«Քոսոտ» երկրի հոգեւոր արժեքները չի կարելի վաճառել

«Քոսոտ» երկրի հոգեւոր արժեքները չի կարելի վաճառել
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ **Ռադիկ Մարտիրոսյանը** երեկ կառավարության նիստից հետո զրույց ունեցավ լրագրողների հետ։ Նրան լրագրողները հազվադեպ են մոտենում եւ հարց ուղղում։ Բայց երբեմն նրա պատասխանները բում են առաջացնում, օրինակ՝ այն ժամանակ, երբ Հայաստանն անվանեց «քոսոտ երկիր»։ Իսկ երեկ նրան խնդրեցինք մեկնաբանել ուսանողների ակցիաներն ընդդեմ տարկետման իրավունքի վերացման։ ԳԱԱ նախագահը նախ դժվարացավ ասել՝ հնարավո՞ր է համատեղել գիտությունն ու ծառայությունը, կամ ծառայությունից հետո կարո՞ղ են գալ եւ գիտությամբ զբաղվել։ «Դժվարանում եմ ասել, դա անձից է կախված, ամեն մարդ ունի ընդունակություններ, ունի հակումներ։ Եթե դրանք բավարարված են, կարող է»,- ասաց նա։



Մարտիրոսյանը դեմ չէ ՊՆ-ի առաջարկած նախագծին, ավելին՝ կողմ է, որ բոլորը պարտադիր ծառայեն։ «Բայց նայած թե երբ,-ասաց նա։- Ես կարծում եմ, որ մենք դժվարություն կունենանք առաջին չորս տարին։ Չորս տարի հետո այդ ցիկլը որ կրկնվի, արդեն բոլորս դրան կհարմարվենք։ 4 տարի անց բակալավրն ավարտելուց ու բանակում ծառայելուց հետո կարող է ուսումը շարունակել, չէ՞։ Այ, էդ ցիկլը՝ երեք-չորս տարին որ գնաց, հետո վերադարձան, արդեն ամեն տարի մենք կունենանք համալրում։ Ուրիշ բան է, որ բանակից հետո բոլորը չեն, որ մինչեւ բանակը լավ սովորող էր, բանակից հետո կարողանում են նորից դրսեւորեն իրենց լավ։ Բայց նրանք, որոնք որ ըստ էության ճիշտ կողմնորոշված են, որ պիտի գիտությամբ զբաղվեն, նրանց համար այդքան էլ մեծ խնդիր չէ»։



Մենք փորձեցինք նրբորեն դիպչել նաեւ Ռադիկ Մարտիրոսյանի սրտի նուրբ լարերին՝ նրան հիշեցնելով դրախտավայր երկիր Նաիրիի «քոսոտ» լինելու մասին հայտարարությունը։ Պարոն Մարտիրոսյան, Հայաստանի նման երկրին, որը Ձեր ձեւակերպմամբ «քոսոտ է», պե՞տք է արդյոք գիտություն։ Մեր հարցից Մարտիրոսյանը դույզն-ինչ նեղսրտեց․ «Այդ հարցին չեմ պատասխանում»։ ԳԱԱ նախագահն անդրադարձավ նաեւ ԳԱԱ շենքը վաճառելու վերաբերյալ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի այն հայտարարությանը, թե ԳԱԱ շենքը կարող է հանվել վաճառքի, տեղն էլ հյուրանոց կառուցվել։



«Դուք ինչի՞ եք ինձ ասում, ասել է մի մարդ ինչ-որ, անընդհատ ինձ էլ դիմում եք, թե… ես էդ մարդուն չեմ էլ ճանաչում, որն ասել է, թե շենքը վաճառում ենք։ Բայց ես ասել եմ ու իմ ասածին հավատարիմ եմ՝ մի ժողովուրդ, որն սկսի իր հոգեւոր արժեքները վաճառել, ուրեմն նա վերջացած է»,-եզրակացրեց ԳԱԱ նախագահը։ Փաստորեն, «քոսոտ երկրի» հոգեւոր արժեքները պահպանելը շատ կարեւոր է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**