Երուսաղեմի ճանաչումը ցույց է տալիս Թրամփի վրա իր շրջապատի ունեցած ազդեցությունը

Երուսաղեմի ճանաչումը ցույց է տալիս Թրամփի վրա իր շրջապատի ունեցած ազդեցությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը` Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելու եւ այդ երկրում ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, այլ բան չէ, քան` նախ իր նախընտրական խոստումներից մեկը կատարելու ցանկությունը եւ ապա նաեւ` անմիջական շրջապատի` նրա վրա ունեցած ազդեցության: Այս մասին հայտնում է NBC-ն: Ըստ հեռուստակայանի ունեցած տվյալների, Թրամփի` այս հարցի հանդեպ ունեցած դիրքորոշման վրա հատկապես նկատելի է փոխնախագահ Մայքլ Փենսի եւ հանրապետական կուսակցության ֆինանսավորողներից մեկի` միլիարդատեր Շելդոն Ադելսոնի ազդեցությունը: NBC-ն հաղորդում է, որ Ադելսոնը բազմիցս է բարձրացրել Երուսաղեմի կարգավիճակի հարցը Սպիտակ տան ղեկավարների հետ գրեթե ամեն հանդիպման ժամանակ: Նշվում է նաեւ, որ Թրամփի վրա ազդել են նաեւ Սպիտակ տան խորհրդականներից Սթիվեն Բենոնն ու նախկին իրավաբան Դավիդ Ֆրիդմանը, ով ներկայումս հանդիսանում է Իսրայելում ԱՄՆ դեսպանը: