Այսօր ՄԻԵԴ-ն Ադրբեջանի ու Հայաստանի համար կարեվոր որոշում է կայացնելու

Այսօր ՄԻԵԴ-ն Ադրբեջանի ու Հայաստանի համար կարեվոր որոշում է կայացնելու
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը պետք է որոշում կայացնի, որը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության պատճառով 1992 թվականին իրենց բնակավայրերից տեղահանված եւ ունեցվածքը կորցրած ընտանիքներին: Հայցվոր Սարգսյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ բողոքելով, որ չի կարողանում վերադառնալ եւ վերատիրանալ Շահումյանի շրջանում թողնված իր տանն ու ունեցվածքին, իսկ Չիրագովը եւ 5 այլ փախստականներ նմանատիպ հայցով բողոքել էին, որ չեն կարողանում վերատիրանալ Լաչինի շրջանում թողնված իրենց ունեցվածքին: Վերջին գործը նրանով է առանձնանում եւ դառնում վտանգավոր Հայաստանի համար, որ հայցը ներկայացվել է ոչ թե ընդդեմ Արցախի, այլ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Եվ 2015 թվականի հունիսի 16-ին ընդունած որոշումով ՄԻԵԴ-ը համաձայնել էր, որ հենց Հայաստանն է պատասխանատու տվյալ հայցվորների իրավունքների խախտման համար: 2015-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ՄԻԵԴ նախկին դատավոր, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը դա բացատրում է այսպես. «Համաձայն դատարանի որոշման, Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է արդյունավետ վերահսկողություն երեք հիմնական եղանակով՝ ռազմական աջակցություն, ֆինանսական ու նյութական օգնություն եւ քաղաքական աջակցություն: Այսինքն՝ ԼՂՀ-ն չի կարող գոյատեւել առանց Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցության, որով էլ պայմանավորվում է վերահսկողության արդյունավետությունը»:



**Ղարաբաղյան հակամարտության պատճառով 200 հազար ընտանիք դարձել է փախստական**



2015-ի հունիսին որոշում կայացնելով՝ ՄԻԵԴ-ը չէր որոշել փոխհատուցվող գումարների չափը՝ տվել էր 12 ամիս ժամանակ, որպեսզի կողմերը քննարկեն այդ հարցի կարգավորումը: Քանի որ այս գործերը, ըստ ամենայնի, կդառնան նախադեպային, իսկ Չիրագովն իրեն պատճառած վնասի չափը գնահատում է մի քանի միլիոն եվրո, ուստի հարց առաջացավ, թե առավելագույնը քանի այդպիսի հայց կարող է ներկայացվել Հայաստանի դեմ: 2015-ի հուլիսի 8-ին մենք այդ հարցով դիմեցինք Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին՝ նշելով, որ ադրբեջանցի փախստականները բնակվում են վրանային ավաններում, հետեւաբար՝ նրանց գտնելն ու մոբիլիզացնելը հեշտ է: Մինչդեռ տեղահանված ադրբեջանահայերի մի մասը լքել է Հայաստանը, եւ նրանց գտնելը դժվար կլինի: Հարցրինք նաեւ, թե Ադրբեջանից տեղահանված հայերից քանիսն են մնացել Հայաստանում: Պրն․ Եգանյանը բացատրեց, որ Հայաստանից դուրս գնալիս փախստականներն այդ մասին տեղեկություն տալու պարտականություն չունեն, բայց նաեւ վստահեցրեց. «Մենք հազար գործ ենք ներկայացրել»: Խոսելով տեղահանվածների թվաքանակի մասին՝ նա ասաց. «Բռնություններով, բռնարարքներով, որոնք ուղեկցվել են անգամ մարդկային զոհերով, Հայաստան է բռնագաղթել, դեպորտացվել 92 հազար ընտանիք: Ի տարբերություն դրա, Հայաստանից մեկնել է՝ այդ բառը հատուկ եմ շեշտում, 28 հազար ընտանիք: Դրանից բացի, ղարաբաղամերձ շրջաններից՝ այն յոթ ազատագրված շրջաններից, 505 հազար ադրբեջանցի է բռնագաղթել, ինչը, մոտավորապես, անում է մի 80 հազար ընտանիք: Այսինքն՝ թե՛ Հայաստանից եւ թե՛ այդ շրջաններից տեղաշարժված ադրբեջանցի ընտանիքների թիվը 102-103 հազար է»: Միգրացիոն ծառայության պետը նշեց նաեւ, որ դրանց մի մասը Ռուսաստան է մեկնել: Մյուս կողմից, ըստ Եգանյանի, տեղահանված ադրբեջանահայերն ստիպված էին թողնել 92-93 հազար բնակարան եւ առանձնատուն: «Ըստ էության, Ադրբեջանը կարող էր հայերից խլված բնակարանների հաշվին լուծել խնդիրը եւ այդ տխրահռչակ վրանային ավանների կառուցման ճանապարհով չգնալ: Բայց ի՞նչ տեղի ունեցավ․ հայերից խլված բնակարանները դարձան ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների համար հարստացման հիանալի աղբյուր, եւ իշխանության ներկայացուցչի պաշտոնը որքան բարձր էր, այնքան անգամ շատ նա ձեռք բերեց հայերի թողած բնակարաններ: Եվ դա դարձավ տարբեր տեսակի սպեկուլյատիվ գործարքների առարկա, ինչի մասին հենց ադրբեջանական մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան: Այսինքն՝ ադրբեջանցի փախստականները դարձան ագահության գերի, եւ այդ պատճառով էլ նրանց տեղավորեցին վրանային ավաններում»,- ասաց պրն․ Եգանյանը:



