ՀՀԿ-ի հաղթանակը Վիգեն Սարգսյանի նկատմամբ

ՀՀԿ-ի հաղթանակը Վիգեն Սարգսյանի նկատմամբ
Ազգային ժողովում երեկ բուռն քննարկում անցավ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի աղմկահարույց նախագիծը, որը ներկայացրել են Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Աղվան Վարդանյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է օրենքի գործողության ժամկետը երկարաձգել եւ հնարավորություն տալ 27 տարին լրացած, պարտադիր զիծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից: Փոփոխված նախագծի համաձայն՝ նախատեսված վճարը 1 միլիոն 800 հազար դրամից դառնում է 3 մլն․ 600 հազար: Իսկ օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ․ աշնանային զորակոչից մինչեւ 2017 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը՝ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչվածներին կամ զորակոչից խուսափածներին: Օրենքը գործելու է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, եւ չի բացառվում, որ ժամկետը լրանալուց հետո կրկին երկարաձգեն այդ ժամկետը։





Բանն այն է, որ պաշտպանության նախարարությունը, ի դեմս նախարար Վիգեն Սարգսյանի, դեմ էր այս փոփոխությանը եւ ասում էր, որ պետք չէ այլեւս ժամկետ երկարաձգել, թող բոլորը գան եւ ծառայեն։ Սակայն, հանդիպելով պատգամավորների համառ դիմադրությանը, ՊՆ-ն հանդես եկավ առաջարկով՝ ամեն զորակոչի համար սահմանել 500 հազար դրամ վճար, այսինքն՝ 9 մլն․ դրամ՝ բոլոր զորակոչերը միասին, որը կլիներ զսպող մեխանիզմ, եւ արտերկրում գտնվող ու զինծառայությունից խուսափած երիտասարդները, այդ գումարի հանգամանքը հաշվի առնելով, ժամանակին կգան եւ պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն, ինչը եւս մերժվեց՝ այն հիմնավորմամբ, որ պետք չէ դուռը փակել մեր հայրենակիցների առաջ, երբ երկրում կա նաեւ դեմոգրաֆիկ խնդիր։ Բանն այն է, որ մի կողմից Վիգեն Սարգսյանը կաշվից դուրս է գալիս՝ կյանքի կոչելու իր հիմնական գաղափարը, այն է՝ բոլորը պետք է ծառայեն, իսկ ակադեմիական տարկետման իրավունքի վերացումն էլ սոցիալական արդարության հաստատման նպատակով է, սակայն, մյուս կողմից՝ կուսակից ընկերները հնարավորություն են տալիս դասալիքներին վերադառնալ, վճարել ինչ-որ գումար եւ ազատվել զինվորական ծառայությունից։ Իսկ որ այս օրենքը ծառայությունից խուսափելու մի միջոց է, երեկ քննարկման ընթացքում փաստում էին նաեւ իշխանության ներկայացուցիչներից շատերը։



Օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավոր **Ռուստամ Մախմուդյանն **իր ելույթում ասաց, որ նախագծով ամենեւին էլ չի խրախուսվում ներգաղթը, եւ օրենքի այս հնարավորությունից օգտվում են հիմնականում մարդիկ, որոնք միտումնավոր խուսափել են պարտադիր ծառայությունից։ ՀՅԴ-ական **Ռոմիկ Մանուկյանը** եւս համակարծիք է․ «Նպատակն է՝ հնարավորություն տալ երիտասարդներին վերադառնալ հայրենիք: Մյուս կողմից՝ այս օրենքով նպաստում ես որոշակի ձեւով դասալքությանը: Մեր շատ հայրենակիցներ, շատ պարտաճանաչ ծնողներ, որոնք սոցիալական խնդիրների պատճառով հայտնվել են Սփյուռքում, իրենց երեխաների 18 տարին լրանալուց հետո ուղարկել են, այստեղ ծառայել են, նորից հետ են գնացել: Այնպես չէ, որ միայն սոցիալական խնդիրն է եղել: Ես ինձ մտերիմներ գիտեմ, ում ծնողներն արտերկրում են, գնացել են, իրենց պարտքը կատարել են հայրենիքի հանդեպ: Մենք բանակի հանդեպ քարոզչության խնդիր ունենք»: Ռոմիկ Մանուկյանն ասաց, որ գումարի չափը մեծացնելով՝ չեն պատժում, այլ խստացնում են, որ բանակից խուսափողները հասկանան։ Նա սխալ է համարում նախագծի հեղինակների մոտեցումը, որոնց մեջ, ի դեպ, նաեւ դաշնակցական կա։ Մինչդեռ Արտակ Զաքարյանն էլ առաջարկեց վճարի չափը նույնը թողել, եթե խնդիրը քաղաքացիների վերադարձն է։





«Հազարավոր քաղաքացիների նկատմամբ կա քրեական հետապնդում՝ այն հիմքով, որ կցագրվել են՝ բանակում ծառայելու, բայց չեն ներկայացել զինվորական ծառայության»,- ասաց պաշտպանության փոխնախարարը: Նա կարծում է, որ այս օրենքի հետ կապված 2 խնդիր կար․ առաջինը, որ դա զսպող հանգամանք ունենար, իսկ դրա լավագույն ձեւը ֆինանսական պատասխանատվություն սահմանելն էր։ Երկրորդը, որ մենք մեր քաղաքացիներին այս օրենքով ազնիվ ասենք՝ «հարգելիներս, 10-րդ, 11-րդ անգամ ՀՀ-ն չի պատրաստվում այս կարուսելն անընդհատ պտտել եւ ամեն անգամ բացատրություն գտնել այն քաղաքացիների առաջ, որոնք ծառայում են, թե ինչու ունենք քաղաքացիներ, որոնք չեն ծառայում»: Պատգամավորներն Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցին, թե կոնկրետ քանի երիտասարդ կա, որոնց 27 տարին լրացել է, եւ չեն կարողանում գալ Հայաստան, քանի որ բանակում չեն ծառայել: Փոխնախարարը խոստացավ մասնավոր զրույցում ասել այդ թիվը։





Ի դեպ, օրենքն արդեն երկարաձգվել է 8 անգամ․ «Մենք ոչ թե մտածում ենք բյուջեն լցնել, այլ մտածում ենք այդ մարդկանց համար պայմաններ ստեղծել: Եթե մարդիկ ուզում են հետ վերադառնալ, օրենքով նախատեսված այս գումարները պետք է վճարեն»։ Օրենքի հեղինակներից **Կարինե Աճեմյանին** հարցրինք՝ արդյոք այս նախագիծը չի՞ հակասում Վիգեն Սարգսյանի հռչակած «բոլորը պետք է ծառայեն» գաղափարախոսությանը։ Պատգամավորը բացասական պատասխան տվեց, ասաց, որ չի կարելի մեր հայրենակիցներին զրկել հայրենիք վերադառնալու ցանկությունից, մյուս կողմից՝ վճարվող գումարը կրկնապատկելու փաստը նրանց կդրդի, որ շուտ վերադառնան եւ ծառայեն։ Օրինագիծը քվեարկությամբ կընդունվի այսօր։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**