Երթևեկության կարգավորման համար անենք գոնե այն, ինչ կարող ենք

Երթևեկության կարգավորման համար անենք գոնե այն, ինչ կարող ենք

Հունիսի 11-ին Ոստիկանությունը (ըստ որոշ աղբյուրների` Պետավտոտեսչությունը) Երևանի Հանրապետության հրապարակում երթևեկության նորամուծություն կատարեց` շարժման առավելություն տալով շրջանաձև երթևեկության մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին` իր այդ որոշումը մեկնաբանելով հրապարակը արագ բեռնաթափելու ազնիվ մղումներով:



Ճիշտն ասած` ես միշտ կասկածել եմ, թե մեր ոստիկանությունը ազնիվ մղումներով որևէ բան կարող է անել:



Քանիցս առիթ եմ ունեցել գրելու, որ հրապարակը վերածում են բիզնես կենտրոնի: Այսօր հրապարակում անձեռնմխելի են մնացել կենտրոնի գորգը և շատրվանների մի փոքրիկ հատվածը: Մնացածը կամ վաճառված է, կամ վերածվել է կառավարության տան ավտոկանգառի, կամ տրվել է զբոսաշրջային տուրեր կազմակերպող ձեռներեցների: Հանրապետության հրապարակը դարձել է նաև Թեհրան-Երևան ավտոբուսների վերջին կանգառ, որտեղ իրենց բիզնեսն են ծաղկեցնում հարևան երկրից ժամանող զբոսաշրջիկներին կացարան, սնունդ, զվարճություններ և այլ տեսակի ծառայություններ առաջարկող անկապ կազմակերպությունները: Շատրվանների առջևի հրապարակը, որտեղ իրենց ավտոմեքենաներն էին կայանում զովանալու նպատակով շատրվանների մոտ եկող երևանցիները, վաղուց է, ինչ վերածվել է «բրոնյա» արած ավտոկանգառի, որտեղ ամեն ոք չէ, որ կարող է մուտք ունենալ: Գաղտնիք չէ, նաև, որ Արտգործնախարարությունը հրապարակից հանեցին դարձյալ բիզնես նպատակով: Վաղը, մյուս օրը, երբ ԱԳՆ նախկին շենքը դառնա հյուրանոց կամ այլ զվարճանքի վայր, իր հայտն է ներկայացնելու հրապարակից ևս մի հատված կորզելու` «փարքինգի», իսկ մայթի վրա ճոխ սրճարան հիմնելու համար:



Ահա և մեր Ոստիկանության բարի նպատակը` Հանրապետության հրապարակը բեռնաթափել երևանցիներից: Իսկապես, ինչի՞ նման է, երբ «Մարիոթում» հանգրվանած նրբաճաշակ արտասահմանցիները մայթի սրճարանում կոկտեյլ են վայելում, իսկ ես ղեկի մոտ դիմահարդարվող գեղեցկուհուն սիգնալ եմ տալիս, որ մի պահ թողնի այդ զբաղմունքն ու քշի:



Արտասահմանում ավտոմեքենա վարած «մասնագետները» տեսակետներ են հայտնում, թե մեր պետավտոտեսչությունը ընդօրինակել է արևմտյան առաջավոր փորձը և առավելություն է տվել շրջանի մեջ եղած տրանսպորտային հոսքին, ինչը գովելի է: Ես էլ եմ ասում` գովելի է, բայց արևմտյան փորձում շատ այլ գովելի բաներ կան, որ մեր Ոստիկանությունը չի ընդօրինակել և չի էլ պատրաստվում ընդօրինակել:



Մենք փող չունենք, որ Երևանում երթևեկությունը դարձնենք երկհարկանի ու բեռնաթափենք հանգույցները, ինչպես դա արեցինք Կասյան-Բաղրամյան-Կիևյան-Սարյան փողոցների հատման վայրում: Մյուս կողմից էլ` հրապարակում էստակադա չես կառուցի: Սակայն հրապարակում առաջացող կուտակումների պատճառները հասկանալու համար արտասահմանյան փորձը ներդնել և տեսնել թե ինչ կլինի, կարծում եմ` չարժեր: Բավական է միայն մի հայացք ձգել հրապարակից դուրս եկող հոսքերի առջև գոյացող խոչընդոտներին, և փորձել նախ` դրանք վերացնել: Այդ արտասահմաններում մենք էլ ենք եղել և, պատկերացրեք, չենք տեսել, որ հրապարակից դուրս եկող տրանսպորտային հոսքը «լռվի», որովհետև նրա ճանապարհին սուպերմարկետ կա, որը նորմալ կայանատեղի չունի և որի առջև լեռնաչափ «ջիպերը» կանգնում են որ շարքի վրա պատահի: Մեր հրապարակից Տիգրան Մեծի պողոտայով դուրս եկող հոսքը, գաղտնիք չէ, լիարժեք չի շարժվում «Երևան սիթիի» պատճառով: Խոչընդոտի պակաս չկա նաև հրապարակից Վազգեն Սարգսյան փողոցով դուրս եկող հոսքի համար: Դատախազության, ինչպես նաև վերջերս այնտեղ տեղափոխված նախարարությունների մեր «գործընկերները», հասկանում ես, Վազգեն Սարգսյան փողոցը վերածել են մեկ սայլի ճանապարհի` իրենց երկաթյա նժույգները ողջ օրը թողնելով աջ ու ձախ մայթերին: Հրապարակից դուրս եկող հոսքերը ինտենսիվ չեն շարժվում նաև Ամիրյան և Նալբանդյան փողոցներով, որովհետև հանդիպում են մի քանի քայլի վրա տեղադրված լուսացույցների կամ հետիոտնային անցումների: Ազնիվ մղումներով շարժման առավելություն տալով կարճ տարածությունների վրա խոչընդոտներ ունեցող հոսքին, փաստորեն, չի փրկում իրավիճակը, եթե չասենք` ավելի է ծանրացնում այն:



Ինչ եմ առաջարկում: Վերականգնել նախկին երթևեկությունը, բայց նախ` Աբովյան փողոցից հրապարակ ելքի վրա լուսացույց տեղադրել, ինչպես Տիգրան Մեծի, Ամիրյան և Նալբանդյան փողոցների դեպքում է դա արվել, և արգելել  շատրվանների մոտ հետիոտնային անցման վրա բիզնես դրած տրանսպորտային ընկերության գործունեությունը: Դա կնպաստի, որ Աբովյան փողոցից եկող հոսքը հրապարակ մտնի կանոնավոր և դեպի Ամիրյան շարժվող մեքենաները հնարավորություն ունենան ազատելու հրապարակը: Այնուհետև պետք է մտածել խոչընդոտների վերացման ուղղությամբ: Օրինակ` հերթապահություն սահմանել «Երևան սիթիի» և դատախազության մոտ: Հրապարակի բեռնաթափման համար Կարևոր է նաև Խորենացու փողոցի Ոսկու շուկայի հատվածը: Այդ փողոցով դեպի Մաշտոցի պողոտա և հակառակ ուղղությամբ երթևեկող հոսքերը շրջանցում են Հանրապետության հրապարկը, ինչը չի կարելի անտեսել:



Եվ վերջում` երկու խոսք հարցի գեղագիտական կողմի մասին: Աշխարհի ոչ մի երկրում տեսարժան վայրը տեղաբնակների և զբոսաշրջիկների աչքից չեն թաքցնում երկհարկանի ավտոբուսների պատով: Հանրապետության հրապարակի շատրվանները, կարծում եմ, այնքան էլ տգեղ չեն, որ մենք դրանց շուրջ խաթարենք մեր քաղաքացիների և հյուրերի զբոսանքները:



Էդիկ Անդրեասյան