**Արդյո՞ք ՄԻԵԴ-ը որոշել է արագացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը**



Երբ ՄԻԵԴ-ի տրամադրած 12 ամսից հետո նոր որոշում չեղավ, թվաց, թե այս հարցը հետաձգվել է մինչեւ արցախյան հակամարտության վերջնական կարգավորումը: Սակայն՝ ոչ, պարզվեց, որ Եվրադատարանում չեն մոռացել դրա մասին: Եվ շատ զարմանալի է, որ հենց հիմա հիշեցին: Ինչու է զարմանալի՞, որովհետեւ տվյալ պահին որոշվում է ԵԽ-ում Ադրբեջանի անդամակցության առկախման կամ այդ կառույցում մնալ-չմնալու հարցը: Այսինքն, նաեւ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ընդդատության հարցը, քանի որ ՄԻԵԴ-ը ԵԽ մարմիններից է: Հետեւաբար, Եվրադատարանը կարող էր եւս մի որոշ ժամանակով հետաձգել Չիրագովի եւ Սարգսյանի դատական գործերի վերջնական որոշման կայացումը, մինչեւ որ որոշվեր Ադրբեջանի ընդդատության հարցը: Առավել եւս, որ Բաքվի դեմ սկսված ԵԽ դատական վարույթը պետք է իրականացնի հենց ինքը՝ ՄԻԵԴ-ը, այսինքն՝ հենց նա պետք է որոշի Բաքվի ճակատագիրը: Իսկ վերջինը հայտնվել է ամբաստանյալի վիճակում, քանի որ չի կատարել դեռեւս 2014-ի ՄԻԵԴ որոշումը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամադովին բանտից անհապաղ ազատ արձակելու մասին: Եվ հիմա անհասկանալի է, թե ինչ է լինելու: Դա կախված է ՄԻԵԴ-ի այսօրվա որոշումից: Կա՛մ Եվրադատարանում հիշել են հայ եւ ադրբեջանցի փախստականների կիսատ մնացած գործի մասին եւ ցանկանում են ավարտել այն մինչեւ Բաքվի ընդդատության հարցի լուծումը, կա՛մ էլ որոշել են անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության ժամանակ մարդու իրավունքների զանգվածաբար խախտումներին՝ դրանով իսկ ճնշում գործադրելով Ադրբեջանի ղեկավարի վրա, որը, թվում է, շահագրգռված չէ ավարտել հակամարտությունը: Վերջին դեպքում չի բացառվում նույնիսկ, որ ՄԻԵԴ-ն սկսի զանգվածաբար բավարարել փախստականների հայցերը: Ինչի  հետեւանքով հակամարտող երկրները կարող են հեռացվել ԵԽ-ից, եթե չկատարեն ՄԻԵԴ-ի որոշումները՝ տասնյակ հազարավոր տեղահանվածներին փոխհատուցում տալու մասին:



**Դժբախտաբա՞ր, թե՞ բարեբախտաբար**



Ոմանց համար՝ դժբախտաբար, մյուսների համար՝ բարեբախտաբար Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են ոչ թե աշխարհի ծայրամասերում, որտեղ ցեղախմբերը կարող են անպատիժ ձեւով հոշոտել եւ ցեղասպանել միմյանց, եւ քչերը կիմանան այդ մասին ու կմիջամտեն, այլ Եվրոպայի հենց սահմանագծին: Եվ Կովկասում տեղի ունեցած, ունեցող եւ ունենալիք աղետները չեն կարող անտարբեր թողնել եվրոպացիներին: Արեւմուտքի հետաքննչական եւ դատական մեքենաները գործում են դանդաղ, բայց անկասելի: Պատժամիջոցներն սկզբում ծիծաղելի են թվում, հետո դառնում են անտանելի ծանր: Ազգային հերոսներ համարվող հարավսլավացի պետական եւ ռազմական գործիչները չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց կյանքը կարող է ավարտվել դատարանում՝ թույն խմելով: Նույնը կարող է պատահել կովկասցի նրանց գործընկերների հետ, որոնք դարձել են միլիոնատերեր եւ միլիարդատերեր՝ իրենց ժողովուրդների համար կարագն ու միսը դարձնելով շքեղության առարկա, իսկ պանդխտությունն ու տարագրությունը՝ անխուսափելի ճակատագիր: Չի բացառվում, որ ՄԻԵԴ-ի՝ ղարաբաղյան հակամարտության ժամանակ մարդու իրավունքների զանգվածային խախտումներին անդրադառնալն ունենա շարունակություն, եւ Արեւմուտքն սկսի հետաքննել ու հայտնաբերել միջնադարյան մտածողություն ունեցող այն անձանց, որոնց գործողությունների հետեւանքով 200 հազար ընտանիք է կործանվել, տեղի են ունեցել բազմաթիվ աղետներ ու ողբերգություններ:



Արեւմուտքը հետեւում է՝ եթե դրամաշնորհների ձեւով տրվող քաղցրաբլիթները չօգնեն, կարող են կիրառել պատժամիջոցների «մտրակները»: Իրենք իրենց անպարտելի եւ հավերժ առաջնորդ համարողները, իրենց իշխանությունն ու ստեղծած կարգերն ու բարքերն անսասան պատկերացնողները պետք է զգույշ լինեն եւ աչքի առաջ ունենան Սադամ Հուսեյնի, Քադաֆիի եւ այլոց ճակատագրերը: Այնպես որ՝ հակամարտող կողմերին առնվազն դժվար կլինի անվերջ ձգձգել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները՝ միաժամանակ մնալով եվրոպական կառույցներում:



 



**Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ**