Ոչ մի բան դոգմա չէ, օրենքն ընդունվել է, բայց եթե գտնենք լավ ելքեր, փոփոխության կենթարկենք

Ոչ մի բան դոգմա չէ, օրենքն ընդունվել է, բայց եթե գտնենք լավ ելքեր, փոփոխության կենթարկենք
Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողների հետ «կլոր-սեղան» քննարկման մասնակից ԱԺ պատգամավոր **Ֆելիքս Ցոլակյանի** որդին նույնպես ժամանակին օգտվել է տարկետման իրավունքից եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Սակայն դա չի խանգարում ՀՀԿ խմբակցության պատգամավորին, որպեսզի ուսանողությանը համոզի, որ ակադեմիական տարկետման վերացումն անհրաժեշտ է։ Այն, ինչպես Ցոլակյանն է ասում, արդարության եւ հավասարության հաստատման նպատակով է արվում, որպեսզի 0.25 բալ ավել հավաքած ուսանողը չկարողանա խուսափել բանակից, իսկ բացառիկ ունակություններով երիտասարդներն անպայման կստանան տարկետման իրավունք։ «Կլոր սեղանի» ավարտից հետո հարցեր ուղղեցինք պարոն Ցոլակյանին։



**- Դուք չէի՞ք կաշկանդվում, որ ուսանողներին հորդորում էիք, որ անպայման բոլորը պետք է ծառայեն, ու վերացվի ակադեմիական տարկետումը, մինչդեռ Ձեր որդին չի ծառայել։**



- Ուրեմն ասեմ պարզ՝ տղաս ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, պաշտպանել է թեկնածուական թեզ ու գնացել՝ համալսարանում աշխատել է՝ շատ նորմալ, օրինական ճանապարհով։ Մի քանի տարի աշխատելուց հետո դուրս է եկել այնտեղից․ սրանով սահմանափակենք այդ թեման։



**- Հիմա գիտությամբ չի՞ զբաղվում, չի՞ աշխատում։**



- Որտե՞ղ աշխատի, աշխատանք կա՞, որ աշխատի։



**- Հիմիկվա ուսանողությունն էլ է ուզում, որ թողնեք սովորեն, գիտությամբ զբաղվեն։**



- Թող անեն, ինչի՞ մասին է խոսքը։



**- Տարկետումը վերացնում եք։**



- Այն ժամանակ խաղաղ պայմաններ էին, ոչ մի պրոբլեմ չկար, իսկ այսօր Ղարաբաղում ահագին խնդիրներ ունենք, զոհեր են լինում, իսկ 2000-ականներին չկար այդ խնդիրը, որ մենք մտածեինք՝ չէ, դու պիտի գնաս, թեկուզ գալոչկայի համար, եւ այլն… Շատ շատերն էդպես արել են, ես չեմ արել։



**- Ուզում եք ասել, որ հիմա Ղարաբաղում վտա՞նգ կա, բայց չէ՞ որ, իշխանության պնդումների համաձայն, այս օրենքը հավասարության եւ այլնի համար է։**



- Վիճակը միշտ էլ վտանգավոր է։ Այո, հիմքը դրել են այնպես, որ հավասարության մեխանիզմներ ստեղծվեն, որն իսկապես կարեւոր բան է։ Որովհետեւ մենք գիտենք, որ 100 երեխուց ընդամենը տասն է գիտությամբ զբաղվել։



**- Պարոն Ցոլակյան, լավ, ի՞նչ կարող եք ասել, ուսանողների ո՞ր առաջարկը կընդունվի եւ ինչպե՞ս։**



- Ինձ թվում է՝ առաջին առաջարկն ընդունելի է, բայց պետք է քննարկել, դա ոտքի վրա չենք կարող ասել՝ միանշանակ, ընդունելի է։ Պետք է մասնագետներ նստեն, կարող է այնպիսի բաներ կան, որ ասեն՝ չէ, չի կարելի։



**- Չե՞ք կարծում, որ Ձեր ասած հավասարության հարցի լուծումն ավելի հեշտ է, քան իշխանությունն է առաջարկում։ Օրինակ՝ Գիտպետկոմին կամ համալսարանին տալիս ես համապատասխան վերահսկողական լծակներ, որ ասպիրանտուրա ընդունված երիտասարդի գիտական աշխատությունները վերահսկի՝ եթե մարդը գիտությամբ չի զբաղվում, զորակոչեն բանակ, եթե զբաղվում է, թող շարունակի, որպեսզի չասեն, թե սա հարված է գիտությանը։**



- Ես շատ ավելի ուրիշ բաներ եմ ասել այս օրենքի նախնական քննարկումների ժամանակ, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնեմ… լավ, ես ավելի ուրիշ բան կասեի, էդ հանձնաժողովի նիստի ժամանակ ես կասեմ հետեւյալը, որ ասպիրանտուրա ընդունվելու մեխանիզմը փոխեք, որպեսզի ասպիրանտուրայի ընդունելության հանձնաժողովի կազմում ոչ միայն տվյալ բուհի դասախոսներ լինեն, այլեւ դրսից մասնագետներ հրավիրեն․ արդարությունը նաեւ հենց այստեղից է սկսվում։

Իսկ այս օրենքի համար ի սկզբանե ասվեց, որ հավասարության, արդարության մեխանիզմների հաստատման համար է արվում, ու, տեսեք, ասում են՝ բժշկական ծառայության հարցը փակում ենք, նույն կամիսիաները, որ կան, էլ չեն լինելու։



**- Բայց դեռ չի ամրագրվել դա որեւէ ձեւով։**



- Կլինի, առաջիկա զորակոչին արդեն կլինի։ Բժշկական ստուգումները կանեն պոլիկլինիկաները, դրանից հետո նոր մի հատ գեներալնի կամիսիան կնայի ու վերջ։



**- Իսկ ի՞նչ երաշխիք, որ պոլիկլինիկաները միջոց չեն դառնա ծառայությունից խուսափելու համար։**



- Չեն անի, կվախենան, ես գիտեմ ինչ եմ ասում ու վստահեցնում եմ՝ չեն անի։ Հիմա սպորտսմենների հարցն էլ է, չէ՞, կարգավորվում։ Ասում են՝ ախպեր ջան, դու գնա, ցուցանիշ ցույց տուր, Եվրոպայի առաջնությունում տեղ բռնեցիր, քեզ տարկետում եմ տալիս, եթե ցուցանիշներդ բարելավեցիր, էլի կտամ, բայց եթե դու բան չես անում, քեզ տանում եմ բանակ։



**- Ասենք, Հայաստանում կա մի լաբորատորիա, որն աշխատում է միջազգային կազմակերպության հետ, ենթադրենք՝ այդ լաբորատորիան վեց անդամից է բաղկացած, չորսին տանում են բանակ, ուրեմն պետք է փակվի՞։**



- Այո, քննարկման ժամանակ այդ հարցը դրվեց, կրթության նախարարն ասաց, որ պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել եւ դրանց բացառությունների շարքում ներառել։ Եվ հետո՝ ոչ մի բան դոգմա չէ, օրենքն ընդունվել է, բայց եթե գտնենք լավ ելքեր, կարող ենք փոփոխության ենթարկել։ Քանի օրենք ենք ընդունել, որ վեց ամիս հետո նորից փոխել ենք։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**