «անկեղծությամբ» գործընկերոջը փորձել է սրբագրել մեկ այլ «դամքաշ» հանրապետական: «Ձեր կերածը կարտոլ չի՞…»,- ասել է Խոսրով Հարությունյանը՝ ամենայն հավանականությամբ, մտքում ցիտելով հայ դասականին․ «Հնձածդ խոտ չի՞…»։



Տեղի ունեցածը ձնագնդի էֆեկտ կարող է ունենալ՝ կարծում է բանաստեղծը: «Սա հեղափոխության բացահայտ հրավեր է, որը ոչ մի լավ բան չի խոստանում»:



 



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**