Հանրապետության Առաջին հիմնադրի արձանը կտեղադրվի Հանրապետության հարապարակում

Հանրապետության Առաջին հիմնադրի արձանը կտեղադրվի Հանրապետության հարապարակում

2018 թ-ին, Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակում, Հանրապետության հրապարակում (Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում) կտեղադրվի Առաջին հանրապետության հիմնադիր, հայ ազգային-ազատագրական պայքարի, հասարակական-քաղաքական, ռազմական, ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Նման որոշումն օրեր առաջ կայացրել է Երեւանի քաղաքապետարանը եւ հայտարարել մրցույթ, որի վերջնաժամկետը մինչեւ օգոստոսի 10-ն է։



Համաձայն մրցույթի պայմանների հուշաձանը պետք է մարմնավորի «հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը»: Մրցույթի հաղթողն իրավունք կստանա իրականացնել Արամ Մանուկյանի հուշարձանը, իսկ երկրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կպարգևատրվի 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Երրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը)՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:



Դեռ 2009թ-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դիմել էր Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվան Զախարյանին, առաջարկելով Արամ Մանուկայնի արձանը կանգնացնել Հանրապետության հրապարակում, որին ընթացք չտրվեց։ Դրանից հետո՝ մի քանի տարի առաջ Դաշնակցությունն առաջարկել էր Արամ Մանուկյանի արձանը տեղադրել Արամի փողոցի վրա գտնվող իր իսկ տան բակում, բայց քանի որ տունը գտնվում է անմխիթար վիճակում եւ պետք է ընդգրկվի Հին Երեւան նախագծի մեջ, ապա արձանի տեղադրման հարցը կրկին օրակարգից դուրս էր մնացել։